Եթե նշանավոր հայ ողբերգակ Վահրամ Փափազյանը ողջ լիներ ու տեսներ Արաբկիր համայնքում տեղադրված իր կիսանդրին՝ զայրացած ու բորբոքված կասեր. «Մարը նետեմ, ո՞վ է սա խայտառակ մարդը, կորսնցուցեք՝ երթա»: Բայց քանի որ Փափազյանը ողջ չէ, Արտակ Սարգսյանը կարող է հանգիստ լինել, ժամանակ առ ժամանակ գալ ու լուսանկարվել այդ կիսանդրու մոտ՝ հպարտանալով, որ այնքա՜ն թատերապաշտ ու մշակութապաշտ է եղել, որ հայ մեծ դերասանի հիշատակն է հավերժացրել:
Իհարկե, ՍԱՍ-ի Արտակը հազիվ թե իմանար՝ ով է Վահրամ Փափազյանը, եթե նրան չհուշեին Երեւանի քաղաքապետարանից, ավելի ստույգ՝ Տարոն Մարգարյանի մշակութային հարցերով խորհրդական Արամ Սուքիասյանը չասեր, թե նախընտրական ամենալավ բլեֆներից մեկը կարող է Փափազյանի կիսանդրու տեղադրումը լինել: Կգան արվեստագետներ, կփառաբանեն, հեռուստադիտողն էլ կտեսնի ու կասի, որ Ա. Սարգսյանը ոչ միայն մայրաքաղաքի ամենաթանկ սուպերմարկետներից մեկի տերն է, այլեւ արվեստասեր է, գնահատում է մտավորականությանը…
Ա. Սարգսյանը շա՜տ էր կարոտել խորհրդարանին, անգամ վիրավորվել էր, որ իր կոլեգաներից մի քանիսն արդեն պատգամավոր են, իսկ ինքը դուրս է մնացել խորհրդարանից, ուստի պետք էր ամեն ինչ անել, որպեսզի «գարնիտուրը» լրիվ լիներ, գործարարության կողքին լիներ նաեւ պատգամավորի մանդատը, քանի որ հիմա Հայաստանում դա է համարվում «պրեստիժ»… Իհարկե, Ա. Սարգսյանն առաջին անգամ չէ ոտք դնում խորհրդարան, սակայն չափազանց հետաքրքիր է նրա կուսակցական «երեսփոխանությունը», որը բավականին բազմաշերտ է:
Ա. Սարգսյանն առաջին անգամ ԱԺ պատգամավոր է դարձել 2004թ., այսինքն՝ ընտրություններից մոտ մեկ տարի անց եւ ընտրվել թիվ 44 ընտրատարածքից: Այդ ընտրությունները երկար կմնան ընտրողների հիշողության մեջ, որովհետեւ առատության եղջյուրից թափվում էին «ՍԱՍ-ական» փողերը, օրնիբուն Ա. Սարգսյանի շրջապատը պաշարում էր ընտրատարածքն ու այնպես անում, որ օձն իր պորտով չկարողանա թափանցել այստեղ ու խոչընդոտել գործարարի ծրագրերին: Անշուշտ, որոշակի դեր կատարեց նաեւ այդ ժամանակ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, քանի որ Արտակը համալրել էր «Օրինաց երկրի» շարքերն ու խորհրդարանում պիտի նստեր նրանց կողքին, ովքեր իրենց ելույթները սկսում էին «թանկագին Արթուր Վահանիչը» արտահայտությամբ՝ մեզ տանելով դեպի բրեժնեւյան ժամանակները…
2006-ին գործի դրվեց Սերժ Սարգսյանի հանճարեղ ծրագիրը, ու նրա ստեղծած ՕԵԿ-ն իրեն հռչակեց ընդդիմադիր՝ կոկորդիլոսի արցունքներ թափելով խորհրդարանական ամբիոնից: Արտակ Սարգսյանն առանձնակի տխրություն չապրեց, չհուզվեց, որովհետեւ ամեն ինչ վաղօրոք ծրագրված ու մշակված էր: Նա անմիջապես համալրեց «գործարար» պատգամավորական խմբի շարքերն ու հասավ 2007-ի սահմանագծին:
Միշտ լավ հաշվարկներ անող Ա. Սարգսյանը, սակայն, 2007-ին վրիպեց: Նա ընդգրկվեց Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակում, քանի որ այնտեղ էին հայտնվել նաեւ մի քանի նախկին ՕԵԿ-ականներ, այդ թվում նաեւ՝ Գագիկ Մխեյանը: Հավանաբար, Կարապետիչին խոստումներ էին տվել, հուսադրել, որ նա դհոլ-զուռնայով խորհրդարան է մտնելու ու այստեղ էլ կազմակերպելու է ադամանդների մրցաշարեր, ուստի Ա. Սարգսյանը շտապեց տեղ զբաղեցնել ապագա «ադամանդների» շարքում, մանավանդ որ դրա իրականից էլ քիչ չունի: Բայց հաշվարկները սխալ դուրս եկան, ու առաջին անգամ գործարար Արտակ Սարգսյանն առեւտրի մեջ տանուլ տվեց՝ կորցնելով նաեւ որոշ գումարներ, որոնք ներդրել էր Կարապետիչի կուսակցության հաղթանակի համար:
Բայց երջանիկ պահն էլ եկավ 2012-ի մայիսի 6-ին. ՀՀԿ-ական Ա. Սարգսյանը թիվ 4 ընտրատարածքից դարձավ պատգամավոր: Ընտրակաշառք, իհարկե, եղավ, հո Արտակը հետ չէ՞ր մնա բոլոր նրանցից, ովքեր իրենց գրպաններն ու քսակներն էին բացել: «Ուշ լինի, նուշ լինի».-մտածում էր նա, եւ այդ ուշացած նուշն արդեն իր գրպանում է: Ի դեպ, մի շարք հարցերում երբեք չի շտապել Արտակ Սարգսյանը. նա գյուղատնտեսական համալսարանն ավարտել է 2001 թվականին՝ 28 տարեկան հասակում, երբ արդեն հայտնի գործարար էր ու հիմնել էր ՍԱՍ սուպերմարկետների ցանցը: Իսկ այ փող ունենալու հարցում պետք էր շտապել, որպեսզի ե՛ւ դիպլոմ ունենար, ե՛ւ պատգամավորական մանդատ:
28 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ Է ԴԻՊԼՈՄ ՍՏԱՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ