Բուլղարուհի հայտնի ռեժիսոր և լրագրող Ցվետանա Պասկալևան, ով Արցախյան ազատամարտի ընթացքում ռազմի դաշտում բազմաթիվ նկարահանումների հեղինակ է, այսօր Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահի կողմից արժանացավ «Երախտագիտության» մեդալի:
Ելույթ ունենալով նախագահական նստավայրում՝ Պասկալևան ընդգծեց, որ բոլորս միասին ենք անցել Արցախյան ազատամարտի ճանապարհը, որը թեև լի էր դժվարություններով, սակայն տարավ դեպի թանկարժեք հաղթանակ:
«Մենք ունենք ընդհանուր հիշողություն և ընդհանուր պատասխանատվություն: Հիշողություն, որի համար մենք միշտ գլուխ ենք խոնարհում և պատասխանատվություն այն ամենի համար, ինչ ունենք այսօր: Այն ձեռք է բերվել հայ մարդու արյամբ, հայ որդիների ու մայրերի արցունքների գնով: Այսօր բոլորս՝ լինի այստեղ, Ղարաբաղում, թե արտերկրում պատասխանատու ենք պահպանելու սահմանները»,–ասաց նա:
Ցվետանա Պասկալևան խոստացավ, որ ընդմիշտ լինելու է հայ ժողովրդի կողքին, քանի որ հենց հայերի շնորհակալությունն ու սերն է իրեն դարձրել այսքան զգայուն հայ ժողովրդի ցավի նկատմամբ:
«Իմ թանկագին զինվորներ, ովքեր սահմանին եք, իմացեք, թե ինչ եք այսօր պահպանում, եղեք համարձակ, եղեք խիզախ, պատվով պահեք այդ սահմանները: Հարգելի՛ ծնողներ, կորուստը մեծ է, և այդ վերքերին բուժում չկա: Համարեք, որ կյանքից հեռացածների ստվերները կողքներիս է, նրանք ընդմիշտ մեր կողքին են, նրանք մեզ ուժ են տալու կանգնելու մինչև վերջ, մինչև Արցախի հողի ամբողջական ու լիարժեք խաղաղությունը: Մենք կապրենք ու կհասնենք այդ օրվան: Ես գիտեմ, դա մեր դարում է լինելու, շատ շուտով, ուղղակի պետք է հավատալ ու աշխատել այդ ուղղությամբ… Հարգելի՛ ծնողներ, խոնարհվում եմ ձեր առաջ, կներեք որ կորցրինք ձեր որդիներին, նրանք ընդմիշտ կմնան փառավոր հերոսների կազմում»,-ասաց նա: