ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց, որ Ազգային Ժողովի ընտրություններից առաջ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը գումար չի բաժանել, որ այժմ էլ հետ պահանջի:
-Պարո՛ն Երիցյան, ՀՀԿ-ի հետ միայն ՕԵԿ-ը պարտավորություն ստանձնեց կառավարության ներկայացրած 5 տարվա ծրագիրը կյանքի կոչել եւ 7 տոկոս տնտեսական աճ ապահովել: Ինչպե՞ս եք այդ աճը պատկերացնում:
-Ես կարծում եմ, որ կառավարության ծրագիրը կկարողանանք կյանքի կոչել եւ այդ աճն ապահովել, ուղղակի այդ ամենը մենակ մենք չէ, որ պետք է անենք, պետք է համախմբված աշխատել այդ ամենին հասնելու համար: Այստեղ միայն ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն անելիք չունեն, բոլորն անելիք ունեն, որովհետեւ այդ ամենն արվում է երկրի բարեկեցության համար: Վարչապետն էլ իր ելույթում ասաց, որ մենք այդ 7 տոկոսը կապահովենք:
-Բայց ԱԺ մյուս խմբակցությունները չհավատացին վարչապետին եւ դեմ քվեարկեցին: Մինչ այս ի՞նչն էր խանգարում այդ 7 տոկոս աճն ապահովել:
-Կարծում եմ՝ ճիշտ կլիներ՝ այդ հարցն ուղղեիք նրանց, բայց ճիշտ կլիներ, որ բոլորը միանային, խորը ուսումնասիրեին ծրագիրը: Մեր կողքին կանգնելու դեպքում ավելի հեշտ կլիներ այդ ծրագիրը կյանքի կոչել՝ չնայած մենք ամեն ինչ անելու ենք ծրագրի իրագործման համար:
-Հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ն էր խանգարում, որպեսզի կառավարությունը երկրում աճ ապահովեր:
-Չեմ կարող ասել, որ միան ԲՀԿ-ն է մեղավոր, քանի որ երեւի բոլորիս մեղքն էլ կա, երեւի չենք կարողացել ճիշտ քայլերի միջոցով արդյունքի հասնել: Հիմա արդեն ԲՀԿ-ի հետ կոալիցիոն գործընկերներ չենք, բայց դա մեզ չի խանգարում մեր աշխատանքն էլ ավելի լավ կատարելու համար:
-ԲՀԿ-ն խիստ քննադատության ենթարկեց ե՛ւ կառավարությանը, ե՛ւ վարչապետի վարած քաղաքականությունը, ի՞նչ եք կարծում՝ ԲՀԿ-ն ,ա՞չք ունիե վարչապետի աթոռի վրա, թե՞ այդ ամենն արվեց՝ ընդդիմադիր կեցվածքից ելնելով:
-Չգիտեմ՝ վարչապետի աթոռի վրա աչք ունեն, թե ոչ, դա իրենց հարցրե՛ք, ես վստահ էի, որ իրենք էլ են միանալու մեզ՝ կառավարության ծրագիրը կյանքի կոչելու համար, բայց եթե չեն միացել, կարծում եմ՝ մենք ՀՀԿ-ի հետ էլ մեր աշխատանքը կկատարենք, ու այն շատ արդյունավետ կլինի: Մենք այդ պատասխանատվությունն արդեն մեզ վրա ենք վերցրել, միասին ենք ծրագիրը ներկայացրել, միասին էլ ամեն ինչ կանենք:
-Երկրում ակտիվացել են քրեական տարրերը, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է քրեականացված օլիգարխիան մարտահրավեր նետում Սերժ Սարգսյանին: Քանի որ ստացվում է, որ վերջինս չի կարողանում վերահսկել իր կուսակիցներին՝ Ռուբեն Հայրապետյան, Մհեր Սեդրակյան…
-Նախագահին այդպիսի մեղադրանք առաջադրելը շատ սխալ է, եթե իրեն ճանաչեիք, նման բան չէիք ասի, նրա գործողությունները շատ ճիշտ ու ռեալ են, ես համոզված եմ, որ նա շատ ճիշտ որոշումներ է կայացնում: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ դեպքերին, պետք է նշեմ, որ արդեն այդ ամենի մեղավորներին կալանավորել են: Իրավապահ մարմիններն այսօր շատ լավ են աշխատում: Կողքից եմ նայում Վլադիմիր Գասպարյանի` իմ ընկերոջ աշխատանքին եւ շատ բարձր եմ գնահատում նրա կատարածը, նա այն մարդը չէ, որ ինչ-որ մեկից կվախենա ու ինչ-որ մեկի չի ձերբակալի: Գիտեմ, որ յուրաքանչյուր մահացածի հետեւում ընտանիք է, ես նրանց ցավակցում եմ, գիտեմ, որ իրենց հարազատների համար կարեւոր է, որ դեպքը բացահայտվի: Ոստիկանությունը, դատախազությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը նորմալ աշխատում են, եւ ես դա որպես նախկին ոստիկան եմ ասում:
-Չե՞ք կարծում, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն անում է այն, ինչ ինքն է ցանկանում, քանի որ անգամ Ս. Սարգսյանի հետ խոսելուց, մանդատից հրաժարվելուց հետո էլ նա կրկին մարդ ծեծեց:
-Չէ՛, այդպես չէ, որովհետեւ Ռուբեն Հայրապետյանին գիտեմ՝ նորմալ մարդ, ձիգ տղա, որը քայլ արեց ու մանդատից հրաժարվեց, կարծում եմ՝ ոչ բոլորը կարող էին այդ քայլն անել: Ես գտնում եմ, որ նա ճիշտ քայլ է արել:
-Պարո՛ն Երիցյան, ՕԵԿ-ը որոշեց կազմալուծվել, արդեն ձեւավորվե՞լ է կուսակցությունը, քանի՞ անդամ ունի:
-Կուսակցության աշխատանքները շատ նորմալ առաջ են ընթանում, արդեն ամառային հանգիստ է, որից հետո կսկսենք ակտիվ աշխատել: Կուսակցությունը շատ անդամներ ունի:
-Իսկ Արթուր Բաղդասարյանը կարողացա՞վ ԱԺ ընտրություններից առաջ բաժանված փողերը հետ վերցնել:
-Նման բան չի եղել, փող չի բաժանել, որ հետ վերցնի:
-Ինչպիսի՞ն են Ձեր փոխհարաբերությունները նրա հետ, քանի որ լուրեր տարածվեցին, որ Ձեր հեռախոսը նրա ուղղությամբ եք շպրտել:
-Սուտ է, ես դա արդեն հերքել եմ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ