Դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց Իռլանդիայի նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Լոնդոն) Դուբլինում իր հավատարմագրերը հանձնեց Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսին։

Հավատարմագրերի հանձնմանը հետևեց Արմեն Սարգսյանի և Մայքլ Հիգինսի առանձնազրույցը։ Ողջունելով դեսպան Սարգսյանին` Իռլանդիայի նախագահը շնորհավորեց վերջինիս պաշտոնի ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ դեսպանի երկարամյա դիվանագիտական և քաղաքական փորձը առավելագույն կերպով կնպաստի հայ–իռլանդական հարաբերությունների սերտացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արմեն Սարգսյանը հաստատեց Հայաստանի շահագրգռվածությունը բարեկամ Իռլանդիայի հետ համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ։

Առանձնազրույցի ընթացքում քննարկվեց քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության օրակարգի, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։




Լրահոս