Ո՞վ է պատասխանատու ԱԺ-ի արժեզրկման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների դրոշակակրի հանձնառություն ստանձնած ՀՅԴ-ն նոր տարում ազդարարեց քննարկումների մեկնարկը, որը ստվերվեց Գյումրիի ոճրագործության պատճառով: Լռությունը, սակայն, առաջիկայում կխաթարվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը խոստացել է մարտ ամսին հայտնել իր վերջնական մոտեցումը: Այսօր կփորձենք քննարկել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի՝ անչափ կարեւոր երկու դրույթները, որոնք վերաբերում են ՀՀ ԱԺ-ի գործունեությանը:

Ուշագրավ է, որ փաստաթղթի հեղինակները շեշտում են ԱԺ-ի՝ արդյունավետ օրենսդրական գործունեության իրականացման եւ վերահսկողական առաքելության հույժ անհրաժեշտությունը, ինչը խոստանում են իրականացնել հենց այս փոփոխություններով:

Հայեցակարգը շեշտում է, որ «պառլամենտարիզմի ներկա պահանջներին համապատասխան անհրաժեշտ մակարդակի պետք է բարձրացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերը արդյունավետ օրենսդրական գործունեության» համատեքստում: Մի կողմ թողնելով ԱԺ-ի կողմից ընդունված օրենքների՝ անմիջականորեն իրավական տարրի կիրառելիության հարցը՝ հարկ է կենտրոնանալ մի շարք հանգամանքների վրա: Նախ եւ առաջ տարիներով կարելի է հաշվել այն շրջանը, երբ ԱԺ-ն օրենսդրական իրական գործունեությամբ պարզապես չի զբաղվում: Փաստացիորեն, ԱԺ-ն դարձել է Կառավարության ներկայացրած օրինագծերը դակելու գործիք, որին նույնիսկ չի էլ հետաքրքում, թե ինչպիսի օրենքի է կողմ քվեարկում: Եթե ԱԺ-ի գործը դարձել է Կառավարության ներկայացրած օրինագծերին օրենքի կարգավիճակ տալը՝ զուգահեռաբար վիժեցնելով ընդդիմության՝ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, ապա ի՞նչ խոսք կարող է գնալ «արդյունավետ օրենսդրական գործունեության» ծավալման մասին:

Զորօրինակ՝ նախորդ տարի Կառավարությունը գործածության մեջ դրեց «Կուտակային կենսաթոշակային համակարգը»՝ դրանից առաջ արդեն իսկ ԱԺ-ում ապահովելով անհրաժեշտ քվեարկությունը: Հաջորդիվ՝ Սահմանադրական դատարանն անուղղակիորեն օրենքի հիմնական դրույթները ճանաչեց հակասահմանադրական, ինչից եզրակացնելի է, որ ԱԺ-ն ընդունել էր հակասահմանադրական օրենք, բայց ո՞վ պատասխան տվեց դրա համար: Կառավարությունը ստիպված փոփոխություններ կատարեց օրենքում «պարտադիր, բայց ոչ պարտադրված» անհեթեթ նշանաբանով, ինչը կրկին ընդունվեց ԱԺ-ի կողմից «խոհեմորեն», հեզաբար:

Ուշագրավ մեկ հանգամանք եւս՝ ե՞րբ է վերջին անգամ ԱԺ-ի ընդունած օրենքների նկատմամբ նախագահական վետո կիրառվել: Նման պարագայում կատարվելիք բոլոր հնարավոր ենթադրությունները դրական տպավորություն չեն ստեղծում. կամ ԱԺ-ի ընդունած օրենքներն են եղել փայլուն ու հրաշալի, որի դեպքում արդեն «ավելի արդյունավետ» բառակապակցությունը չի կարող անկեղծ համարվել, կամ օրենքներն են վատը եղել, ու նախագահի պաշտոնոմ գտնվողն էլ հավանել է դրանք՝ չհասկանալով կամ էլ լիովին գիտակցելով: Մի դեպքում «Հայեցակարգն» է արժեզրկվում, մյուս պարագայում՝ ամբողջ իշխանությունը: Ահա հենց այստեղ է, որ դրսեւորվում է «Հայեցակարգի» թուլությունը: Հեղինակները պետք է հստակ օրինակներով ու գնահատականներով ապացուցեին ԱԺ-ի արդյունավետ օրենսդրական գործունեության իրենց թեզը, մինչդեռ այսպես այն վերածվում է լոկ դատարկախոսության՝ փաստաթղթի էջերն անփութորեն լցնելու մարմաջով: Ի դեպ, լիովին համաձայն ենք, որ ԱԺ-ն օրենսդրական արդյունավոտ գործունեություն չի ծավալում «անհիշելի» ժամանակներից, սակայն դրա պատճառը բոլորովին էլ սահմանադրական երաշխիքները չեն: Սահմանադրությունը փոփոխելուց առաջ պետք է նախ փոխել ԱԺ-ի կազմը, որի զգալի մասը ներկայացնում են կրթություն չունեցող մականունավորներն ու կրիմինալ տարրերը:

Հայեցակարգը նաեւ հռչակում է՝ «պառլամենտարիզմի ներկա պահանջներին համապատասխան անհրաժեշտ մակարդակի պետք է բարձրացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերը վերահսկողական առաքելության գործում»: ԱԺ-ն իր վերահսկողական գործառույթը մեծապես կատարում է վերահսկիչ պալատի եւ հանձնաժողովների միջոցով: Հատկապես կարեւորվում է ժամանակավոր հանժնաժողովների նշանակությունը, որոնցից ԱԺ-ն քանիցս է օգտվել: Հիշարժան են Հոկտեմբերի 27-ի եւ Մարտի 1-ի գործերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովները, որոնք ակնհայտորեն չեն փայլել ոչ միայն օբյեկտիվությամբ, այլեւ պրոֆեսիոնալիզմով: Ուշագրավ է, որ 2014թ. ԱԺ-ը տապալեց Մարտի 1-ի հարցով նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Այդպիսով` ԱԺ-ը, ըստ էության, չցանկացավ գործարկել իր սահմանադրական լիազորությունը վերահսկողական առաքելության իրականացման համար: Այս համատեքստում հազիվ թե սահմանադրական ինչ-ինչ փոփոխությունները կարողանան Սերժ Սարգսյանին հլու-հնազանդ երեսփոխաններին համոզել հակառակում:

Հատկանշական է նաեւ վերահսկիչ պալատի գործոնը, որը հատկապես վերջին տարիներին փորձում էր մի փոքր անկաշկանդ գործել: Սակայն նման գործելաոճը չէր կարող վրիպել իշխանության աչքից, ինչի դրսեւորումը եղավ Սերժ Սարգսյանի՝ Իշխան Զաքարյանին արված հրապարակային զգուշացումը սեփական կարծիքը տանն արտահայտելու մասին: Թեւավոր այդ «իմաստությունն» անգամ հուշում է, որ ԱԺ-ի վերահսկողական եւ օրենսդրական գործունեությունը կապ ունեն սահմանադրական երաշխիքների հետ այնքանով, որքանով դա թույլ կտա իշխանության «առաջնորդը»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս