Վարդան Պետրոսյանն ապրիլին տանը կլինի. Նիկոլայ Բաղդասարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի և սիրված դերասան Վարդան Պետրոսյանն այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռով դատապարտվեց ազատազրկման 5 տարի ժամկետով:

Լրագրողների հետ առանձնազրույցում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ մինչև դատավճռի հրապարակումն ինքն արդեն ուներ Վարդան Պետրոսյանի համաձայնությունը, որ ինչպիսին էլ վճիռը լիներ, իրենք այն չէին բողոքարկելու. «Անգամ եթե 10 տարի լիներ դատավճիռը, չէինք բողոքարկելու: Պատճառն այն է, որ Վարդան Պետրոսյանը դրսում կլինի, ազատ կլինի, այլ քրեական գործով մենք կշարունակենք պայքարը եւ ցույց կտանք, որ որոշ ապացույցներ ձեռք են բերվել օրենքի խախտմամբ»:

Փաստաբանը կանխատեսելի համարեց դատարանի որոշումը՝ մերժել տուժող կողմի ներկայացրած քաղհայցը՝ հօգուտ իրենց Վարդան Պետրոսյանից հասցված վնասի համար գումար գանձելու վերաբերյալ: Հօգուտ գյուղնախարարության՝ «Նիվա» ավտոմեքենային հասցված վնասի համար Վարդան Պետրոսյանից 1 միլիոն 200 հազար դրամ գումար գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու դատարանի որոշումը Նիկոլայ Բաղդասարյանն  անտրամաբանական համարեց՝ նշելով, որ դատարանը, փաստորեն, 600 հազար դրամով ավելի քիչ գնահատեց մեքենայի արժեքը (ապահովագրական ընկերությունն այն գնահատել էր 1 մլն 800 հազար դրամ):

Փաստաբանը վստահեցրեց, որ անկախ նրանից՝ տուժող կողմը կբողոքարկի վճիռը, թե ոչ, դերասան Վարդան Պետրոսյանն ապրիլին արդեն տանը կլինի: Պաշտպանի խոսքով՝ տուժող կողմը դժգոհ կմնա վճռից:

«Գիտենք, որ շուտով ենթադրաբար կլինի համաներման ակտ, որը կտարածվի նաև Վարդան Պետրոսյանի պատժաչափի վրա: Եթե տուժող կողմը որոշի բողոքարկել այս վճիռը, Վերաքննիչ դատարանին ոչինչ չի մնա, քան գործը կարճել և Վարդան Պետրոսյանին դատարանի դահլիճից ազատ արձակել: Այսինքն՝ ապրիլին նա բոլոր դեպքերում ազատության մեջ կհայտնվի՝ անկախ նրանից՝ տուժող կողմը կբողոքարկի վճիռը, թե ոչ: Մենք արդեն դիմել ենք ՀՔԾ՝ քննիչի կողմից փաստաթղթերի կեղծման և անգործության փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով, և այդ գործով առաջին նիստը փետրվարի 2-ին է նշանակված»,- հավելեց պաշտպանը:

Վերջինս կարծիք հայտնեց, որ կնշանակվի դատաավտոտեխնիկական փորձաքննություն, որի արդյունքներն  ունենալուց հետո միայն իրենք կբողոքարկեն Առաջին ատյանի դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», եւ դատապարտեց ազատազրկման՝ 5 տարի ժամկետով՝ 2 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից՝ նրա դեմ կիրառված խափանման միջոց կալանքը թողնելով անփոփոխ։

Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս