Երևանի տրանսպորտի «մաֆիան» գրոհում է. օրական 10 հազար դոլարը քիչ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի ղեկավարությունը` տեսնելով, որ չի կարողանում հանրությանը պարտադրել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձի բարձրացում, որոշել է ոլորտը կազմալուծելով, տրանսպորտի արհեստական դեֆիցիտ առաջացնելով՝ մարդկանց ստիպել, որ համակերպվեն հնարավոր թանկացման հետ:
Շաբաթվա սկզբին Երեւանի քաղաքապետարանը ավետեց թիվ 11, 15, 31, 51, 40, 30 ավտոբուսային երթուղիների գործունեությունը դադարեցնելու մասին: Պաշտոնապես այս քայլը ներկայացվում է իբրեւ հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղեւորահոսքի նվազումով պայմանավորված՝ երթուղիների ուղեգծերի վերանայում եւ շտկում: Իրականում, սակայն, սա երեւանցիների դեմ ուղղված «ահաբեկչություն» է: Ի դեպ, պատահական չէ, որ հենց հիմա Երեւանի քաղաքապետարանը այս «օպերացիան» սկսեց: Հայտնի է, որ հունվարին ուղեւորահոսքը սովորականից պակաս է, ինչը պայմանավորված է տոներով, ուսանողների եւ աշակերտների դասի չգնալու հանգամանքով: Այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանում շտապել են հենց հունվարին երթուղիների գործունեությունը դադարեցնել, որ կարողանան ուղեւորահոսքի նվազման հանգամանքն ապացուցել: Երբ բոլոր դպրոցներն ու ԲՈՒՀ-երը փետրվարին կսկսեն բնականոն գործել, Երեւանի քաղաքապետարանը պարզապես կհետեւի իրադարձությունների զարգացմանը եւ ամեն անգամ բողոք լսելիս կհակադարձի, թե ասում էինք, չէ, անհրաժեշտ է ուղեվարձը բարձրացնել:

Նշենք, որ դադարեցվել են հիմնականում չինական «HIGER» մակնիշի ավտոբուսներով սպասարկվող երթուղիները: Այս փաստն ինքնին ուշագրավ է: Ինչպես հայտնի է՝ այդ ավտոբուսները ժամանակին Հայաստանին նվիրել էր Չինաստանի Կառավարությունը: Ավելի կոնկրետ՝ Չինաստանը 2007-ին պատրաստակամություն էր հայտնել Հայաստանին 55 միլիոն յուանի (մոտ 10 միլիոն դոլար) դրամաշնորհ հատկացնել` ավտոբուսների տեսքով: Հայկական կողմը, տվյալ դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանը, ցանկացել էր, որ ավտոբուսները լինեն՝ երկարությունը ոչ պակաս, քան 7 մետր 40 սանտիմետր, իսկ լայնությունը ոչ պակաս, քան 2 մետր 30 սանտիմետր: Արդյունքում 2011-ից Չինաստանը Հայաստանին ուղարկեց Երեւանի փողոցներում երթեւեկող «HIGER» մակնիշի վարդագույն ավտոբուսները: 2011 թվականից մինչեւ 2012 թվականը Հայաստանը ստացել է 249 հատ այդպիսի ավտոբուս, որոնք հանձնվել են Երեւանի քաղաքապետարանին: Ավտոբուսների մաքսազերծման գումարները եւս վճարվել են պետբյուջեի միջոցներից:

Այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանից պահանջվում էր միայն կազմակերպել այդ ավտոբուսների շահագործումը եւ ապահովել դրանց անխափան գործունեությունը: Սական հետագայում պարզվեց, որ դրանք Երեւանի փողոցների համար շատ մեծ են: Իսկ ով էր քաղաքապետարանին ասել, որ անկուշտի պես հենց այդ մեծ ավտոբուսները պատվիրեն, ինչու փոքր մակնիշիները չեն պատվիրել, որոնք ավելի քիչ վառելիք են ծախսում, արագաշարժ են ու մանեւրող, պարզ չէ: Միայն փաստ է, որ Երեւանի քաղաքապետարանն անցած տարվա նոյեմբերին պետական բյուջեից պահանջեց եւ ստացավ 143 միլիոն դրամ` չինական ավտոբուսները «գազով դարձնելու» համար:

Թվում է, թե Երեւանի քաղաքապետարանում դժգոհելու առիթ պետք է չունենան: Սակայն միեւնույն է՝ մարդիկ բողոքում են, ասում են, որ եկամուտները բավարար չեն, եւ պարբերաբար առաջ են քաշում ուղեվարձը բարձրացնելու հարցը: Այս մտածողությունը հասկանալու համար նախ անհրաժեշտ է ընկալել, որ այդ մարդիկ իրենց չեն համարում ծառայող: Նրանք գիտեն, որ ամեն մի պաշտոն կոնկրետ գումար արժի, եւ այդտեղ նշանակված անձը կոնկրետ գումարներ պետք է «խփի» ու ապահովի իր նշանակողի անխափան եկամուտները: Մասնավորապես, ըստ վարորդների, չինական ավտոբուսները «տերերի» անձնական գրպանները լցնում են օրական 20 հազարական դրամ, այսինքն՝ 249 ավտոբուսները օրական պետք է ապահովեն ընդհանուր 10 հազար դոլար: Ըստ վարորդների՝ այդ գումարի մեջ չեն մտնում վառելիքի ծախսը եւ օրինական ձեւակերպվող պլանը:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Երեւանի տրանսպորտային «մաֆիան» անցել է գրոհի: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տվյալ դեպքում այդ մարդկանց շահերի հիմնական սպասարկուն է: Նա «պարտավոր» է ամեն ինչ անել, որ «տերերի» եկամուտները չպակասեն: Եթե անհրաժեշտ է ուղեվարձ թանկացնել, ապա դա էլ պետք է անի: Դրա համար էլ նա արդեն ճարահատյալ քայլերի է դիմում` կազմալուծում է մայրաքաղաքի ողջ ուղեւորափոխադրումը, որպեսզի իբրեւ ոլորտի բարելավում նորից առաջ քաշի ուղեվարձի բարձրացման հարցը: Քաղաքապետարանից «Ժողովուրդ»-ի աղբյուրներին տեղեկացրին, որ այս մտահղացման հեղինակը քաղաքապետարանի տրանսպորտի վաչության պետ Հենրիկ Նավասարդյանն է, որը խոշոր գծատեր է:

Կարծում ենք, որ վաղուց ժամանակն է, որ Երեւանի քաղաքապետարանի ողջ անձնակազմին` քաղաքապետ Տարոն Մարգարյանից սկսած, արգելվի ծառայողական ավտոմեքենաներով երթեւեկել եւ նրանք նույնպես սկսեն հասարակական տրանսպորտով շրջել: Կարծում ենք՝ այդ դեպքում նրանց վերաբերմունքը տրանսպորտի նկատմամբ հաստատ կփոխվի, քաղաքացիներն էլ առավել մարդկային պայմաններում կերթեւեկեն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս