«ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆՍ ՄԵՋ ԳՐԴՈՆ ՉԵՄ ԱՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համազգային թատրոնի դերասան ՎԱՐՇԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ժամանակին նկարահանվում էր սերիալում, բայց հիմա նրան չենք տեսնում եւ ոչ մի սերիալում:  Թե ինչն է պատճառը եւ ինչով է հիմա զբաղվում Վարշամը, պարզեցինք հենց իրենից:
-Հիմա զբաղվում եմ իսկական դերասանի գործով, այսինքն՝ խաղում եմ թատրոնում: Ինչ վերաբերում է սերիալներին, վերջին 2 տարվա ընթացքում առաջարկներ շատ են լինում, բայց բոլորից հրաժարվում եմ:
-Սերիալների որա՞կը չի բավարարում, թե՞…
-Իմ կարծիքով՝ հիմա սերիալների վիճակն էլ ավելի է վատացել, նախկինում շատ ավելի լավ էր: Հիմա եթե նույնիսկ դերասան չլինես, կարող ես հանգիստ նկարվել: Չեմ տեսնում սերիալում դերասանի պահանջարկ:
-Կոպիտ ասած՝ «չդերասանների» ներկայությունի՞ց եք նեղվում:
-Կոնկրետ անձնավորված չէ, ուղղակի այս պահին մի տեսակ չեմ ուզում նկարվել սերիալներում, բայց չեմ ասում, որ էլ երբեք չեմ նկարվի: Եթե լավ գործ լինի, կհամաձայնեմ, ուղղակի հիմա այդպիսի բան չեմ տեսնում: Տպավորությունն այնպիսին է, որ նույնիսկ հանդիսատեսին միեւնույն է՝ դերասանը լավ է խաղում, թե վատ: Այսինքն՝ ստացվում է, որ դերասանի մասնագիտությունը կարեւոր չէ:
-Փաստորեն, կատեգորիկ դեմ չեք:
-Իհարկե ոչ: Ժամանակին ինքս էլ նկարահանվել եմ, դրա մեջ ոչ մի ահավոր բան չկա: Արվեստում կարեւոր չէ՝ ինչ տեսակ ես անում, կարեւորը՝ ինչպես ես անում: Լավ սերիալին դեմ չեմ:
-Իսկ երբ նախկինում նկարահանվում էիք, միայն եկամտի համա՞ր էիք դա անում:
-Երբեք էլ սերիալում գումարի համար չեմ նկարվել: Ես նկարահանվել եմ, քանի որ այդ սերիալը համարել եմ լավը, իմ խաղընկերներին` նույնպես: Ուսանող տարիքից էլ մասնագիտությանս մեջ գրդոն չեմ արել: Յուրաքանչյուր այլ բնագավառում էլ կարող եմ աշխատել ու գումար վաստակել, բայց երբեք իմ մասնագիտության մեջ գրդոն չեմ անի: Ճիշտ է, իսկական դերասանի գործը թատրոնն է, սակայն այսօր շատ դերասաններ զբաղվում են կրկին իրենց մասնագիտությանը մոտ, բայց այլ բաներով` մեկը ձայնագրություն է անում, մյուսը՝ միջոցառում վարում, ինչին դրական եմ վերաբերում:
-Դա գալիս է նրանից, որ դերասանի ստացած աշխատավարձով ապրել հնարավոր չէ:
-Դե կոնկրետ թատրոնի` ոչ:
-Դուք կողմնակի ի՞նչ գործեր եք անում, կնունք, ծնունք, հարսանիք վարո՞ւմ եք…
-Ո՛չ, ինչը որ սեղանի հետ է կապված, չեմ անում: Տարբեր միջոցառումներ, խանութների բացումներ կամ նմանատիպ այլ հավաքույթներ հնարավոր է, բայց ոչ սեղանի առկայությամբ: Ես չեմ ուզում սեղանի հետ կապված հանդիսություններ վարել, ինձ համար դա սկզբունքային է:  
-Դրսից աշխատանքի առաջարկներ չե՞ք ստացել:
-Չէ՛, ես հատուկ այդ ուղղությամբ չեմ աշխատում, կապեր չեմ փնտրում: Հետո դերասանի գործում նաեւ լեզվի խնդիր կա: Դու պարող չես, որ քո պարը բոլորը հասկանան, իսկ դրսում աշխատելու համար պետք է գոնե լեզվին տիրապետես: Դերասանը նաեւ մենթալիտետի խնդիր ունի:
-Այս տարիների ընթացքում չի՞ եղել ցանկություն` թողնել դերասանությունն ու զբաղվել այլ գործով:
-Դեռ ոչ: Ես այս հարցի շուրջ լուրջ մտածել էի դեռ ինստիտուտ ընդունվելուց առաջ: Ասում էի՝ եթե մի տարիք գա, ու ես չլինեմ իմ կարիերայի՝ ինձ համար ցանկալի ու ծրագրավորված կետում, ուրեմն կփոխեմ մասնագիտությունս, որովհետեւ ինձ չեմ պատկերացնում ծեր, չճանաչված ու չսիրված, անհաջող ու միջակ դերասանի կարգավիճակում: Սիրով եմ զբաղվում  իմ մասնագիտությամբ: Իմ տարիքի համար էլ իմ ծրագրավորած կետը հիմա համապատասխանում է: Ոչ մի բնագավառում միջակություն չեմ սիրում, առավել եւս դերասանության մեջ: Եթե դերասան ես ու չես դառնում Խորեն Աբրահամյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Սոս Սարգսյան ու էլի մի քանի նմանատիպ անուն, ապա անելիքն անիմաստ է դարձել… Ինչքան մարդիկ են եղել, որոնց անուններն անգամ չենք հիշում, բայց նրանք չարչարվել են, աշխատել ու տառապել: Դերասանի մասնագիտության մեջ պետք է ամենավերեւում ու պրոֆեսիոնալ լինել կամ էլ ընդհանրապես չլինել:
-Մրցանակներին ինչպե՞ս եք վերաբերում:  
Ինձ համար գնահատանք է, երբ ասում են՝ դերասան ու քո անունն են տալիս, իսկ այդ մրցանակներն ու կոչումները կարող ես ստանալ ոչինչ չանելով էլ: Մրցանակն ինձ համար կոնկրետ չափանիշ չէ: Ինքս էլ ունեմ մրցանակներ, բայց դրանք ինձ նոր բաներ չեն տվել, ուղղակի այդ օրն ուրախացել եմ:
-Շատ դերասաններից եմ լսել այս արտահայտությունը. «Ժամանակն անցավ, իմ ուզած դերը չխաղացի»: Ձեր դեպքում ե՞ւս նման պահ կա:
-Ո՛չ, ես ուսանողական տարիներից էլ խաղացել եմ Համազգային թատրոնում ու այս պահին էլ ամենից շատ գլխավոր դերերն ունեմ: Դեռ այդ տեսակ խնդիրներ չկան: Իմ չխաղացած դերերն ավելի շատ կինոյի հետ են կապված: Բայց դրանք խաղալու համար ֆիլմարտադրություն է պետք, ինչը մենք չունենք:   

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս