Արսեն Խոջոյանը կաթված է ստացել. մայրը չի հասկանում՝ ինչ է կատարվում որդու հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենադարձված գերի 24-ամյա Արսեն Խոջոյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Արսենի մայրը՝ Սվետլանա Խոջոյանը, ում փոխանցմամբ՝ որդին կաթված է ստացել:

Գերու մոր խոսքով՝ անքնության և սթրեսի հետևանքով Արսենը տարօրինակ հիվանդություններ է ձեռք բերել, իսկ Երևան տեղափոխելու համար անհրաժեշտ գումար չունեն:

«Պարարիչ է ստացել: Մաշկային հիվանդությունն էլ էնքան է բարդացել, որ շարժվել չի կարողանում: Երևանից դեղեր են ուղարկել, քսուկներ, որ գոնե վերքերը լավանան, էն էլ չի օգնում»,- վրդովված ասաց Սվետլանա Խոջոյանը:

Նշենք, որ Խոջոյանների ընտանիքը Տավուշի մարզի Կարմիրաղբյուր գյուղում է ապրում, և այնտեղից Երևան հասնելու համար նրանց բավականին մեծ գումար է անհրաժեշտ:

«Սպասում ենք՝ նպաստը ստանանք, որ բերենք Երևան: Չգիտեմ՝ ինչ է կատարվում հետը: Մի տեսակ իրան նման էլ չի»,- ասաց Արսեն Խոջոյանի մայրը:

Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո Արսեն Խոջոյանը հայտնել էր, որ հակառակորդի մոտ գտնվելու ողջ ընթացքում ինքը չի սնվել և չի քնել: Սրա արդյունքում նրա մոտ վերջին շրջանում ի հայտ են եկել տարբեր հիվանդություններ:




Լրահոս