Վերջին երկու տարվա ընթացքում, հաշվի առնելով մայրաքաղաքի բնակիչներին պատճառվող անհարմարությունները, կեսգիշերից հետո գործունեություն ծավալելու իրավունքից զրկվել է զվարճանքի 39 օբյեկտ: «Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանից տեղեկացավ, որ այս պահին խիստ հսկողություն է սահմանված մայրաքաղաքում գործող զվարճանքի օբյեկտների գործունեության նկատմամբ: Նկատենք, որ այս ստուգումների արդյունքում որոշ գիշերային ակումբներ առհասարակ դադարեցրել են իրենց գործունեությունը եւ փակվել:
Օրերս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ համապատասխան մասնագետներին հանձնարարեց ուսումնասիրել բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքում գործող զվարճանքի օբյեկտների աշխատանքի հետ կապված քաղաքացիների դիմում-բողոքներն ու, ըստ այդմ, համապատասխան քայլեր ձեռնարկել տվյալ օբյեկտների` ժամը 24:00-ից հետո գործունեության թույլտվության տրամադրման կամ դադարեցման ուղղությամբ:
Նա նաեւ տեղեկացրեց, որ մշակվել եւ ներկայացվել է օրենքի նոր նախագիծ, որով կարգելվի զվարճանքի օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքներում:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի տեղեկալ Ալֆրեդ Հունանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ զվարճանքի օբյեկտների սեփականատերերի անհամաձայնությունն իրենց համար այդքան էլ կարեւոր չէ: «Մեծամասնության շահերը պաշտպանելն է մեզ համար կարեւոր, ոչ թե փոքրամասնության՝ մեկի, երկուսի: Մենք արդեն հասել ենք նրան, որ օբյեկտների սեփականատերերը հասկացել են, որ իրենք խանգարում են բնակիչների անդորրը, հանգիստը: Եւ, ի վերջո, ողջ աշխարհն է գնում դրան: Վերջին շրջանում, հատկապես Մոսկվայում, գիշերային ակումբները համատարած փակվում են: Նույն պատկերն է նաեւ եվրոպական երկրներում: Աշխատի, քո գործով զբաղի, բայց դրա արդյունքում մարդկանց մի՛ անհանգստացրու: Մեզ համար կարեւոր է բնակիչների շահերը պաշտպանելը»,- լրացրեց Հունանյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ քաղաքապետարանի կողմից խիստ հերթապահություն է սահմանվում նույնիսկ գիշերային ժամերին, որպեսզի օբյեկտների սեփականատերերը չօգտվեն առիթից ու կեսգիշերից հետո չաշխատեն: Հունանյանի պատմելով՝ եղել են դեպքեր, երբ խախտել են օրենքը եւ տուգանվել:
Երեւանում ժամանակին գործող գիշերային ակումբներից մեկի սեփականատերը, ով խնդրեց անունը չհրապարակել, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուսահատված նկատեց, որ գործարարներին ոգեւորելու փոխարեն այս կերպ խոչընդոտում են: «Թող հատուկ տարածք հատկացնեն ու թույլ տան աշխատենք: Գիշերային ակումբների ստեղծած աղմուկն ինչ է, որ խանգարում է մարդկանց»,- դժգոհեց նա:
Սակայն քաղաքապետարանի առեւտրի ու սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ Էդուարդ Ամիրաղյանի պնդմամբ՝ քաղաքացիները հիմնականում դժգոհում են զվարճանքի օբյեկտներում տեղի ունեցող վիճաբանություններից, ծեծկռտուքներից, այլ ոչ թե աղմուկից: «Մենք գիշերային ժամերին ստուգումներ ենք իրականացնում: Քաղաքապետի հանձնարարականով ամենօրյա հսկողություն ենք իրականացնում: Երբ բնակիչներից բողոքներ ենք ստանում, ապա անմիջապես ընթացք ենք տալիս, ուսումնասիրում: Եթե բնակիչները կոնկրետ աղմուկից են բողոքում, ապա այն անմիջապես ուղարկում ենք ՀՀ առողջապահության նախարարություն՝ առողջապահական պետական տեսչություն, որտեղ ձայնի եւ աղմուկի մակարդակի գործիքային չափումներ են կատարում: Ի դեպ, առողջապահության նախարարության կողմից սահմանված նորմեր գոյություն ունեն, եւ եթե խախտվում են այդ նորմերը, ապա անմիջապես վարչական արձանագրություն է կազմվում»,- ներկայացրեց գլխավոր մասնագետը:
Մեր զրուցակցից պարզեցինք նաեւ, որ բացի գիշերային, կարաոկե ակումբների աշխատանքից՝ մարդիկ դժգոհում են նաեւ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունից: «Ռուբինյանց հասցեում նման օբյեկտ կա, արդեն երկու-երեք տարի է՝ դիմում են, որպեսզի թույլտվություն ստանան՝ կեսգիշերից հետո աշխատելու համար: Մենք մերժում ենք, որովհետեւ մոտ երեք տարի առաջ այդտեղ սպանություն եղավ, այս պատճառով իրենց արգելված է կեսգիշերից հետո աշխատել»,- պատմեց Ամիրաղյանը:
Գլխավոր մասնագետը տեղեկացրեց, որ իրենց կողմից իրականացվող ստուգումների արդյունքում որոշ գիշերային ակումբներ փակվել են: Օրինակ՝ «Լիբիդո», «Աֆրոդիտե», «Դելիս» գիշերային ակումբները: Հալաբյան-Լենինգրադյան խաչմերուկում գտնվող անցումում գործող գիշերային ակումբները նույնպես փակվել են: Իսկ, ահա, «Վան» հացատանը, «Աֆրիկանո» բարին արգելված է կեսգիշերից հետո աշխատել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՅՈԹ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ
Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունը 2014թ-ին արձանագրել է իրավախախտման 7 դեպք: Դրանցից 3-ը թույլ է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` համայնքների գազաֆիկացման ընթացում:
Ընկերության կողմից գազատարներ են անցկացվել հուշարձանների ճակատային մասով: Դրանք են Խնածախի Մելիք Հախնազարի ապարանքը, Վաղատուրի գյուղատեղի Հալաքին, որի մեջ հաշվառված է Հալաքի վանքը, Խոզնավարի 2-րդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանը:
«Այս 3 խախտումներն էլ կատարվել են արձանագրված եւ սահմանված պահպանական գոտիներում: Դրանց թույլտվությունները ստորագրված են եղել ներկա դրությամբ գործող համայնքների ղեկավարների կողմից»,-ասում է պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը` ընդգծելով, որ չնայած ծառայության ահազանգերին՝ խախտումներն ընկերության կողմից չեն վերացվել:
Մարզի տարբեր քաղաքներում քիչ չեն նաեւ այլ բնույթի խախտումները: Աստղիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցի ընթացքում դրանք մեկ առ մեկ մատնանշում է. «Սիսիանի Շահրիստան քաղաքատեղին գտնվում է բնակելի սեփական տների տարածքում, եւ անընդհատ բնակիչները գոմաղբ եւ կենցաղային աղբ են հավաքում քաղաքատեղիի տարածքում»,-նշում է կառույցի պատասխանատուն` ընդգծելով, որ այս դեպքում հաջողվել է համոզել բնակիչներին տարածքը մաքուր պահել:
Ինչ վերաբերում է հուշարձանների տարածքում կատարված պեղումներին՝ պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետի խոսքով՝ 5 տարբեր համայնքներում են դրանք իրականցվել: Տեղի Սբ.Գեւորգ եկեղեցու, Կապանի Բեխի Անապատի, Անգեղակոթի Ներքին Գոդեձոր, Աղտիու Ամրոցի եւ Ույծի Սանգեռ ամրոցի տարածքներում: Իսկ Անգեղակոթի Ուխտասարի ժայռապատկերի տարածքում արդեն երրորդ տարին է՝ ուսումնասիրություններ են կատարվում հայ-անգլիական արշավախմբերի կողմից:
Պեղումների արդյունքում հայտնաբերված ամրոցներն ու բնակատեղիները ընդհուպ մինչեւ քարեդարյան ժամանակաշրջանի մասին են վկայում եւ հասցնում մինչեւ հայ ժողովրդի ծագման բուն արմատները:
Աստղիկ Հակոբյանից տեղեկացանք նաեւ, որ վերականգնվել է Որոտնավանքի Սբ. Կարապետ եկեղեցու տանիքը, իսկ Կապանի Շիկահողի Սբ. Ստեփանոս նախավկայի եկեղեցու վերակառուցումն ընթացքի մեջ է, այն նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի:
Մարզի 2.900 հուշարձաններից 36-ն ընգրկված են առավել վտանգվածների ցանկում, իսկ 4-ը փլուզման եզրին են: Առայժմ նախատեսվում է վերականգնել դրանցից միայն մեկը` Մեղրու վանքը:
Ի դեպ, կառույցի ենթակայության տակ գտնվող հուշարաձանների ցանկն անցած տարի համալրվել է 26 նորահայտ հուշարձաններով:
ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան