ՀԱՐՑ. Խանութներում հաճախ եմ հանդիպում ժամկետանց ապրանքների: Խնդրում եմ մի փոքր մանրամասնել, թե կոնկրետ որ կառույցներն են իրավասու վերահսկել դրանք՝ վաճառքից հանելու համար, եւ ինչու են պատասխանատուները թերանում այս հարցում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցերով զբաղվող պատասխանատուն է ՀՀ սննդի պետական ծառայությունը, որը ստեղծվել է մոտ 1,5 տարի առաջ: Այն շատ մեծ է եւ հատուկ ստեղծված է այս հարցերով զբաղվելու համար: Բացի այս, մենք ունենք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: Վերջինիս պարտականությունների մեջ այս հարցը որոշ չափով է ներգրավված: Մրցակցությունը եթե անազնիվ է, ապա այս դեպքում պետք է զբաղվի ՏՄՊՊՀ-ն: Օրինակ, եթե ինչ-որ մեկը ժամկետանց սնունդ է վաճառում, բացի այն, որ դա վնասում է մեր առողջությանը, դա նաեւ դիտվում է որպես անազնիվ մրցակցության դրսեւորում: Ավելացնեմ, որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց տարածքում նույնպես պարտավոր են զբաղվել այս հարցերով: ՏԻՄ-ի կազմում կա առեւտրի եւ սպասարկումների վարչություն: Ի դեպ, բոլոր համայնքներում էլ գործում են վերոնշյալ վարչությունները:
Հասարակական կազմակերպությունները նույնպես պետք է զբաղվեն դրանով, օրինակ՝ «Սպառողների ասոցիացիա»-ն: Մենք պարտավոր ենք մեր առաքելությամբ զբաղվել այս հարցերով եւ լուծել նմանատիպ խնդիրները: Կարող եմ տրամադրել մեր գրասենյակի հեռախոսահամարը՝ 56-11-47, որով մեր քաղաքացիները առանց ժամային սահմանափակման կարող են զանգահարել եւ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Բայց եւ այնպես, ես գտնում եմ, որ բոլոր կառույցները թերանում են այս հարցում, նաեւ՝ մեր ՀԿ-ները: Օրինակ՝ մեր ՀԿ-ն միջոցների խնդիր ունի, դրա համար էլ պատահում է, որ թերանում ենք: Բայց ես նկատի ունեմ բոլորին, առաջին հերթին՝ պետական կառույցներին:
կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանատուները շատ են, բայց խնդիրը մշտապես հրատապ է: Ժամկետանց սննդի՝ շրջանառությունից դուրսբերման հարցն այդպես էլ չի լուծվում, ու մարդիկ, անկախ իրենց կամքից, ստիպված են լինում սնվել առոողջության համար վտանգավոր ու անպետք մթերքներով: