Մտավորականները` սահմանային լարված իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի սկզբից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է: Հակառակորդն աչքի է ընկնում սահմանային իրավիճակն ապակայունացնող գործողություններով, ՀՀ եւ ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում նկատվում է դիվերսիաների եւ հարձակումների մարտավարություն: Հայկական կողմը տարեսկզբից մինչ այսօր կրել է շուրջ 10 զոհ, իսկ ահա ադրբեջանական զինված ուժերը կոպտորեն թաքցնում են իրենց մեծաթիվ կորուստները: Ստեղծված մթնոլորտի արդյունքում հասարակության շրջանում առաջ է եկել որոշակի անվստահություն: Մարդիկ անհանգստացած են եւ սպասում են, թե, ի վերջո, երբ պետք է սահմանը խաղաղվի, վտանգն անցնի: «Ժողովուրդը» զրուցել է արվեստագետների հետ՝ պարզելու նրանց վերաբերմունքը ստեղծված իրավիճակի շուրջ:

Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, օրինակ, այն կարծիքին է, որ սա չհայտարարված պատերազմ է, թուրքի վարած պրովոկացիոն պատերազմը. «Այս իրավիճակում ակնհայտ է թուրքի ձեռագիր, որը միշտ էլ եղել է: Իրենք պրովոկացիա են անում՝ մեղքը գցելով մեզ վրա: Ամենացավալին այն է, որ դրա հետեւանքով զոհվում են երիտասարդ տղաներ, բայց ինչ անես՝ պատերազմի օրենքն է»,-ասաց նա:

Բեմադրիչի խոսքով՝ բարձր ատյաններում մի բան են պայմանավորվում, իսկ հետո բոլորովին այլ բան է տեղի ունենում. «Կասկած չունեմ, որ մեր զինվորները պատշաճ պատասխան են տալիս հակառակորդին, սակայն պետք է ամեն դիվանագիտական ու ոչ դիվանագիտական ճիգ գործի դնել, որպեսզի մեր տղաներն այս պայմաններում չզոհվեն: Պատերազմում մարդիկ մեռնում են. դա բնական է, իսկ, ահա, այս ստոր մթնոլորտում նրանց կորցնելն անչափ ցավալի է…»,-նկատեց Վ.Ստեփանյանը:

Նա չգիտի՝ մինչեւ երբ կշարունակվի, ինչպես ինքն է ասում, այս «անհասկանալի պատերազմը», երբ մեր դիմաց բարոյականությունից զուրկ թշնամի է կանգնած. «Եթե պատերազմ է՝ իմանանք, դուրս գնանք, զենք վերցնենք, բայց սա շատ բարդ քաղաքական իրադրություն է, որին մենք դեռ տիրապետում ենք, իսկ թե որքան դա կտեւի, դժվար է ասել»,-ընդգծեց դերասանը:

Բանաստեղծ Դավիթ Ասատրյանն էլ այն համոզման է, որ հասարակության շրջանում անվստահությունը սրվում է այն ժամանակ, երբ մարդիկ բախվում են անարդարությանը. «Ես՝ որպես հայ մարդ, վստահում եմ պաշտպանության նախարարությանը, սակայն դա դեռ չի նշանակում, թե հավատում եւ վստահում եմ նաեւ ՀՀ իշխանություններին. այս մասով, իսկապես, խնդիր ունենք: Շատերը չեն կարողանում տարանջատել պետությունն ու իշխանությունը, բանակն ու պաշտպանության նախարարությունը»:

Բանաստեղծի խոսքով՝ հասարակության՝ իշխանությունների նկատմամբ անվստահությունը լճացել է վերջինիս վարած անհեռատես քաղաքականության հետեւանքով, որը կանգնած է նույն այդ իշխանությունների կոկորդին. «Նրանք շատ լավ հասկանում են, որ իրենց խոսքը կշիռ չունի, քանի որ դրա թիկունքում չկա ժողովրդի ձայնը»,-կարծիք հայտնեց Դ.Ասատրյանը:

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանն էլ վստահ է, որ բանակի մասին խոսելիս հասարակության շրջանում տարակարծություններ չպետք է լինեն: Նրա խոսքով՝ պետք չէ վհատվել ստեղծված իրավիճակի պատճառով: «Իմ որդին էլ է ծառայել հայոց բանակում, ես էլ այս տարիքիս պատրաստ եմ զենք վերցնել ձեռքս ու պայքարել, գնալ մինչեւ վերջ, ձեւեր չեմ թափում: Ուրիշ ելք չունենք. սա է, դժվար իրավիճակ է: Մի այլընտրանք կա՝ թողնել, երկրից հեռանալը, երկիրը թշնամուն թողնելը, բայց ես դրան դեմ եմ: Թշնամին էլ, որ կանգնած է ադրբեջանցիների թիկունքում, «թափով է», նրա հետ հարաբերություններում դիվանագիտություն է պետք»,-նկատեց դերասանը:

Հիշեցնենք, որ որոշ քաղաքագետներ սահմանին լարվածության սրացումը կապում են ադրբեջանա-թուրքական պայմանավորվածության հետ, ըստ որի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ նպատակ կա միջազգային հանրության ուշադրությունը շեղել՝ տարածաշրջանում մեկ այլ օրակարգային խնդիր առաջացնելով:

Աննա Բաբաջանյան




Լրահոս