ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2011թ. դեկտեմբերի 8-ի որոշումը, համաձայն որի՝ նոր ուսումնական տարվանից Ակադեմիական միջազգային ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը դադարեցնելու է իր գործունեությունը, առաջացրել է ուսումնական հաստատության ուսանողների դժգոհությունը: Խնդիրն այն է, որ ամիսներ առաջ ընդունված որոշման մասին բուհի ուսանողներին տեղեկացրել են միայն վերջերս: Ուսանողներին զգուշացրել են, որ կրթությունը շարունակելու են մայրաքաղաքում, հակառակ պարագայում ավարտական դիպլոմ չեն ստանա: Մինչդեռ շատերը հնարավորություն չունեն մայրաքաղաք տեղափոխվել, քանի, որ ֆինանսապես ապահովված չեն:
Ակադեմիական միջազգային ինստիտուտի ուսանողները դիմում-նամակ են գրել հանրապետության նախագահին, կառավարության ղեկավարին, ԿԳ նախարարին, ինչպես նաեւ Շիրակի մարզից ընտրված պատգամավորներին: Ուսանողներն առաջարկել են թույլ տալ իրենց ավարտել ուսումը Գյումրիում, որից հետո նոր ընդունելություն կազմակերպել մայրաքաղաքում: «Նախարար Արմեն Աշոտյանի որոշումը օրինական չէ եւ չի բխում ուսանողների շահերից: Ես եկել եմ Ռուսաստանից, մնում եմ բարեկամներիս տանը: Բայց ես չեմ կարող ուսումս շարունակել Երեւանում: Հիմա, փաստորեն, իմ երկու տարվա կրթությունն անիմաստ է»,-ասում է ուսանողներից մեկը: Հարկ է նշել, որ նաեւ կադրերի կրճատում է սպասվում. ավելի քան 15 դասախոսներ կազատվեն աշխատանքից:
Հերթական այս որոշումը դարձյալ ապացուցում է, որ փորձ է արվում ամեն ինչ կենտրոնացնել մայրաքաղաքում: Մարզերի համաչափ զարգացման մասին ճառեր ասողների գործողությունները զգալի տարբերվում են հնչեցրած խոստումներից:
«Եթե նախարարությունը մտադիր էր նման որոշում կայացնել, ապա պարտավոր էր այդ մասին մեզ ավելի վաղ տեղեկացնել, չի կարելի հենց այնպես անտեսել բոլորին: Եւ հետո, ընդունելության ժամանակ թող ասեին, որ նման վտանգ կա, մենք էլ չէինք չարչարվի: Փաստորեն, մեր իրավունքները ոտնահարում են»,-ասում է ուսանող Մարիամ Սարգսյանը:  
Օրեր առաջ ուսանողները հանդիպում են ունեցել նաեւ ինստիտուտի տեղի ղեկավարի հետ, սակայն վերջինս պատասխանել է, որ նախարարի որոշումն անբեկանելի է՝ հորդորելով համակերպվել նոր պայմանների հետ կամ ուսումը շարունակել տեղի բուհերից մեկում: Նա նաեւ ասել է, որ չի կանգնելու ուսանողների թիկունքին, եւ որ նրանք ցանկության դեպքում պետք է միայնակ պայքարեն՝ արդյունքի հասնելու համար: «Վանյանի ասածներից հասկացանք, որ հաստատության ռեկտորն ու դասախոսական կազմը շոկի մեջ են: Իրենք էլ չգիտեն՝ ինչ անել»,-նշեցին ուսանողները:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը մեզ փոխանցեց, որ ուսանողների դիմում-նամակը կքննարկվի առաջիկա օրերին, որից հետո պատասխան կտրվի: Իսկ թե ինչպիսին կլինի պատասխանի բովանդակությունը, նախարարության աշխատակիցը չցանկացավ նշել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Շիրակ




Լրահոս