Հայաստանում վերջին տասնհինգ տարիներին տեղի ունեցած իրադարձությունները եւ այդ ընթացքում Ադրբեջանի պահվածքն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական կողմը շատ լավ հասկացել է, որ հարձակման պատրաստ թշնամու կերպարը հրատապ պահելով՝ իրենք առնվազն խոչընդոտում են, որ Հայաստանում երբեւէ դրական փոփոխություններ տեղի ունենան:
Պատկերացրեք մի իրավիճակ, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, տնտեսությունում ազատ մրցակցություն է, դատարանները արդարադատություն են իրականացնում, իրավապահները օրենք են պաշտպանում եւ այսպես շարունակ: Հասկանալի է, չէ, որ նման պայմաններում Հայաստանն ինչ արագ տեմպերով կզարգանար, մարդիկ ոչ միայն չէին արտագաղթի, այլեւ հաստատ արտագաղթածների գերակշիռ մասը կվերադառնար, ինչպես նաեւ սփյուռքում ապրող հայերի մի մասը կնախընտրեր գալ Հայաստան:
Այս ամենը կհանգեցներ ազատագրված տարածքների բնակեցմանը, իսկ մի քանի տարի անց Հայաստանի բնակչությունը փաստացի շատ քիչ կզիջեր Ադրբեջանի բնակչության թվաքանակին: Միջազգային հանրությունն այլեւս չէր կարողանա ժողովրդավար, իրավունքը հարգող եւ զարգացող Հայաստանի եւ ազատ խոսքի համար լրագրողին կալանավորող Ադրբեջանի միջեւ հավասարություն դնել: Կխուսափեին նման հավասարություն դնելուց, որովհետեւ նման մոտեցումը նրանց իսկ երկրների քաղաքացիների կողմից չէր հասկացվի, եւ, ասենք, եվրոպացի գործիչները լուրջ խնդիրներ կունենային իրենց երկրներում:
Իսկ վերջին մեկուկես տասնամյակի իրողությունն այն է, որ արտաքին աշխարհի տեսանկյունից Հայաստանը եւ Ադրբեջանը նույն մարդատյաց երկրներն են, երկուսից էլ քաղաքացիները փախչում են եւ եվրոպական երկրներում ապաստան խնդրում` իրենց երկրների իշխանություններին մեղադրելով հնարավոր բոլոր հանցանքները կատարելու մեջ: Այսինքն՝ Ադրբեջանի իշխանությունները գործնականում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի երկգլխանի ռեժիմի հիմնական դաշնակիցն ու պահապանն են: Ի դեպ, Հայաստանի իշխանության պարագլուխները եւ Ադրբեջանի իշխանությունները շատ կարեւոր ընդհանրություն ունեն. վերջիններիս ղեկավարն առաջին երկուսի երիտասարդության տարիների գաղափարական առաջնորդի որդին է:
Վերը բերվածը հաշվի առնելով՝ փորձենք հասկանալ Սերժ Սարգսյանի հետեւյալ միտքը. «Ամեն անգամ, երբ Հայաստանի ներսում որեւէ խնդիր է առաջանում կամ ցավալի իրադարձություն է տեղի ունենում, Ադրբեջանին թվում է, թե եկել է իր աստեղային ժամը, եւ նա անմիջապես իրեն ցույց է տալիս առաջին գծում»: Այս միտքը հնչել է հունվարի 26-ին ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած կոլեգիայի նիստում` Սերժ Սարգսյանի ելույթի ընթացքում: Արդյո՞ք Սերժ Սարգսյանի այդ միտքը հասցեագրված է ՀՀ քաղաքացիներին: Այսինքն՝ ստացվում է, որ եթե ՀՀ քաղաքացիները մի օր որոշեն ազատվել Հայաստանը թալանող եւ քայքայող երկգլխանի իշխանությունից, որի մի մասը գործում է ընդդիմադիր դաշտում` «ոչ իշխանական» անվանումով, ապա ստացվելու է, որ պետությունը շտկել ցանկացողները Ադրբեջանի «ջրաղացին ջուր են լցնում»:
Հայաստանի իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ ինքնակամ իշխանությունը չեն հանձնի, մյուս կողմից էլ անուղղակի կերպով փորձում են իրենց հեռանալ պարտադրողներին մեղադրել թշնամուն օգուտ տալու մեջ:
Իսկ միգուցե Սերժ Սարգսյանի այդ խոսքերի իրական հասցեատերը Ադրբեջանի ղեկավարությունն է, եւ այդպիսով Սերժ Սարգսյանը ցանկացել է իր երիտասարդ տարիների գաղափարական առաջնորդի որդուն հասկացնել, որ ադրբեջանական զորքերին Հայաստանի սահմանների վրա հարձակվելու ապուշ հրամաններ տալով՝ հանկարծ Հայաստանում քաղաքական փոփոխություններ կլինեն: Ընդ որում՝ Ալիեւն էլ իր երկրի ներսում է սպառնում քաղաքացիներին՝ հայկական «հարձակումներով»: Թերեւս երկու գործոնն էլ առկա է:
Բայց ակնհայտ է, որ առաջիկայում սահմաններին համեմատաբար հանգիստ կլինի, քանի որ իրավիճակի հետագա սրումը միաժամանակ վտանգավոր է Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանության պարագլուխների համար:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ