Ազգային ժողովում տիեզերական համաձայնագրեր կքննարկվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանժնաձողովի օրակարգում մի քանի «արտառոց» համաձայնագրերի քննարկում է նախատեսված:

Դրանցից մեկը կոչվում է 1975 թվականի հունվարի 14-ին Նյու Յորքում ստորագրված «Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին» կոնվենցիա, որը ներկայացվել է ՀՀ նախագահի կողմից: Հիմնական զեկուցողը ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանն է, իսկ հարակից զեկուցողը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը:

Մյուս համաձայնագիրը` 1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին», կրկին ԱԺ է ներկայացրել ՀՀ նախագահը, համաձայնագրի հիմնական զեկուցողն ու հարակից զեկուցողը նույնն են:

«Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից պարզել, թե ինչո՞ւ են այժմ հիշել այդ համաձայնագրերը, ու ընդհանրապես դա ի՞նչ է տալու Հայաստանին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, համաձայնագրի հարակից զեկուցող Սամվել Ֆարմանյանը շատ վրդովված էր, քանի որ, ըստ նրա, լրատվամիջոցներն անհարկի են սկսել շահարկել ու տարօրինակ վերաբերել այդ համաձայնագրերին: Պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ միջազգային տարբեր համաձայնագրեր կան, որոնք ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրվում են, իսկ մյուս երկրներն էլ վավերացնում են:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ

-Պարո՛ն Ֆարմանյան, քանի որ Դուք եք «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագրի հարակից զեկուցողը, խնդրում եմ՝ հանրությանը ներկայացրեք, թե ի՞նչ է այն տալու Հայաստանին, այդ համաձայնագրի վավերացումից հետո ՀՀ քաղաքացու կյանքում ի՞նչ է փոխվելու:

-Հայաստանի Հանրապետությունը, ինչպես եւ ՄԱԿ-ի անդամ մյուս բոլոր երկրները՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա եւ այլն, վավերացրել են հազարավոր միջազգային համաձայնագրեր, պայմանագրեր, որոնք պայմանավորված են գլոբալ խնդիրներով, ու պարտադիր չի, որ ամեն մի համաձայնագիր կոնկրետ երկրին՝ Հայաստանին, Ուրուգվային, կամ չգիտեմ, Զինբաբվեին ու Շվեյցարիային, կոնկրետ օգուտ տա: Միջազգային հարաբերություններում միջազգային իրավական համակարգը պետք է պատկերացնել, այդքան բան: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն աշխատանքով է զբաղված, ու պետք չէ ինչ-որ հայտարարություններ անել, դա հանձնաժողովի աշխատանքի մի մասն է: Պետք է նման համաձայնագրերը նայենք, ուսումնասիրենք ու քննարկենք:

-Փաստորեն կարելի՞ է արձանագրել, որ այդ համաձայնագրերը որեւէ բան չեն տալու ՀՀ-ին, թե գուցե Հայաստանն այսուհետ տիեզերագնացությա՞մբ է զբաղվելու:

-Ես Ձեզ արդեն ասացի, որ միջազգային իրավական համակարգը պետք է հասկանալ, պետք է ըմբռնել, թե դա ինչ է, ՄԱԿ-ն ի՞նչ է, դրա շրջանակներում ստորագրված համաձայնագիրը պարտադիր չի, որ ստորագրող բոլոր կողմերին կոնկրետ ինչ-որ մի բան տա: Հայաստանի Հանրապետությանը դա ոչինչ էլ չի տալու, բնականաբար, բայց Հայաստանը միջազգային ընտանիքի անդամ է, վավերացնում է հարյուրավոր նման համաձայնագրեր, որոնք ոչ միայն մեզ որեւէ բան չեն տալիս, այլեւ ստորագրած կողմերի 90 տոկոսին չեն տալիս: Բայց դա միջազգային իրավական ընթացակարգ է:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

-Պարո՛ն Զաքարյան, Ձեր ղեկավարած հանձնաժողովը պետք է քննարկի «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը, որն առաջին հայացքից բավականին տարակուսելի է թվում, քանի որ Հայաստանը կարծեք թե Լուսնի կամ այլ երկրային մարմինների հետ կապված առայժմ որեւէ հետաքրքրություն չունի: Ինչո՞ւ եք նման համաձայնագրերի վրա ժամանակ վատնում, երբ ՀՀ արտաքին հարաբերություններում բազմաթիվ հրատապ եւ չլուծված խնդիրներ կան:

-5 պայմանագիր կա, որոնք տիեզերական տարածքում կարգավորում են պետությունների գործառույթները եւ պատասխանատվությունը իրավական առումով, հիմա մենք ունենք ծրագիր պետության անունից իրականացվող, որը ենթադրում է նաեւ տիեզերքում համապատասխան հաճախականություն ունենալ՝ զուտ կապի տեսանկյունից: Եւ դա ունենալու, դրա գործունեությունը ապահովելու համար պետք է մի շարք միջազգային պայմանագրերի միանանք եւ դրանով ստանձնենք պատասխանատվություն: Այնպես որ, այստեղ որեւէ տարօրինակ բան չկա, ընդհակառակը, սա պետք է համարել նաեւ կարեւոր նախաձեռնություններից մեկը, որը տարբեր ոլորտներում հնարավորություններն ընդլայնելու համապատասխան իրավական դաշտ է:

-Այսինքն՝ Հայաստանը տիեզերական գործունեությո՞ւն է սկսելու:

-Դրա համար պետք է ոչ թե համաձայնագրի վերնագրին նայել, այլ պայմանագրերն ուսումնասիրել, որպեսզի պարզ լինի: Համաձայնագրի վերնագրում բնականաբար խոսվում է այն հարաբերությունների կարգավորման մասին, ինչը որ իրականացնում է պայմանագիրը: Հենց այդ պայմանագրով Հայաստանը ծրագրի իրականացման իր հնարավորություններն է ստեղծում: Դա ընդամենը վերաբերում է հաճախականություն ունենալուն ու այն տնօրինելուն:

-Իսկ Դուք մտավախություն չունե՞ք, որ տիեզերական ճանապարհով ՀՀ-ից արտագաղթողների թիվը կավելանա, տեսակետ կա, որ սա շատ վատ կարող է անդրադառնալ ՀՀ-ի վրա:

-(Ծիծաղում է, Ս.Գ.) Ո՞ւմ ֆանտազիան ու հումորն է այդքան զարգացած, ասեք, թող «կավեենով» զբաղվեն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս