ՀԻՄԱ ԷԼ ԱՆՑԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իշխանությունները պատրաստվում են սահմանադրական փոփոխությունների: Ճիշտ է, առայժմ նրանք բացահայտ չեն հայտարարել այս մտադրության մասին, սակայն սկսել են կամաց-կամաց հասարակությանը նախապատրաստել այդ գործընթացին ու պարբերաբար այդ մասին որոշակի ակնարկներ են անում: Ամենահարմար առիթը, թերեւս, հուլիսի 5-ն էր՝ Սահմանադրության ընդունման օրը: Նախ՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ իր խորին համոզմամբ՝ Սահմանադրությունը ենթակա է փոփոխման, միայն թե շատ լուրջ վերլուծություններից հետո: Բացի այդ, Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին հայտարարեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն իր ասուլիսի ժամանակ: Ընդ որում, Թոխյանը բավական լուրջ հիմնավորումներ էր ներկայացրել, որոնց հետ անհնար է չհամաձայնելը: “Սահմանադրական բարեփոխումների մեթոդոլոգիան պետք է ճիշտ ընտրվի: Այն ճիշտ էր ընտրվել միայն 1995թ. Սահմանադրության ընդունման ժամանակ, իսկ հետագայում նկատվել են շեղումներ”,-ասել էր նա՝ հիշեցնելով, որ 2003թ. Սահմանադրության նախագիծը դրվեց հանրաքվեի, բայց ձախողվեց: Իսկ 2005թ. փոփոխությունների ենթարկված Սահմանադրությունն էլ ընդունվել էր ընդդիմության բոյկոտի պայմաններում, առանց կոնսենսուսի:
Այլ կերպ ասած՝ բոլորն են գիտակցում, որ ՀՀ Սահմանադրությունը եւս լեգիտիմ չէ, չի արժանացել ընտրողների վստահությանը: Ավելին, երկրի մայր օրենքն ունի բավական շատ ներքին հակասություններ, եւ այդ դրույթները ենթակա են ուղղման: Միայն թե՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին խոսում են այն իշխանությունները, որոնք անձամբ են ոտնահարել այդ փաստաթուղթը, ընդ որում, դա արել են ամենայն բարբարոսությամբ:
Դժվար չէ ենթադրել, թե ինչ նպատակ են հետապնդում Սահմանադրության փոփոխությունները. Սերժ Սարգսյանը պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանի նման ինքն էլ իր քիմքին հարմարեցնել սահմանադրական փոփոխությունները:
Հիշեցնենք, որ Քոչարյանի օրոք իրականացված փոփոխությունները լայն լիազորություններ սահմանեցին վարչապետի համար, բացի այդ, նախագահին ազատեցին իր լիազորություններից բխած գործողությունների համար պատասխանատվությունից: Առաջին դրույթն արվեց, որպեսզի հետագայում Քոչարյանն իշխանության վերադառնար վարչապետի կարգավիճակով՝ ունենալով առավել քան շատ լիազորություններ: Ինչ վերաբերում է երկրորդ դրույթին, ապա այն հնարավորություն ընձեռեց Քոչարյանին մարտի մեկի առավոտյան բռնի ուժով ցրել խաղաղ հանրահավաքը, իսկ այնուհետեւ՝ երեկոյան հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա: 
Չի բացառվում, որ հիմա Ս. Սարգսյանը փորձելու է առաջին հերթին նվազեցնել վարչապետի լիազորությունները, որից հետո արդեն կփորձի այդ պաշտոնում նշանակել որեւէ այլ գործչի, ընդ որում, այս անգամ միգուցե հաշվի առնելով նաեւ ԲՀԿ տեսակետը: Դժվար չէ ենթադրել, որ Ս. Սարգսյանը կփորձի իրականացնել նաեւ շատ այլ սկզբունքային դրույթների փոփոխություններ: Դավիթ Հարությունյանը չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են իրենք ցանկանում: Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ դրանք անհրաժեշտ են՝ թերությունների վերացման համար եւ զարգացման նոր նպատակադրումներից ելնելով: ,Նպատակահարմար չէ կոնկրետ դրույթներ նշելըե,-ասաց նա:
Ըստ ,Ժողովուրդե-ի տեղեկությունների՝ իշխանական վերնախավում արդեն ուրվագծվել է այն թիմը, որը զբաղվելու է սահմանադրական փոփոխություններով: Այս համատեքստում շրջանառվում են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, զինդատախազ Գեւորգ Կոստանյանի անունները: Թեեւ Դ. Հարությունյանը երեկ հերքում էր որեւէ թիմի մասին խոսակցությունները:
Հ.Գ. Ի դեպ, ՀՀ Սահմանադրության 111-րդ հոդվածը նախատեսում է Սահմանադրության փոփոխությունների եւ հանրաքվեի ընթացակարգը: Ըստ այդմ՝ երկրի մայր օրենքն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով` նախագահի կամ ԱԺ նախաձեռնությամբ: Հանրաքվեն ԱԺ առաջարկով նշանակում է նախագահը, իսկ համապատասխան որոշումն ԱԺ-ն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Սահմանադրության կամ դրանում փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը նախագահի կողմից առաջարկվելու դեպքում այն հանրաքվեի դնելու մասին որոշումն ԱԺ-ն ընդունում է երեք ամսվա ընթացքում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս