Այլեւս ակնհայտ է՝ Հայաստանի տնտեսական ճգնաժամը գնալով կսաստկանա, եթե առաջիկա մեկ-երկու ամիսներին լրացուցիչ միջոցներ չձեռնարկվեն:
Բանն այն է, որ անցած տարվա 11 ամիսներին Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է մեկ միլիարդ 155 միլիոն 960 հազար դոլար, ինչը նախորդ` 2013 թվականից պակաս է 152 միլիոն 705 հազար դոլարով: Տրանսֆերտները հիմնականում նվազել են տարվա երկրորդ կեսին, երբ Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները գնալով խստացվեցին, իսկ նավթի միջազգային գներն էլ կտրուկ նվազեցին: Տրանսֆերտների զուտ ներհոսքի 73 միլիոն 434 հազար դոլարի նվազումը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին:
Տրանսֆերտները Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժն են, եթե դրանք չեն ստացվում, ապա համարժեք գումարների ներհոսքն այլ աղբյուրներից, ասենք՝ ներդրումների կամ վարկերի տեսքով, պարտադիր պետք է լինի: Հակառակ դեպքում Հայաստանի տնտեսությունը, մեղմ ասած, ծանր կացության մեջ կհայտնվի: Տարբեր հաշվարկների համաձայն՝ Հայաստանում սկսված տնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար անհրաժեշտ է մոտ մեկ միլիարդ դոլարի ներդրում: Իսկ որտեղից վերցնի այդ գումարը Հայաստանը: Արեւմտյան, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի ընկերությունների եւ խոշոր ներդրողների համար Հայաստանն առանց այդ էլ գրավիչ երկիր չի եղել, իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո արեւմտյան ընկերությունների համար Հայաստանը դարձել է անցանկալի երկիր: Ճիշտ է՝ արեւմտյան ընկերությունները նախկինում էլ առանձնապես իրենց չէին կոտորում Հայաստանում ներդրումներ կատարելու համար, քանի որ այստեղ պետական կառավարման համակարգը վերից վար ամբողջությամբ կոռումպացված է: Իսկ այժմ Հայաստանում ներդրում կատարելը նրանց համար նույն է, թե իրենց փողերը քամուն տան:
Մնում են ԵՏՄ երկրները, բայց նրանք բոլորն էլ Հայաստանի պես ամբողջությամբ կոռումպացված երկրներ են, եւ մեկը լինի նրանց օգնի, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանին:
Ստացվում է՝ Հայաստանի միակ հույսը ներքին ռեսուրսներն են: Այսինքն՝ անհրաժեշտ է, որ Հայաստանի օլիգարխները սկսեն իրենց գումարները նաեւ Հայաստանում ներդնել:
Հայաստանի օլիգարխների մի մասը, ինչպես հայտնի է, իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ` Սերժ Սարգսյանի վերահսկողութան ներքո է: Օլիգարխների մի խումբ էլ ներառված է իշխանական էլիտայի, այսպես կոչված, ոչ իշխանական մասում: Արդյո՞ք Սերժ Սարգսյանն ի վիճակի է իր վերահսկողության տակ գտնվող օլիգարխներից պահանջել ավելին, քան նրանք անում են, պահանջել, որ նրանք ավելի շատ գումարներ ներդնեն Հայաստանի տնտեսությունում, քան մինչ այս արել են: Արդյո՞ք մի շարք գործարարներից Սերժ Սարգսյանը կարող է պահանջել, որ ավելի շատ գումար ներդնեն Հայաստանի տնտեսության մեջ` միանշանակ ոչ, չի կարող: Նրանց գումարների զգալի մասը ներդրված է Հայաստանի տնտեսությունում: Այդ օլիգարխներից ամեն մեկին տրված է տնտեսության որոշակի մասի մենաշնորհը:
Մնում են ոչ իշխանական խոշոր գործարարները: Վերջիններիս կարելի է բնորոշել որպես Հայաստանի ֆինանսական հնարավորությունների` Ռոբերտ Քոչարյանի վերահսկողության տակ գտնվող մաս: Վերջիններս էլ իրենց կապիտալի զգալի մասը դրսում են ներդրել, քանի որ այնտեղ ավելի հեշտ ու անվտանգ է գումար աշխատելը: Նրանք միայն մի դեպքում թերեւս իրենց գումարները կներդնեն Հայաստանում, եթե Քոչարյանը վերադառնա՝ անձամբ իր գումարները Հայաստանում ներդնելով:
Հիշեցնենք, որ «Global Financial Integrity» կազմակերպության դեռեւս մեկ տարի առաջ հրապարակած զեկույցի համաձայն` «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2003-2012» 10 տարիների ընթացքում` 2003-ից 2012 թվական, Հայաստանից անօրինական գումարների արտահոսքը կազմել է շուրջ յոթ եւ կես միլիարդ դոլար:
Իսկ թե այս իրավիճակում ինչպե՞ս կարող են գործող իշխանության բարձրագույն ներկայացուցիչները համոզել, որ գործարարները ներդրումներ անեն Հայաստանում եւ հիմնական շեշտադրումն անեն արտադրության մեջ, դժվար է պատկերացնել: Սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսության ապագան, մեղմ ասած, մշուշոտ է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԱԺ
Դեռեւս 2013 թվականի սեպտեմբերի 12-ին ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: Պաշտոնապես հայտարարվեց, որ նա աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու նպատակով: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Ա. Հովհաննիսյանը կրկին վերադարձել է իր աշխատանքին՝ նույն պաշտոնում: Ըստ նույն տեղեկությունների՝ նրա հեռանալուց հետո այդ վարչությունում խառնաշփոթ էր ստեղծվել, արդյունքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ստիպված է եղել նրան վերադարձնել եւ նշանակել իր նախկին պաշտոնում: Հիշեցնենք, որ 2013 թվականին Ա. Հովհաննիսյանն ընդհարում էր ունեցել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ եւ որոշել էր հեռանալ ԱԺ-ից: Ինքը՝ Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում ասել էր, թե իբր վաղուց էր որոշել հեռանալ: «Ես ընդհանրապես շատ վաղուց ունեի նման մտադրություն՝ աշխատանքս փոխելու, որովհետեւ, հավատացե՛ք, 20 տարի անընդհատ նույն շենքում աշխատել, նամանավանդ՝ 13 տարի արարողակարգի վարչությունում, բավական շատ էր, ու ես վաղուց էի նման որոշում կայացրել»: Երեկ մեզ չհաջողվեց Հովհաննիսյանի հետ զրուցել՝ պարզելու համար, թե ինչն է նրան ստիպել կրկին նույն աշխատանքին վերադառնալ:
ՀՅԴ-Ն ԱՎԱՐՏԵՑ
Հայ Յեղափոխական Դաշնակցության 2015-ի հունվարի 16-24-ը ընթացող 32-րդ ընդհանուր ժողովի աշխատանքները երեկ ավարտվել են: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՅԴ բյուրոյի հրավերով գումարված ժողովին մասնակցել են կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ եւ խորհրդակցական ձայնով հրավիրյալներ: Աշխատանքների ավարտին ՀՅԴ 32-րդ ընդհանուր ժողովը ընտրել է նոր բյուրո՝ հետեւյալ կազմով՝ Վիգեն Բաղումյան (Իրան), Վիգեն Հակոբյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Յակոբ Խաչերյան (Լիբանան), Հրանտ Մարգարյան (Հայաստան), Կիրո Մանոյան (Հայաստան), Խաչիկ Մուրադյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Բենիամին Պչաքճյան (Լիբանան), Հակոբ Տեր-Խաչատուրյան (Կանադա), Արմեն Ռուստամյան (Հայաստան,) Սպարտակ Սեյրանյան (Հայաստան), Մուրադ Փափազյան (Ֆրանսիա): Նշենք, որ ՀՅԴ-ն իր ընդհանուր ժողովն անցկացրել է Դիլիջանում: Հայաստանում բյուրոյի ներկայացուցիչ է նշանակվել կրկին Հրանտ Մարգայանը:
ՀԱՆԴԻՊԵՆ, ՈՐ ԻՆՉ ԱՆԵՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոստանում են շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ բարձր մակարդակով շփումը: Այս մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Շուտով մենք կհանդիպենք Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ: Բացի այդ՝ մենք աշխատում ենք այս տարի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ»,-ասել է ամերիկացի համանախագահը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԽԱՓԱՆԵԼ ԵՆ
Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է Բաքվում ԱՄՆ նոր դեսպանատուն կառուցելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ ավելի վաղ ստորագրած պայմանագրից: Դա տեղի է ունեցել 2013 թվականի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Վաշինգտոնի հնչեցրած քննադատությունից անմիջապես հետո: Այս մասին «Թուրան» գործակալությանը հայտնել է անանուն դիվանագետը: «Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խափանել է նոր շենք ունենալու դեսպանատան ջանքերը»,-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի 2014 թվականի մարտ-ապրիլ ամիսների հաշվետվությունում:
ԲԱՔՎԻՆ ԿՀԻՇԱՏԱԿԵՆ
Երեկ Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը շարունակվելու է մինչեւ հունվարի 30-ը: Նստաշրջանի օրակարգում Ուկրաինայում տիրող իրավիճակն է, Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները եւ խոսքի ազատության պաշտպանությունը Եվրոպայում: Վերջին հարցի շրջանակներում անդրադարձ է արվելու նաեւ Ադրբեջանում մամուլի ազատության իրավիճակին՝ հատուկ նշելով կալանավորված Խադիջա Իսմայիլովայի գործը:
ԵԽԽՎ-ի այս նստաշրջանի ընթացքում նախատեսված է նաեւ ռուսական պատվիրակության լիազորությունների վերանայման հարցը: 2014-ի գարնանային նստաշրջանի ընթացքում ռուսական պատվիրակությունը զրկվել էր ԵԽԽՎ-ում քվեարկության իրավունքից Ղրիմի բռնակցման պատճառով:
ՀԵՏՄԱՀՈՒ
Սերժ Սարգսյանի հրամանագրերով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ անձնազոհության համար N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Կարեն Գալստյանը հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով: Իսկ նույն զորամասի շարքային Արտակ Սարգսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով: Երկու զինծառայողներն էլ զոհվեցին հունվարի 23-ին՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումներին դիմակայելու ժամանակ։
ԴԵՌ ԲԱՑԱՍԱԿԱՆ Է
2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 5 միլիարդ 920.9 միլիոն դոլար՝ 1%-ով ավելի շատ, քան 2013 թվականին։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ արտահանումն աճել է 2.7%-ով եւ կազմել 1 միլիարդ 519.3 միլիոն դոլար։ Նույն ժամանակահատվածում ներմուծումն աճել է 0.4%-ով, ներմուծման ծավալը կազմել է 4 միլիարդ 401.6 միլիոն դոլար։ Այսպիսով՝ չնայած ներմուծման նկատմամբ արտահանման առաջանցիկ աճի տեմպին՝ ՀՀ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը տարեվերջին կազմել է 2 միլիարդ 882.3 միլիոն դոլար։
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսների հետ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի՝ օրերս կայանալիք 2015 թվականի անդրանիկ նիստից առաջ կողմերը քննարկել են պետական հանձնաժողովի աշխատանքները:
ՄԵՐԺԵԼ Է
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը մերժել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խնդրանքը միջամտել Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու հարցում: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Աջապահյանի դիմումին Ռուսաց պատրիարքարանից պատասխանել են. «Իրավական գործընթացներին միջամտելու անհրաժեշտություն եւ կարիք չկա»: