76-ԱՄՅԱ ԿՆՈՋ ԴԻՆ ՄԱՍՆԱՏԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում: Ոստիկանությունը  Խարբերդի 24 փողոցում հայտնաբերել է Մանանդյան փողոցի բնակիչ, 76-ամյա թոշակառու Գոհարիկ Գասպարյանի մասնատված դին: Տեղեկացանք, որ այդ դաժան սպանության հեղինակը Շենգավիթի բնակիչ 51-ամյա Սամվել Գասպարյանն է, որը թեեւ սպանվածի ազգանվանակիցն է, սակայն նրա հետ որեւէ ազգակցական կապ չունի: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ սպանությունը տեղի է ունեցել պարտք վերցրած գումարի պատճառով:
Գոհարիկ Գասպարյանի սպանությունը կատարվել է Սամվել Գասպարյանի տանը՝ Խարբերդի 24 հասցեի 3-րդ բնակարանում: Պարզվում է՝ Սամվելը Գոհարիկին խաբեությամբ կանչել է իր բնակարան նրան ունեցած պարտքը վերադարձնելու պատրվակով: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երկար ժամանակ էր, ինչ Սամվելը պարտք էր վերցրել 76-ամյա կնոջից եւ չէր վերադարձրել, իսկ վերջինս էլ գրեթե ամեն օր այդ գումարն էր պահանջել:
Տարեց կինն ու Սամվելը որեւէ ազգակցական կապ չեն ունեցել, նրանք կարծես թե վաղուցվա ծանոթներ են եղել: Սամվելը երեք անգամ դատապարտված է եղել: Նա ինչ-որ լուրջ ֆինանսական խնդիրներ է ունեցել, ինչի համար էլ դիմել է թոշակառու կնոջն ու խնդրել իրեն գումարով օգնել: Վերջինս էլ նրան պարտքով փող է տվել, սակայն Սամվելը այն երկար ժամանակ չի կարողացել վերադարձնել, այդ իսկ պատճառով կանչել է իր բնակարան եւ «ազատվել» պարտատիրոջից: Կնոջը սպանելուց հետո Սամվելը նրա դին մասնատել է, տեղափոխել   նկուղ եւ մարմինը տեղավորել տակառում:
Երեկ «Ժողովուրդ»-ը եղավ այն շենքում, որտեղ ապրում էր Գոհարիկ Գասպարյանը, նրա ազգականներից պարզելու համար, թե որն է եղել 76-ամյա կնոջ սպանության պատճառը: Սակայն տիկնոջ բնակարանում մարդ չկար: Փորձեցինք զրուցել հարեւանների հետ, որոնք ահաբեկված էին: Նրանք ասացին, որ շատ են ազդվել տեղի ունեցածից: «Մենք ինչքան գիտենք, որքանով որ ճանաչում ենք, ինքը շատ խելացի կին էր, իրան շատ հազվադեպ կարելի էր տեսնել բակում, դե մեծ կին էր, չէր իջնում-հելնում, տենց շատ շփում չկար: Տեղյակ չենք՝ ինչ հարազատ ունի, գիտենք, որ ամուսինը երկար տարիներ է, ինչ մահացած է»,-մեզ հետ զրույցում ասաց սպանվածի հարեւաններից մեկը:
Բակում հավաքված պապիկներից էլ տեղեկացանք, որ շուրջ 10 օր է՝ Գոհարիկ Գասպարյանն անհետացել էր. «Մենք լսել ենք, որ Գոհարը չկա, մենակ կին էր, ո՞վ իմանար՝ ուր ա գնացել, բարեկամ-հարազատ չուներ՝ ինչքան գիտենք, ասել էին, որ ոստիկանությունն էդ կնոջն ա ման գալիս, բայց թե ուր էր գնացել, ում հետ էր գնացել, չգիտենք, ինքը չշփվող կին էր»: Իսկ Գոհարիկ Գասպարյանի ամենամտերիմ հարեւաններն էլ ամեն կերպ խուսափեցին մեզ հետ զրուցել. «Ի՞նչ գործ ունենք, շատ լավ կին էր, բայց էսօր նենց բան ենք լսել, չէ՛, չէ՛, բան չունենք ասելու»:
Ոստիկանությունը երեկ սպանություն կատարելու կասկածանքով Սամվել Գասպարյանին բերման է ենթարկել: Գասպարյանը մատնացույց է արել նշված տան նկուղային հարկում եղած երկաթե տակառը, որի մեջ տեղավորել էր ծեր կնոջ մասնատված դին: Տակառը փաթաթված է եղել մի քանի տեսակի կպչուն ժապավեններով:  Ս. Գասպարյանը նշված տան այգում նախօրոք փոս էր փորել, որպեսզի երկաթե տակառը տեղադրի փոսում եւ հողով ծածկի:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս