Չնայած այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեկ լռության օր էր, եւ նախագահի ոչ մի թեկնածու ընտրությունից մեկ օր առաջ չպետք է քարոզչություն աներ, օրենքն այնտեղ խախտվեց: Բանն այն է, որ Ստեփանակերտ քաղաքի գրեթե բոլոր փողոցներում երեք թեկնածուների քարոզչական պաստառներն էին փակցված, իսկ տեղամասերում՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի լուսանկարները:
Ստեփանակերտի Վարդան Մամիկոնյան, Անդրանիկի, Փետրվարի 20 եւ այլ փողոցներում փակցված էին նախագահի երեք թեկնածուների նախընտրական պաստառները: Իսկ թիվ 9 ընտրական տեղամասում, հենց այնտեղ, որտեղ քաղաքացիները պետք է իրենց քվեարկությունն իրականացնեն, փակցված էր Բակո Սահակյանի մեծ լուսանկարը: “Ժողովուրդ”-ը փորձեց տեղամասի նախագահից պարզել, թե ինչու այդ լուսանկարն այդտեղից չեն հանել, քանի որ դա քարոզչություն է: Նա ասաց, թե ԼՂՀ բոլոր դպրոցներում իրենց նախագահի լուսանկարը փակցված է, եւ իրենք չեն պատրաստվում լուսանկարները «տեղից շարժել”:
“Ժամանակին այնքան են բաժանվել բոլոր թեկնածուների պաստառները, ուղղակի դա դեռ շրջանառության մեջ է, իսկ քանի որ դեռ քաղաքացիները դիմում են նախընտրական շտաբներին դրա համար, այդ պաստառները դեռ կպցրած են, բայց մնացած տեղերում օրենքի բոլոր կետերն էլ պահպանված են”,-նման մեկնաբանություն տվեց Բակո Սահակյանի կենտրոնական շտաբի նախագահ Սերգեյ Ղազարյանը: Նա նաեւ վստահեցնում էր, որ քարոզչական նյութերն այնքան են բաժանվել, որ եթե իրենք շատ ցանկանան դրանք հանել, ֆիզիկապես չեն կարողանա մեկ օրում անել: Մյուս թեկնածուների նախընտրական շտաբներից չհաջողվեց որեւէ մեկնաբանություն ստանալ. պատճառաբանելով, թե ընտրություններին նախորդող վերջին օրն է, բոլորը շատ զբաղված են, հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին:
ԼՂՀ քաղաքացիները նախագահական ընտրությունների հանդեպ բավական անտարբեր են: Մեր հարցին, թե արդեն որոշել են՝ ում են ընտրելու, շատերը պատասխանեցին. “Մեզ համար միեւնույն է”: Ոմանք հավաստիացնում էին, թե ընտրությունների ելքն արդեն որոշված է, որ ԼՂՀ-ն կրկին ղեկավարելու է գործող նախագահը: Միայն ԼՂՀ բնակիչ, տաքսու վարորդ Արթուրն անկեղծացավ, եւ մեր հարցին, թե ում է ընտրելու ասաց, որ իր համար շատ թանկ է իր մարտական ընկեր Վիտալի Բալասանյանը, սակայն որոշել է անտարբեր վերաբերել այդ ամենին, քանի որ հիասթափվել է ամեն ինչից:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ստեփանակերտ