«Ռիշել» ընկերությունը շահագրգռված է Հայաստանում ընդլայնել իր գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Ռիշել» ընկերության նախագահ Քրիստիան Ռիշելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել մեր երկրում ջերմոցաշինության զարգացման հեռանկարները, ֆրանսիական փորձի կիրառումն ու ջերմոցային տնտեսությունների արտադրական հզորության ավելացման հնարավորությունները:

«Հայաստանում գյուղատնտեսությունը հռչակված է գերակա ոլորտ, և վերջին տարիներին կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում այս բնագավառի զարգացմանը, որում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ջերմոցաշինությունը: Հաշվի առնելով, որ Հայաստանի բնակլիմայական պայմանները խիստ նպաստավոր են ջերմոցային տնտեսությունների զարգացման համար` համոզված եմ, որ ձեր ընկերության շնորհիվ այս ոլորտում կարելի է հասնել նոր հաջողությունների», – ողջունելով հյուրերին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը նաև հավելել է, որ ջերմոցային տնտեսությունների զարգացումն իր հերթին զգալիորեն կխթանի գյուղմթերքի արտադրության, ինչպես նաև արտահանման ծավալների ավելացմանը: Նախարար Սերգո Կարապետյանի խոսքով` այս հարցը չափազանց կարևոր ու արդիական է դարձել հատկապես Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, որն իրատեսական հնարավորություններ է ընձեռում երաշխավորված արտահանումներ կազմակերպելու տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարն առաջարկել է ուսումնասիրել նաև Հայաստանում ջերմատների կառուցման համար պահանջվող սարքավորումների և անհրաժեշտ պարագաների արտադրությունը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը, որը թույլ կտա իջեցնել թողարկվող արտադրանքի ինքնարժեքը:

Ի պատասխան առաջարկին` Քրիստիան Ռիշելն ընդգծել է, որ «Ռիշել» ընկերությունը շահագրգռված է Հայաստանում ընդլայնել իր գործունեությունը և առաջիկայում ավելի մանրամասն ուսումնասիրություններ կիրականացվեն այդ առաջարկի իրագործման նպատակով: Ընկերությունն արդեն իսկ Հայաստանում շահագործման է հանձնել մոտ 20 հեկտար ջերմոցային տնտեսություն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս