ԿՈՎԱԼԸ ՆԱԵՎ ԲԻԶՆԵՍՄԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 13-ին Ազգային անվտանգության մարմինների կողմից դպրոցի տնօրենից  40.000 դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել էր ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Լեւոն Միքայելյանը: Վերջինս իր պաշտոնավարման ընթացքում մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջեւ ապօրինի պահանջ էր դրել` պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու եւ խնդիրներ չստեղծելու  դիմաց: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: “Ժողովուրդ”-ը զրուցեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ` պարզելու, թե ինչու է իր ենթական նման քայլերի դիմել, եւ արդյոք ինքը տեղյակ չէր նրա “գործունեության” մասին:
-Պարո՛ն Շահգալդյան, Կոտայքի փոխմարզպետը 40 հազար դրամ կաշառք է վերցրել մարզի դպրոցի տնօրենից, ինչո՞ւ Ձեր կողմից վերահսկողություն չի եղել, որպեսզի Ձեր տեղակալը նման քայլի չդիմեր:
-Փաստն արդեն արձանագրված է, բայց նշեմ, որ դա ինձ համար շատ անսպասելի բան էր, այնպես որ տվյալ անձնավորությունը շատ կոպիտ սխալ է թույլ տվել: Բայց Ձեր ասած հսկողությունն այդքան բազմաթիվ աշխատողների վրա ո՞նց կարելի է իրականացնել: Իհարկե, բոլորի վրա էլ խիստ պայման դրված է եղել, բայց ինչպես տեսնում եք…
Իսկ Դուք տեղյակ չե՞ք եղել, որ ինքը նման քայլերի է դիմում: Երբ սպառնալով դպրոցի տնօրեններից գումար է ,շորթելե, Ձեզ հետ չի՞ խորհրդակցել այդ քայլին դիմելուց առաջ:
-Կարծում ես՝ քո հարցը լո՞ւրջ է:
-Հնարավո՞ր է, որ Ձեզ առաջարկել է նման “գործով” զբաղվել ու վերջում գումարով “կիսվել”:
-Ես ո՞նց կարող էի տեղյակ լինել, ուրեմն ամոթ քեզ, որ նման հարց ես տալիս:
-Ամոթ Ձեր անմիջական տեղակալին, որ նման քայլի է դիմել եւ 40 հազար դրամ կաշառք է վերցրել դպրոցի տնօրենից:
-Դե իհարկե, նրան էլ ամոթ… Դու կասկածում ես, որ ես կարող էի նման գործարքի՞ գնալ: Շատ ճղճիմ տրամաբանություն է:
-Դուք եք ղեկավարում Կոտայքի մարզը, իսկ Լեւոն Միքայելյանը Ձեր տեղակալն է, երբեւիցե չե՞ք կասկածել, որ նա նման հանցավոր քայլերի է դիմում:
-Երբեք մի՛ ասեք երբեք, մտածելը մեկ բան է, իրականությունը՝ մեկ այլ բան, օրիո՛րդ:
-Ձեր աշխատակցին Դուք լա՞վ էիք ճանաչում, անվերապահորեն հավատացե՞լ եք նրան:
-Եթե երկար տարիներ միասին աշխատել ենք, լավ ճանաչելը հարաբերական հասկացողություն է, մենք ընդամենը շփվել ենք աշխատավայրում՝ այդ համատեքստում:
-Չնայած Ձեր ենթակային արդեն աշխատանքից ազատել են, այնուամենայնիվ, Դուք չե՞ք պատրաստվում նրան “պատժել”, քանի որ նա նաեւ Ձեր հեղինակության հետ է “խաղացել” իր այդ քայլով:
-Դե ի՞նչ պատժեմ, եթե արդեն քրեական գործ է հարուցված, կարծում եմ, որ ինքն արդեն իր պատիժը կստանա: Բայց դե իհարկե, ինքը էլ իրավունք չի ունենա իմ երեսին նայել, իմ աչքերի մեջ նայել: Ինքը երեւի մի քանի տարի մտածելու ժամանակ կունենա:
-Չե՞ք ուզում հանդիպել նրա հետ` պարզելու, թե ինչու է նման քայլի դիմել:
-Ո՛չ, բացարձակապես:
-Հնարավո՞ր է՝ փոխմարզպետի աշխատավարձը չի բավարարել, դրա համար էլ “կողքից” կաշառք է վերցրել:
-Դրա համար խելոք մարդիկ աշխատավարձին զուգահեռ ունենում են եւ բիզնես, ապրուստի այլ միջոցներ, եւ ոչ թե կաշառք, այն էլ 40 հազար դրամ:
-Դուք Ձեր նշած ձեւո՞վ եք Ձեր ֆինանսական խնդիրները լուծում, բիզնեսո՞վ եք զբաղվում:
-Ես, իհարկե, եկամուտի աղբյուր ունեմ, շատ օրինավոր, մարդ պետք է ապրի՞, 
թե՞ ոչ, մեր երկրում բիզնեսը չի արգելվում:
-Բայց պետական պաշտոնյան իրավունք չունի բիզնեսով զբաղվել:
-Ես բիզնեսով չեմ զբավում, ես հազիվ կարողանում եմ ծառայողական պարտականություններս կատարել:
-Այդ դեպքում ո՞վ է Ձեզ համար եկամուտ ապահովում, որպեսզի կաշառք չվերցնեք:
-Ում որ տվել ենք հավատարմագրային կառավարում, իսկ ի՞նչ կարեւոր է, որ դու իմանաս:
-Իսկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Ձեզ նկատողություն չի՞ տվել, որ Ձեր ենթական նման քայլի է դիմել:
-Եթե նկատողություն տված լիներ, կիմանայիք: 
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս