Հզոր քեռիների հարուստ զարմիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի («Քեթրին»-ի Միհրան) կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը հետաքրքիր տվյալներ է պարունակում: Նա իր պաշտոնը երկար տարիներ է զբաղեցնում,  այդտեղ «անփոխարինելի» է և հայտնի է հատկապես Արդարադատության նախարարների հետ վատ հարաբերություններ ունենալու իր սովորությամբ:

38-ամյա Մ. Պողոսյանը երկու մասնագիտություն (տնտեսագետ, իրավագետ) ունեցող պաշտոնյաներից է, ով դեռևս ուսանողական տարիներից գործարար է եղել. Նա «Քեթրին Գրուպի» հիմնադիրն է: Եվ ծառայելով ԱԱԾ հատուկ ստորաբաժանումներում (ասում են քեռիների միջնորդությամբ)` ճանապարհ է հարթել դեպի ԱԱԾ ` 2000թ-ին նշանակվելով ԱԱԾ Երեւանի վարչությունում` օպերլիազոր: Այնուհետեւ աշխատել է ԼՂՀ ԱԱԾ-ում` ավագ օպերլիազոր: Պաշտոնական կենսագրության մեջ հստակեցված չէ, թե Արցախից մայորի կոչումով Երևան վերադարձած երիտասարդն ի՞նչ արժանիքների համար է արժանացել արդարադատության գնդապետի կոչմանը: 2008-ին Պողոսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող:

Շատերը գիտեն, որ Միհրան Պողոսյանի կարիերայի սահուն առաջխաղացումը ապահովել են մորեղբայրները` Գրիգոր և Միքայել Հարությունյանները: Վերջիններս գործարարներ են և հենց նրանց են պատկանում ՀՀ քաղաքացիների գրպանին մեծ հարված հասցնող Երևանի կարմիր գծերի վճարովի ավտոկանգառները՝ «Պարկինգ Սիթի»-ն, ինչպես նաեւ՝ արագաչափերի ու տեսախցիկների տեղադրմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ»-ը: Չնայած այդ ամենը մշտապես կապվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ, սակայն դրանք իրականում պատկանում են հենց Մ. Պողոսյանի քեռիներին: Վերջիններս նաեւ զբաղվում են էլիտար շենքերի շինարարությամբ, ռեստորանային բիզնեսով, մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ եւ բազմաթիվ այլ բիզնեսներով:

Ինչպես հաճախ է նշում Միհրան Պողոսյանը, ինքը գործարար չէ, այլ միայն տարածքներ է վարձակալությամբ տալիս: Այդ տարածքների մեջ էր մտնում նաև «Ֆռեշ» սուպերմարկետը: Նա ցիտրուսային մրգերի ներկրման գրեթե մոնոպոլիստն է Հայաստանում: Նրա անվան հետ բազմաթիվ այլ բիզնեսներ են կապվում:
Անդրադառնանք Մ. Պողոսյանի գործունեությանը: Մարդկանց ծեծի ենթարկելու նրա «արվեստը» պատճառ դարձավ ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին պաշտոնանկ անելու համար:

Հիշեցնենք, որ նախկին նախարար Գևորգ Դանիելյանը պաշտոնանկ էր արվել այն պատճառով, որ չէր պատժել Միհրան Պողոսյանին, երբ վերջինս հարվածել էր ԴԱՀԿ ծառայության գնդապետ Ռուբեն Միրաքյանին՝ ՀՀ Կառավարության ներկայիս աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի քեռուն: Այդ դեպքից հետո՝ 2010-ի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե. «Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում: Արդարադատության նախարարին հանձնարարվել էր հրապարակային պատժել հարկադիր կատարման ծառայության ղեկավարին իր այդ պահվածքի համար: Ցավոք սրտի, արդարադատության նախարարն այս հանձնարարականը չի կատարել»:

Այսպիսով՝ ապտակել էր Միհրան Պողոսյանը, բայց պատժվեց արդարադատության նախարարը՝ դառնալով քավության նոխազ: Բանն այն է, որ Պողոսյանի մորեղբայրը` ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանը, Սերժ Սարգսյանի դպրոցական ընկերն է:

Չնայած Միհրան Պողոսյանը պնդում է, թե երբեք վատ հարաբերություններ չի ունեցել նախկին նախարարներ Գևորգ Դանիելյանի կամ Հրայր Թովմասյանի հետ, սակայն փաստը մնում է փաստ, որ վերջիններս նախարարներ լինելու տարիներին հազվադեպ են շփվել Միհրան Պողոսյանի հետ:

Երկար տարիների ընթացքում Մ. Պողոսյանը չնայած ստվերում էր, բայց անխռով շարունակում էր իր գործունեությունը, բիզնես գործունեությամբ զբաղվում, տարածքներ վարձով տալիս: ԴԱՀԿ ծառայության ղեկավարն իր մասին հիշեցնել տվեց վերջերս, երբ որոշում կայացրեց ԴԱՀԿ նոր աշխատակիցների երդման արարողությունն անցկացնել ոչ ավել, ոչ պակաս Ծիծեռնակաբերդում: Այս փաստը բազմաթիվ դժգությունների և քննադատությունների առիթ դարձավ, սակայն այդքանից հետո էլ Մ. Պողոսյանն անվրդով հայտարարում է, թե հաջորդ անգամ ևս իր ցանկությամբ և որոշմամբ՝ երդման արարողությունը կրկին կարող են այնտեղ անցկացնել:

Մշտապես էլ խոսվել է այն մասին, որ կառավարությունում չպետք է պաշտոնավարեն այնպիսի մարդիկ, որոնք զբաղվում են բիզնես գործունեությամբ: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ նաև Հովիկ Աբրահամյանը, երբ դեռ նոր էր նշանակվել ՀՀ վարչապետ: Ամիսներ են անցել, սակայն Մ. Պողոսյանն անխռով շարունակում է իր գործունեությունը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս