Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել հայազգի հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը, ով առավել հայտնի է Զապ անվամբ: Նա ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի՝ Ռուբիկ Ստեփանյանի որոշմամբ՝ կալանքի ժամկետը լրանալու և այն չերկարացնելու հիմքով:
Նշենք, որ ՀՀ Արդարադատության նախարարությունն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել Զապի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին: Փաստորեն՝ նախարարության միջնորդությունը մերժվեց:
Այս պահին «օրենքով գողը» փաստացի իրավական կարգավիճակ չունի: Նա գտնվում է ազատության մեջ, իսկ Չեխիայի գերագույն դատարանը, որտեղ նա դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման, դեռևս պարզ չէ՝ երբ կնշանակի դատական նիստը: Այստեղ, թերևս, կարևոր է այն հանգամանքը, որ Զապն ունի արդարացման ակտ դատական երեք ատյաններով: Միայն մեկով էր նա ազատազրկման դատապարտվել, ինչն էլ բողոքարկվել է փաստաբանների կողմից:
Նշենք նաև, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը սահմանված 5 օրյա ժամկետում չի բողոքարկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, իսկ Անդրանիկ Սողոյանի մասով գործերն ավելի վաղ դատախազությունը փոխանցել էր Արդարադատության նախարարությանը:
Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, ձերբակալվել էր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հոկտեմբերի 30-ին: Տեղեկացնենք, որ ավելի վաղ Պրահայի մունիցիպալ դատարանը կալանավորման որոշում էր կայացրել Անդրանիկ Սողոյանի և նրա 4 համախոհների նկատմամբ: Սողոյանը Չեխիայի իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ` սպանություն և շորթում կատարելու մեղադրանքով:
Մեղադրական եզրակացության համաձայն` «օրենքով գողեր» Զապն ու Սեդոյը 2007 թվականին «պատվիրել են» ադրբեջանցի Մուհամեդ Ալիևին սպանել հայ գործարարի՝ ոմն Արմանին: Ալիևն էլ, իր հերթին, սպանությունը պատվիրել է ուկրաինացի Թիմուր Տրետյակովին: Սակայն վերջինս երկու անգամ վրիպել է. սկզբում դանակահարել է մեկ այլ մարդու` կրկին հայի` շփոթելով նրան «զոհի» հետ:
Բժիշկներին հաջողվել էր վիրավորի կյանքը փրկել: 14 օր անց Տրետյակովը կրակել է Sazka գործարանի վարորդներից մեկի վրա, ով վարում էր հենց այն մեքենայից, ինչ հայ գործարարը: Թիմուրը դատավճռով ազատազրկման է դատապարտվել 22 տարով և այժմ կրում է պատիժը: Անդրանիկ Սողոյանը ևս դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, իսկ նրա 4 համախոհները՝ 12-18 տարվա: Գերագույն դատարանն անփոփոխ է թողել Սողոյանի և մյուսների մասով նախնական վճիռը:
Նրան, ինչպես նաև համախոհ Գիլան Ալիևին ավելի վաղ մեղադրանքն էր առաջադրվել սպանության պատվիրման և մահափորձ կատարելու համար: Իսկ վերջնական մեղադրանքը համալրվել է նաև շանտաժ անելու մասով: Սպանության մեղադրանքով մյուս դատապարտյալներն են Մուհամեդ Ալիևը, Արսեն Կակոսյանն ու Արսեն Առաքելյանը: Դատավճռից առաջ ամբաստանյալները հրաժարվել էին ցուցմունք տալ. միայն հայտարարել էին, որ մեղադրանքներն անիմաստ են և իրականությանը չեն համապատասխանում:
Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները, որոնք «գողին» լենինականցի Զապ են կոչում, բազմիցս հայտարարել են, որ Անդրանիկ Սողոյանը հետախուզման մեջ գտնվելու ընթացքում մշտապես գտնվել է Հայաստանում. այս մասին հայտնել են նաև տեղի ԶԼՄ-ները: