Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատերերի ներկայացուցիչները երեկվանից վերսկսեցին իրենց բողոքի ակցիաները: Նրանք երեկ հավաքվել էին ՀՀ Կառավարության շենքի դիմաց եւ պահանջում էին կասեցնել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում անցած տարի կատարված փոփոխությունը, որը ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից: Ըստ այդ փոփոխության՝ մինչեւ 58.3 մլն դրամ շրջանառություն ունեցող գործարարները վճարում են 1 տոկոս շրջանառության հարկ, սակայն պարտավոր են իրենց ողջ շրջանառությունը փաստաթղթավորել: Եթե գործունեությունը չեն փաստաթղթավորում, ապա սկզբում տուգանվում են, այնուհետեւ սկսում են ավելացված արժեքի հարկով հարկվել: Հիշեցնենք, որ այս փոփոխությունը պետք է սկսեր գործել անցած տարվա հոկտեմբերի 1-ից, սակայն ձեռներեցների բողոքի ցույցերի արդյունքում ՀՀ Կառավարությունը խորհրդարանին օրենսդրական նախաձեռնություն ներկայացրեց, եւ համապատասխան դրույթների կիրառման ժամկետը ԱԺ-ն հետաձգեց մինչեւ այս տարվա փետրվարի 1-ը: Դրանից հետո բողոքի ցույցերը դադարեցին: Բայց այժմ դժգոհությունը կրկին վերսկսվել է, քանի որ մի քանի օրից գործարարները պետք է սկսեն իրենց շրջանառությունն ամբողջությամբ փաստաթղթավորել կամ էլ պետք է հրաժարվեն շրջանառության հարկով իրենց տրված արտոնությունից: Փոքր եւ միջին ձեռներեցները խոստացել են այսօր եւս հավաքվել Կառավարության դիմաց եւ բողոքի ակցիա իրականացնել: Նրանք պնդում են, որ բողոքելու են այնքան ժամանակ, քանի դեռ «Շրջանառության հարկի մասին» օրենքի համապատասխան դրույթները չեն կասեցվել եւ կիրառությունից չեն հանվել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Կառավարությունում դեռեւս չգիտեն՝ ինչ անել, ինչպես հարթել խնդիրը:
ՀՅԴ ընդհանուր ժողովի շուրջ իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, երբ հայտնի դարձավ, որ մարդիկ սկսել են խմբերով լքել կուսակցության շարքերը, նորից սկսել են շրջանառվել տեղեկությունները, ըստ որոնց՝ ՀՅԴ-ն շուտով կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ժամանակ ակնարկել է, որ իրենց համար նախընտրելի տարբերակներից է, որ դաշնակցականներին տրվեն ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, գյուղատնտեսության նախարարի, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնները: Իշխող ՀՀԿ-ի համար այս փուլում դաշնակցության աջակցությունն առավել քան կարեւոր է՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված քաղաքական կոնսենսուսի իմիտացիա ստեղծելու համար: Արդյունքում՝ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը կլինեն այն հատուկենտ կուսակցությունները, որոնք դեմ կլինեն սահմանադրական փոփոխություններին:
«Վիկիլիքսյան» փաստաթղթերից մեկը, որը վերաբերում է Երեւանի ավագանու 2009թ. ընտրություններին, հետաքրքիր մանրամասներ է պարունակում: Հայաստանում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը պետդեպարտամենտին ուղղված իր զեկույցներից մեկում գրում է, որ ՀՀ իշխանությունները ծրագրել են, որ ընտրություններում պետք է «հաղթի» ՀՀԿ-ն, երկրորդ տեղը տրվել է ԲՀԿ-ին, իսկ երրորդը` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ին: Ինչպես հիշում եք՝ այդպես էլ եղավ: Ուշագրավ է Մարի Յովանովիչի գնահատականը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի վերաբերյալ: «Հայկական քաղաքականության քամելեոն` պատրաստակամ վաճառելու իր կուսակցությունը ամենաբարձր գնով»,- այսպես է ԱՄՆ դեսպանը նրան բնութագրել: Իսկ ԲՀԿ նախագահին էլ ԱՄՆ-ի՝ այն ժամանակվա դեսպանը բնորոշել է որպես Երեւանում գյուղացի մարդու համբավ ունեցողի, ով մարդկանց իր կողմն է գրավում՝ նրանց ֆինանսապես օգնելով, կամ նույն է թե՝ մարդկանց գնելով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2014թ. դեկտեմբերին: Ըստ այդմ, ԱՎԾ-ն արձանագրել է, որ անցած տարի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3,9 տոկոսով, կամ այլ կերպ ասած՝ այդքան տնտեսական աճ է արձանագրվել: Եւ որպեսզի ԱՎԾ-ն տնտեսական աճ ներկայացնի, նախ՝ «աճեցրել» է արդյունաբերական արտադրանքների ծավալը 2,7 տոկոսով, այնուհետեւ՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 7,2 տոկոսով: Նկատենք, որ գյուղատնտեսության դեպքում ԱՎԾ-ն «թվեր նկարելու» հարցում գերազանցել է ինքն իրեն: Սակայն անգամ տնտեսական աճ նկարելու պայմաններում ԱՎԾ-ն ստիպված է եղել շինարարության ոլորտում արձանագրել 4,3 տոկոսի անկում: Ի դեպ, ըստ նույն տվյալների՝ արդյունաբերական արտադրանքի գները անցած տարի բարձրացել են 8,5 տոկոսով:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ
Սերժ Սարգսյանը, երեկ մասնակցելով ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին, անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած սահմանային հրետակոծություններին եւ դիվերսիոն հարձակումներին:
«Հակառակորդի նախահարձակ գործողությունների նպատակն ակնհայտ է: Ադրբեջանի իշխանությունը չի թաքցնում, որ քաղաքական ու ռազմական միջոցների համադրմամբ ձգտում է մշտական լարվածություն ստեղծել մեր շուրջ: Դա պարզ շանտաժի քաղաքականություն է, որի հիմնական հասցեատերը ոչ այնքան մենք ենք, որքան միջազգային հանրությունը»,- հայտարարել է Սարգսյանը, ապա արդեն որերորդ անգամ հիշել ադրբեջանցիների քսանհինգամյա հնության հոխորտանքները` Շուշիում թեյ խմելու կամ Սեւանում ոտքերը լվանալու մասին:
Ընդհանուր առմամբ ներքին սպառման համար արված այս հայտարարությունը, սակայն, որոշակիորեն տարբերվում էր մինչ այս եղած հռետորաբանությունից: Ընդ որում, բավականին մտահոգիչ շեշտադրումներով: «Մեր սահմաններին եւ շփման գծի երկայնքով ավելի մեծ եւ սպառնալից կուտակումների պարագայում մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը: Թո՛ղ ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն: Մեզ համար արհավիրք պատրաստողի հանդեպ մենք պարտավոր ենք լինել անողոք: Կրկնում եմ՝ դիմացինի արկածախնդրությունը կստիպի մեզ գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով»,-հայտարարել է Սարգսյանը` հավելելով. «Ես մեկ անգամ եւս ի լուր բոլորի հայտարարում եմ՝ մենք պատրաստ ենք ե՛ւ լավին, ե՛ւ վատին: Իմ սեղանին առկա են հնարավոր բոլոր տարբերակները»: Սա, ըստ էության, պատերազմի վերսկսման հնարավորության մասին նախազգուշացում է, որը հանդիսանում է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի` նախահարձակ լինելու մասին որոշման շարունակությունը:
Եվ որքան էլ որ այսօր տարբեր ռազմական փորձագետներ եւ քաղաքագետներ պնդեն, թե պատերազմի վերսկսման լուրջ վտանգ չկա, թե Ադրբեջանը չի հանդգնի գնալ նման ագրեսիայի, քանի որ մեզանից շատ կորցնելու բան ունի եւ այլն, անցած օգոստոսին սկսված եւ այս տարեսկզբից վերսկսված հրադադարի խախտման հարյուրավոր դեպքերն ու դիվերսիոն հարձակումները ցույց են տալիս, որ իրավիճակը փոխվել է, եւ Ադրբեջանի իշխանությունների` սահմանային միջադեպերի հրահրման նպատակներն այսօր արդեն այլ են, քան, օրինակ, երկու տարի առաջ:
Ընդ որում, անգամ ՊՆ ներկայացուցիչներն են ընդունում, որ ներկայումս ազերիների ոտնձգությունները որակապես այլ են, հատկապես գործադրվող զինատեսակների առումով: Եվ եթե Ադրբեջանի ակտիվացումը դիտարկում ենք աշխարհում ընթացող զարգացումների համատեքստում` Սիրիա, Ուկրաինա, Ֆրանսիա, ապա տեսանելի է դառնում՝ այսօր մտահոգվելու տեղիքն ավելի մեծ է, քան երբեւէ, սկսած 1994 թվականից: