«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, անդրադառնալով մեր այն տեղեկությանը, որ ՀՀ ոստիկանությունը քաղաքական հրահանգ է ստացել Վալերի Պերմյակովին չձերբակալել կամ ձերբակալելու դեպքում նրան հանձնել ռուս իրավապահներին, ասաց. «Հավատացեք ինձ, ես եմ ղեկավարել որոնողական աշխատանքները եւ նման հրահանգ ոչ մեկից չեմ ստացել»:
Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության գործով մինչ օրս չեն դադարում քննարկումները: Դեպքից անցել է 15 օր, սակայն մի շարք հարցեր դեռ չեն ստացել իրենց պատասխանները:
Երեկ armlur.am-ը ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից հետաքրքրվեց, թե հասարակությունը կատարվածում մեղադրում է ուժային կառույցներին, մասնավորապես՝ ազզային անվտանգության ծառայությանը, որ տեղում չէ եւ ՀՀ քաղաքացիների անվտանգությունը չի ապահովում, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը խոստումներ է տալիս, չի իրականացնում, ՀՀ ոստիկանությունը տապալում է օպերատիվ որոնողական աշխատանքները, ՀՀ քննչական կոմիտեն մինչ օրս չի տվել հասարակության հուզող հարցերի պատասխանները… Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ արդյո՞ք Հայաստանի Հանարապետության քաղաքացին կարող է ապահով ապրել մեր երկրում: Այս հարցին ի պատասխան՝ փոխոստիկանապետն ասաց. «Իհարկե, հնարավոր է ապահով ապրել, եւ ես Ձեզ հետ համաձայն չեմ, թե որեւէ մեկը գործընթաց կամ օպերացիա է տապալել: Պատվախնդրությունը եղել է բոլոր աշխատակիցների մեջ»:
Անդրադառնալով այն վարկածին, թե Վալերի Պերմյակովը միայնակ չի գործել, փոխոստիկանապետը պատասխանեց, որ նախաքննության ընթացքում տարբեր վարկածներ են առաջ քաշվում. «Հայ ու ռուս իրավապահներն աշխատում են, եւ նախաքննության ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի»:
-«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին շուրջ 20 ռուս զինվորականներ ազատվել են աշխատանքից: Ավելին՝ ազատվածների թվում կան պայմանագրային ծառայողներ: Պարո՛ն Պողոսյան, տեղյա՞կ եք, թե ինչու են ռուսական ռազմաբազայի աշխատակիցներին եւ զինվորականներին աշխատանքից հեռացնում:
«Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը պատասխանեց.
-Նման տեղեկություններ չունեմ: Ընդամենը գիտեմ, որ պաշտպանության նախարարության համապատասխան բարձրաստիճան սպան եւ անձնախումբը կարգապահական վարույթ պետք է հարուցեր Պերմյակով կոչվածի բանակ զորակոչվելու եւ մի շարք այլ կազմակերչական եւ կարգապահական հարցերի հետ կապված:
-Ի վերջո, շատերին անհասկանալի մնաց, թե ՀՀ ոստիկանությունը կոնկրետ ո՞ր ժամին է ահազանգ ստացել 102-րդ ռազմաբազայի աշխատակիցներից, որ զորամասը լքած զինված զինվորական կա:
-Գիտեք ոնց, կոնկրետ պայմանագրի շրջանակներում համատեղ ուժերով, որ սկսվել են որոնողական աշխատանքները, առավոտյան ժամը 10-ի սահմաններում է եղել, երբ գրավոր, պաշտոնապես դիմել են` նշելով փախուստի դիմածի տվյալները եւ այն հանգամանքը, որ նա զինված է:
-Ըստ նախնական վարկածի՝ Պերմյակովը Ավետիսյանների ընտանիքում եղել է ժամը 6:20-ի սահմաններում:
-Դա նախաքննության մարմինը կասի, թե ինչ է հիմնավորվել նախաքննությամբ:
-Խնդիրն այն է, որ շատերի մոտ հարցական է մնացել, թե արդյո՞ք 102-րդ ռազմաբազայում Վալերի Պերմյակովի փախուստից անմիջապես հետո են ոստիկանություն ահազանգել, թե՞ երբ բանը բանից անցել է, նոր են հայտնել ձեզ: Ավելին՝ Դուք նշում եք ժամ, նախաքննության նախնական վարկածը արդեն իսկ կա, նշանակում է՝ ռուսական ռազմաբազան ժամանակին տեղյակ չի պահել ուստիկանությանը:
-Հստակ կլինի, նոր կարող ենք ասել: Ես ասացի հստակ ժամը, երբ իրենք դիմել են մեր մարզային վարչություն` նշելով փախուստի դիմածի տվյալները եւ այն, որ ինքը զինված է, եւ պայմանագրի շրջանակում սկսվել են աշխատանքները:
-Եթե նախաքննությամբ հինավորվի, արդյո՞ք ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է իր բողոքի ձայնը բարձրացնել ռուսական ռազմաբազայի անգործության մասով:
-Միանշանակ, նման տվյալներ ձեռք բերելու պայմաններում նախաքննության մարմինը հանդես կգա միջնորդությամբ, ինչի մասին է խոսքը:
-ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ 4 պարկուճները դեռ չեն հայտնաբերվել: Ձեզ մոտ հարց չի առաջացել, թե ո՞ւր են անհետացել պարկուճները:
-Երբ ես առաջին օրն ասացի պարկուճների մասին, հայտնեցի նաեւ, որ այս պահին էլ դեռ այնտեղ տեղազզնում է գնում: Հասկանում եք՝ 6 դիակ, ահռելի աշխատանք է: Համատեղ քննության ընթացքում Ձեզ հուզող հարցերի հստակ պատասխանները կունենանք:
-Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՀՀ ոստիկանությունը քաղաքական հրահանգ է ստացել Վալերի Պերմյակովին չձերբակալել, եւ եթե անգամ ՀՀ ոստիկանությունը հայտնաբերեր նրան, պետք է հանձներ ռուս իրավապահներին:
-Հավատացեք ինձ, ես եմ ղեկավարել որոնողական աշխատանքները եւ նման հրահանգ ոչ մեկից չեմ ստացել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
546 ԳՈՐԾ՝ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ
Երեկ հատուկ քննչական ծառայությունը ընդլայնված խորհրդակցություն էր գումարել՝ նվիրված 2014թ.-ի աշխատանքների ամփոփմանը: Խորհրդակցության նախագահող, հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի գնահատմամբ՝ վերջին մեկ, մեկուկես տարում ամեն ինչ արվել է, որ ծառայությունը դառնա ամենապրոֆեսիոնալ, սկզբունքային ու անաչառ կառույցը, որն ի զորու է կատարելու ամենաբարդ, բազմադրվագ, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը:
Վահրամ Շահինյանն իր խոսքում նշեց, որ ծառայության ձեռքբերումներից մեկը հակակոռուպցիոն ռազմավարության ներդրումն ու դրա հետեւողական իրականացումն է եղել: «Երեսպաշտություն չեմ համարի, եթե ուղղակի նշեմ, որ այսօր իրավապահ քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարն այնքան արդյունավետ է եղել իրենց համակարգերում, որքան հատուկ քննչական ծառայությունում»,- նշում է Վ. Շահինյանը: Վերջինս առանձնահատուկ ընդգծեց առանձին հանցատեսակների քննության մեջ մասնագիտացված կառուցվածքային երեք նոր ստորաբաժանումների կազմավորումն ու դրանց կայացման փաստը:
«Առանձին խումբ հանցագործությունների քննության վարչությունների ստեղծման հիմնական նպատակը կոնկրետ բնույթի հանցագործություններ քննող քննիչների մասնագիտացումն է, ինչը հանգեցնելու է այդ փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննության որակի նշաձողն անհամեմատ ավելի բարձր մակարդակի հասցնելուն,- ասաց Վ. Շահիյանն ու շարունակեց,- վարչությունների ստեղծման գաղափարի հիմքում ընկած է նաեւ միջազգային հանրության պահանջն ու եվրոպական երկրների բազմամյա դրական փորձի ուսումնասիրությունը»:
Ծառայության 2014թ-ի հաջորդ կարեւոր ձեռքբերումներից մեկն էլ կապված է նոր վարչական շենք տեղափոխվելու հետ: Հիշեցնենք, որ նախկինում ծառայությունը գտնվում էր գլխավոր դատախազության շենքում՝ առանձնացված, խիստ սահմանափակ մակերեսով հարկաբաժնում: Վ. Շահինյանն իրենց ձեռքբերումները գնահատելիս՝ շնորհակալություն հայտնեց նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ոստիկանության եւ ԱԱԾ գործընկերներին, նաեւ դատախազներին՝ լիահույս լինելով, որ երկուստեք համագործակցությունը շարունակական կլինի:
Ըստ Վ. Շահինյանի՝ իրենք ամեն ինչ անելու են, որ ամրապնդեն ձեռքբերումները եւ մեկտեղեն ջանքերը՝ տարվա շրջանակում ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար:
Ասենք, որ անցած տարվա ընթացքում ծառայությունում քննվել է 546 գործ՝ 103-ով գերազանցելով նախորդ 2 տարիներին քննված գործերի թվաքանակը միասին վերցրած:
ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԵՏՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
Ինչպես արդեն գիտենք՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանը եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արմեն Թումանյանը նշանակվել են Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորների պաշտոնում: Նրանք այդ պաշտոններում նշանակվել են Եվրասիական տնտեսական խորհուրդի որոշմամբ: Թե ով եւ ինչպես է որոշել, որ հենց այդ երկու թեկնածուները պետք է ՀՀ-ի կողմից ԵՏՄ դատարանում դատավոր նշանակվեն, դեռեւս պարզ չէ: Ինչեւէ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն արդեն իսկ հրապարակել է, թե ինչ են հայտարարագրել Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորները: Եվ այսպես, Էրնա Հայիրյանն իր հայտարարագիրը ներկայացրել է հունվարի 21-ին , սակայն չի նշել՝ արդյո՞ք ունի մեքենա կամ առհասարակ չի նշել իր դրամական միջոցները: Դատավորը միայն հայտարարագրում ներկայացրել է իր եկամուտների չափը: Ստացվում է՝ ԵՏՄ ապագա դատավորի աշխատանքի վարձատրությունը կազմում է 11 միլիոն 274 հազար 486 դրամ: Պարզվում է՝ դատավորը նվիրատվություն է ստացել 1,050,00 դոլար, եւ սա դեռ վերջը չէ. ՀՀ դրամով նրան նվիրատվություն են արել 8 միլիոն դրամ: Հետաքրքիր է՝ ո՞վ է այսպիսի շռայլություն ցուցաբերել եւ դատավորին նվիրատվություն արել:
Իսկ, ահա, մյուս ԵՏՄ դատավոր Արմեն Թումանյանի դրամական միջոցները 2014թ վերջին եղել է 11 միլիոն դրամ, իսկ եկամտի չափը՝ 9 միլիոն 295 հազար 998 դրամ: Պաշտոնը դադարեցնելուց հետո՝ հունվարի 20-ին, դատավորը նոր հայտարարագիր է ներկայացրել, որտեղ եկամուտները նշել է 11 միլիոն դրամը, իսկ եկամուտի չափը՝ 1 միլիոն 241 հազար 844 դրամ: Ըստ երեւույթի դատավորը ներկայացրած դրամական միջոցները նշել է միայն իր աշխատավարձի վերջնահաշվարկը, թե չէ ինչպես ստացվեց, որ 2014 թվականի ավարտին նրա եկամուտները կազմել էին շուրջ 9 միլիոն, իսկ դատավորի պաշտոնը դադարեցնելուց հետո նոր ներկայացված հայտարարագրում նշում է 1 միլիոն եկամուտի մասին:
ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ ՃԱՆԱՉԵԼ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ իր վերջին խոսքում դերասան Վարդան Պետրոսյանն ասել է. «Տեղի ունեցածը ես համարում եմ դժբախտ պատահար, որը կարող էր յուրաքանչյուրիս հետ պատահել։ Գիտակցելով կատարվածում իմ պատասխանատվության չափը՝ ես, այնուամենայնիվ, հայտարարում եմ, որ ինձ առաջադրված մեղադրանքում ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»: Վարդան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հարազատներին, հանդիսատեսին, փաստաբաններին, լրագրողներին, ընկերներին եւ կալանավայրի իր խցակիցներին՝ այս ամբողջ ժամանակ իր կողքին լինելու եւ իրեն սատարելու համար: Դատավճիռը կհրապարակվի հունվարի 29-ին։
ՀԱՆԴԻՊԵԼ Է
Չնայած, որ Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն, գտնվում է հոգեբանական ծանր վիճակում, այնուամենայնիվ, երեկ հանդիպել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Armlur.am-ի հետ զրույցում նա նշել է, որ վեցամսյա Սերյոժայի անունով բացված հաշվեհամարին եղած գումարը, որը գոյացել էր քաղաքապետի 3 ամսվա աշխատավարձից եւ մի շարք քաղաքացիների հանգանակությունից, կհատկացվի Ավետիսյանների գերեզմանաշինությանը: Հաշվեհամարն արդեն փակված է: Քաղաքապետը, սակայն, տեղեկացրել է, որ շարունակում է զանգեր ստանալ սփյուռքից, եւ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնում գումար փոխանցել: