Դեսպան Ղազարյանը հարգանքի տուրք մատուցեց Հոլոքոստի զոհերի հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 27-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն այցելեց Հռոմի հրեական սինագոգ և դեսպանության անունից ծաղկեպսակ տեղադրեց՝ ի հիշատակ Հոլոքոստի զոհերի:

Իտալիայում հրեական համայնքի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը կարևորեց երկու ժողովուրդների վճռական պայքարը ցեղասպանությունների հարցում անտարբերության, երեսպաշտության և ժխտողականության դեմ: Նա նշեց, որ զոհերի և վերապրածների ժառանգների առաքելությունն ու բարոյական պարտականությունն է միավորվել՝ նոր ցեղասպանությունների և ժխտողականության դեմ պայքարելու նպատակով՝ նկատելով, որ ցեղասպանության ոճրագործությունը հերքողները նույնքան հանցավոր են, որքան այն իրականացնողները:

Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ հղած ուղերձին` դեսպանն ընդգծեց Նախագահի խոսքերը, որ զոհերի ոգեկոչումն ու նման ոճրագործությունների դատապարտումն անհրաժեշտ են հետագա ցեղասպանություններից խուսափելու համար, և որ պետական մակարդակով ժխտողականությունը «հանցանք է ոչ միայն անմեղ զոհերի, այլև ներկայի ու ապագայի հանդեպ»:

Իտալիայի հրեական համայնքի ղեկավար ներկայացուցիչներն իրենց համերաշխությունն ու զորակցությունը հայտնեցին հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում:




Լրահոս