Տավուշում սպասում են բնական գազի. գազատար կա, գազ` ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները Հայաստանի անկախացումից ի վեր սպասում են բնական գազի: Այժմ գազատարը կառուցված է, սակայն գազն այդպես էլ չկա: Հայաստանի Կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԻՖԱԴ)-ի կողմից Հայաստանին տրված վարկային միջոցներով 2012թ.-ից գազաֆիկացման աշխատանքներ են մեկնարկել սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան, Ջուջեւան համայնքներում:

Այդ նպատակով տրամադրվել է 675 միլիոն դրամ, կառուցվել է 74.6 կմ ընդհանուր երկարությամբ գազախողովակաշար: Սահմանամերձ վերոհիշյալ գյուղերից խորհրդային տարիներին միայն Ոսկեպարն է գազաֆիկացված եղել: Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող ադրբեջանական Յուխարի Աքսիբարա (թարգմանաբար՝ Վերին Ոսկեպար) գյուղը սնուցող գազատարն անցնում էր Ոսկեպարի տարածքով: Դրա արդյունքում Ոսկեպարի բնակիչներն անցյալ դարի 80-ական թվականներին Ադրբեջանի տարածքից ձգվող գազատարից անվճար օգտվում էին:
Ներկայումս այդ համայնքներում գազաֆիկացման աշխատանքներն ավարտված են, բացառությամբ՝ Ջուջեւանի, որտեղ գազատար խողովակն անցկացված է, սակայն ներքին ցանցը դեռ կառուցված չէ: Սահմանամերձ Ոսկեվան համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին գազատար ցանցը հանձնվել է համայնքի հաշվեկշիռ, այժմ աշխատանքներ են տարվում այն անհատույց օգտագործման համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը հանձնելու ուղղսությամբ: Գյուղապետի խոսքերով՝ այդ գործընթացը վերաբերում է ոչ միայն վերոհիշյալ 5 գյուղերին, այլ նաեւ Տավուշի մարզի Հովք համայնքին:

Գործընթացն ավարտելուց հետո համայնքի յուրաքանչյուր բնակիչ պետք է գրավոր դիմի գազի մատակարարման եւ շահագործման մարզային հիմնարկություն, որպեսզի հիմնական գազատարից իր առանձնատուն միացում կատարվի: Դրա համար պետք է կազմվի համապատասխան նախագիծ, որի համար բնակիչը որոշակի գումար պետք է վճարի: Գյուղապետը կարծում է, որ այս տարվա գարնանը սահմանամերձ Ոսկեվանի բնակիչներից ոմանք կօգտվեն բնական գազից, իսկ գյուղի բնակչության մեծ մասը երկնագույն վառելիքից կօգտվի աշնանը, երբ գյուղացիները բերքն իրացնելուց հետո գազատարից միացում կատարելու համար գումար կունենան:

Նշենք, որ անցած 25 տարում Տավուշի մարզի այս անտառամերձ համայնքները եղել են անտառի հույսին, ինչի արդյունքում ավելացել են ծառահատումները: Հուսանք, որ գազաֆիկացումից հետո պատկերը կփոխվի:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս