Լուիզա Ղամբարյանն այս տարի թե՛ թատրոնից, թե՛ կինոյից ունի նոր դերերի առաջարկներ, որոնց մասին հանդիսատեսն առաջիկայում առիթներ կունենա լսելու: Դերասանուհին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է իր մասնագիտական ծրագրերին, խոսել է Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հեղինակած եւ արդեն իսկ բուռն քննադատությունների արժանացած «Հիշողություն» ֆիլմի, դրանում կերտած իր դերի եւ ֆիլմի վերաբերյալ բացասական կարծիքների մասին:
-Լուիզա՛, դժվար չէ՞ անընդմեջ գեղեցիկ ու ցանկալի կնոջ կերպարում լինել:
-Օյ, ես նման միտում բացարձակ չունեմ, նամանավանդ, որ արդեն երկու տարի է՝ էկրաններին ներկայանում եմ մի կերպարով, որը կանացիության եւ ցանկալիության հետ այդքան էլ կապ չունի, եւ չեմ վախենում, որ կարող եմ տգեղ կամ ծիծաղելի երեւալ:
-Ի դեպ, հանդիսատեսը երբեմն հարցնում է՝ ինչ գործ ունի թատրոնի սիրված դերասանուհին «Հարազատ թշնամի» սերիալում, «մի տեղ, որտեղ բոլորն անընդմեջ գոռգոռում են»:
-Լինելով դասական թատրոնի դերասանուհի՝ ինձ փորձում եմ նաեւ սերիալի ձեւաչափում, քանի որ դա նույնպես իմ աշխատանքն է: Իմանալով հանդերձ դրա բոլոր թերությունների մասին՝ այնուամենայնիվ, սիրում եմ իմ աշխատանքը:
-Օրերս համացանցում քննադատությունների տարափ տեղաց ՀՀԿ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ( Ճոյտ) «Հիշողություն» ֆիլմի վերաբերյալ: Սոցցանցերի օգտատերերը, ովքեր հասցրել էին դիտել Ձեր մասնակցությամբ ֆիլմը, նշում էին, որ հայերիս համար կարեւորագույն թեմայով՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող այս ֆիլմը խայտառակություն է, ամոթ է, որ այն ներկայացվի արտերկրում, սցենարը պարզամիտ է, բեմադրությունը՝ ոչ պրոֆեսիոնալ: Ինչպե՞ս եք վերաբերում այս քննադատություններին, եւ ո՞րն է ֆիլմի մասին Ձեր մասնագիտական կարծիքը:
-Շատ երկար ժամանակ էր՝ ինչ ցանկություն ունեի իմ փոքրիկ ասելիքն ունենալ, մասնագիտական վերաբերմունքը ցույց տալ Ցեղասպանության թեմայի շրջանակում: Ֆիլմի փակ դիտմանը ես ներկա չեմ եղել, այն չեմ դիտել: Անշուշտ, մասնակցել եմ նկարահանումներին եւ ֆիլմի մասին որոշակի պատկերացում կազմել եմ հենց նկարահանումների ժամանակ, սակայն այս պարագայում ահռելի նշանակություն ունի նաեւ մոնտաժը, ուստի չեմ շտապի կարծիք հայտնել: Ինչ վերաբերում է վատ կարծիքներին կամ քննադատություններին, ապա ասեմ, որ տեղի է ունեցել փորձ՝ նկարահանելու ֆիլմ, եկեք չշտապենք ասել, թե արտերկրում դա ինչ արձագանք կունենա: Որոշ պատմաբաններ եւ գործի մասնագետներ, գուցե, ասեն, որ փաստեր են խեղաթյուրված, բայց ես այնտեղ մի փոքրիկ էպիզոդիկ կերպար եմ կերտել եւ փորձել եմ խաղալ նորմալ, այսքանը:
-Քննադատողները հիմնականում նշում էին, որ ամեն մարդ չպետք է մոտենա մեզ համար այդքան կարեւոր եւ խոցելի թեմային՝ Հայոց ցեղասպանությանը: Դրանով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները: Դուք ի՞նչ կասեք:
-Ես համաձայն եմ: Ուստի, եթե տվյալ ֆիլմում կան որոշակի բացթողումներ, լավ կլիներ, եթե այդ ամենը քննարկվեր եւ համակարգային մոտեցում ցուցաբերվեր: Նման թեմայի շուրջ պրոֆեսիոնալների մի աբողջ թիմ պետք է աշխատի, լուրջ նախապատրաստական աշխատանքներ են պետք: Ես դեմ չեմ այդ կարծիքին:
-Որքանով որ մասնակցել եք ֆիլմի ստեղծման պրոցեսին, ինչպիսի՞ն են եղել Ձեր ընդհանուր տպավորությունները:
-Գիտեք՝ ես էմոցիոնալ եւ շատ հուզված եմ եղել: Ինքս նկարահանվել եմ գաղթի տեսարաններում, մի դերասանուհու եմ մարմնավորել, ազդեցիկ կերպարի: Ես, անկեղծ ասեմ, լսել եմ ֆիլմի մասին ավելի վատ եւ լավ կարծիքներ, իսկ իմ տպավորությունը եղել է հուզական:
-Մշտապես հանդես եք գալիս անապահովներին ու հիվանդներին օգնելու վերաբերյալ հասարակությանն ուղղված կոչերով: Որոշ հայտնիներ սա անում են զուտ փիարի համար, իսկ Դո՞ւք:
-Ես փորձում եմ անել ամեն բան, որպեսզի իմ դստերը մեծացնեմ որպես կարեկցող մարդ: Դա է իմ հիմնական նպատակը: Ի դեպ, աղջիկս եւս նկարահանվել է «Հիշողություն» ֆիլմի մի փոքրիկ էպիզոդում, եւ դա պատահական չէր: Ես ուզում էի, որ նա այդ թեմայի վերաբերյալ պատկերացում ունենա:
-2015-ին Ձեզ ի՞նչ նոր կերպարներում կտեսնենք բեմում եւ էկրանին:
-Դրամատիկական թատրոնում գարնանը հանդիսատեսի դատին կհանձնվի իմ եւ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ «Կալիֆորնիական մեղեդիներ» գործի հիման վրա ներկայացում՝ տրագիկոմեդիայի ժանրում: Շուտով կսկսվեն նաեւ իրանահայ ռեժիսորի գեղարվեստական նոր ֆիլմի նկարահանումները: Նրանից եւս մի հրաշալի դերի առաջարկ ունեմ:
ՀԱՄԱՐՁԱԿ ԹԵ՞ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ՔԱՅԼ
Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմն ուսումնասիրել է Հայաստանի ազգային արխիվն ու օրեր առաջ առաջին անգամ Վրաստանի Կառավարությանը ներկայացրել մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը Վրաստանում գործած հայկական եկեղեցիների ստույգ թիվը:
Վրաստանի Կառավարության կրոնական հարցերով զբաղվող պետական գործակալությանն ուղարկված նամակում թեմը ներկայացրել է համապարփակ տեղեկատվություն Վրաստանում մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը գործած 442 եկեղեցիների մասին: Եթե մինչ այդ թեմը Վրաստանի Կառավարությանը ներկայացրել էր միայն գործող եկեղեցիների ցանկը, ապա այս անգամ Վրաստանի Կառավարությունից պահանջել է ետ վերադարձնել իրեն պատկանող սեփականությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի ներկայիս պետությունը Խորհրդային Վրաստանի իրավահաջորդն է: Ընդ որում, ցուցակում ներառվել են Վրաստանի հայկական բոլոր եկեղեցիները՝ գործող, խոնարհված, փլված, վրացականացված:
Եթե հաշվի առնենք, որ մինչեւ հիմա հայկական կողմը հիմնականում հանդես էր եկել Վրաստանի 6 հայկական եկեղեցիները վերադարձնելու պահանջով, ապա պետք է նկատենք, որ այս վերջին պահանջն իր նախադեպը չունի:
Վրացագետ Ջոնի Մելիքյանի պնդմամբ, սակայն, մենք չպետք է կառչենք այդ մաքսիմալիստական հայտարարությունից. «Մամուլը փոքր-ինչ այլ կերպ է մեկնաբանում այդ հայտարարությունը, որը զուտ այն բանի համար էր, որ հայկական կողմը ցույց տար՝ արխիվով հետազոտվել է, եւ պարզվել, որ նման եկեղեցիներ եղել են»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանեց վրացագետը՝ հավելելով, որ մեր հիմնական պահանջը, այնուամենայնիվ, պտտվում է 5-6 եկեղեցու շուրջ:
Իսկ ահա հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանն այն համոզման է, որ սա Վիրահայոց թեմի կողմից շատ ուշացած, բայց համարձակ քայլ էր. «Այդ եկեղեցիների թիվն ավելին է, քան 442-ը, բայց, իհարկե, դա էլ շատ մեծ թիվ է: Դարերով գործած եւ հետո բռնազավթված մեր եկեղեցիների համար միշտ էլ տեղին է հիմնավորված պահանջ ներկայացնելը: Դրանք, վերջապես, կառուցվել են հայերի կողմից, եւ այդ հողերն էլ ազգապատկան են: Ի դեպ, Վրաստանում գտնվող ազգային գերեզմանատները նույնպես մեր ազգի հիշատակներն են եւ պետք է մեզ պատկանեն»,-նկատեց նա՝ հավելելով, որ մեր թիկունքում պետք է ներգրավել ուժեղ մասնագետների, որպեսզի վերջին պահանջն իրավաբանական եւ այլ իմաստներով խոցելի չլինի:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԻԵՆ ԳԻԼԱՆԸ՝ ԳՅՈՒՄՐՈՒ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Աշխարհահռչակ Deep Purple ռոք-խմբի երգիչ Իեն Գիլանը հունվարի 12-ի ողբերգության կապակցությամբ նամակով դիմել է Գյումրիի բնակիչներին: «Մեդիամաքս»-ի փոխանցմամբ՝ հունվարի 25-ով թվագրված նամակում ասված է. «Հարգելի՛ ընկերներ, ցանկանում եմ հայտնել անկեղծ ցավակցություններս հունվարի 12-ին Գյումրիում կատարված վայրագության կապակցությամբ: Այդ քստմնելի եւ անիմաստ հանցագործությունը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, հոգիս ցավով եւ տխրությամբ լցրեց Գյումրիի ժողովրդի համար»: Գիլանի խոսքով՝ գյումրեցիները քաջ եւ սիրող մարդիկ են, որոնց հետ ինքն ուժեղ հոգեւոր կապ է զգում: «Սովորական մարդիկ ի զորու չեն հասկանալու, թե ինչպես կարելի էր նման կենդանական արարք գործել: Աղոթում եմ, որ իշխանությունները ճիշտ որոշում կայացնեն, եւ արդարադատությունը ի կատար ածվի այնպես, որ հարգի անմեղ զոհերի հիշատակը, որոնց մենք հիշելու ենք հարգանքով եւ սիրով»,-նշել է նա նամակում:
ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԶԱՎԱԿ
Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դերասան Հովակ Գալոյանը հայր է դարձել: Հունվարի 21-ին կինը՝ դերասանուհի Մագդա Մարկոսյանը, նրան միանգամից երեք երեխա է պարգեւել: Դերասան ամուսինները երկու աղջիկ, մեկ տղա են ունեցել. փոքրիկները ծնվել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: ESem.am-ի հետ զրույցում Հովակը խոստովանել է, որ դեռ «օդերով է քայլում»: «Հասկանում եք՝ այժմ ինչ վիճակում եմ. դեռ շոկի մեջ եմ: Չեմ կարող բառերով արտահայտել, թե ինչ եմ զգում, անբացատրելի երեւույթ է»,-ասել է նա: Հովակի փոխանցմամբ՝ կինն ու նորածին երեխաները դեռեւս հիվանդանոցում են եւ առաջիկա օրերին կտեղափոխվեն տուն:
ՀԱՅՈՒՀԻՆ՝ «ՄԻՍՍ ՏԻԵԶԵՐՔ»-ՈՒՄ
Վերջերս Մայամիում տեղի է ունեցել «Միսս Տիեզերք 2014» մրցույթի եզրափակիչ փուլը, որի հաղթողն է դարձել Կոլումբիայի ներկայացուցիչ Պաուլինա Վեգան: 22-ամյա գեղեցկուհու հասակը 178 սմ է, նա տենոր Գաստոն Վեգայի թոռնուհին է, շատ է սիրում պարել: Պաուլինան, սակայն, հայտարարել է, որ սա վերջին մրցույթն է, որին ինքը մասնակցում է, քանի որ մտադիր է առաջիկայում շարունակել ուսումը:
Ի դեպ, «Միսս Տիեզերք 2014» մրցույթին մասնակցել է 87 աղջիկ, իսկ Ուրուգվայը ներկայացրել է հայազգի Ջոհանա Ռիվա Կարապետյանը:
ՄԱՀԱՑԵԼ Է
Մահացել է հույն հանրահայտ երգիչ Դեմիս Ռուսոսը, հայտնում է Le Figaro-ն: Վերջին շրջանում 68-ամյա երգիչն ապրում էր ինչպես Հունաստանում, այնպես էլ Ֆրանսիայում՝ Նոյի քաղաքում: Նրա հայտնի երգերից են We Shall Dance-ը, Goodbye My Love-ը, Souvenirs-ը: Իր երաժշտական կարիերայի ընացքում Դ. Ռուսոսը վաճառել է ալբոմների մոտ 60 մլն օրինակ: