Դեռ նախորդ տարվա աշնանը, Կառավարության որոշմամբ, ոռոգման նպատակով Սեւանա լճից Հրազդան գետի հունով 270 միլիոն խմ-ի չափով ջուր բաց թողնվեց: Հրազդան գետը վարարեց եւ ողողեց Հրազդան քաղաքի ջրառատ թաղամասը, ինչի հետեւանքով բնակիչները կորցրին ողջ բերքը:
Դեռ այն ժամանակ քաղաքապետարանից սփոփեցին՝ ասելով, որ վնասի չափը կճշտեն եւ գյուղացուն փոխհատուցում կտրամադրեն:
Հուսահատ ջրառատցիները, այդպես էլ չստանալով իրենց խոստացված փոխհատուցումը, դիմել են «Ժողովուրդ»-ին: Պարզվում է՝ մինչ այսօր ոչ միայն որեւէ փոխահատուցում չի տրվել, այլ անգամ վնասի չափը չի ճշտվել.«Դիմել ենք ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին, այնպես արհամարհական պատասխանեցին, որ իմաստ չուներ այդտեղ դիմելը, մի բան էլ մուննաթ էկան, թե տեսաք՝ էդ վիճակնա, բերքը շուտ հավաքեիք: Քաղաքապետարանից էլ երկու հոգի էկան, իբր վնասի չափը նայելու, ծիծաղեցին, գնացին, ասացին՝ էդ ինչ եք էդքան կորցրել, որ նման շուխուռ եք արել»,- ներկայացրին ջրառատցիները:
Նրանց խոսքով` 5 ամիս է` տեղական իշխանությունները խոստացել են հանձնաժողով կազմել, ավագանու նիստ հրավիրել, որոշում կայացնել: Իսկ թե ինչ է արվել, իրենք տեղյակ չեն: Միայն տարվա վերջին՝ դեկտեմբերի 2-ին, ավագանին նիստի ժամանակ որոշել է Ջրառատի շուրջ 15 տնտեսության հատկացնել 720 հազար դրամ՝ որպես փոխհատուցում: Սակայն ըստ տուժած բնակիչների՝ այս գումարն իրենց կրած վնասի 10 տոկոսը չի կազմում, բացի այդ` անգամ այս չնչին փոխհատուցումն է ուշանում:
Թե ինչու է ուշանում նշված գումարը, փորձեցինք պարզել քաղաքային իշխանություններից:
Քաղաքապետարանից հայտնեցին, որ ավագանու՝ հունվարի 15-ի նիստում հաստատվել է բյուջեով նախատեսված գումարի չափը, եւ այն անպայման կհատկացվի մոտ առաջիկայում:
Արեւիկ Հակոբյան
Հրազդան