Երեկ հանրապետությունում ինքնասպանության փորձի հերթական դեպքն է գրանցվել: Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 15-ամյա Անահիտը (անունը փոխված է) եկել է Երևան և Կիևյան կամրջից ցած նետվել: Հրազդան գետում հայտնվելուց անմիջապես հետո նրան տեղափոխել են Արմենիա ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:
Armlur.am-ի հետ զրույցում Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը հայտնեց, որ տարածված լուրերը, թե աղջիկն անհայտ կրոնական կառույցի անդամ է, իրականությանը չի համապատասխանում: Գյուղապետի փոխանցմամբ՝ ինքը երեկ եղել է հիվանդանոցում, խոսել է աղջկա ծնողների հետ, ովքեր էլ հերքել են, որ երեխան կարող էր որևէ աղանդի անդամ լինել:
«Ծնողներն ասացին, որ երեխան վերջին շրջանում իրեն տարօրինակ էր պահում, ընկճված էր, քիչ էր շփվում շրջապատի մարդկանց հետ: Չեն կարողանում ուշքի գալ, որևէ կերպ բացատրել կատարվածը: Նրանք վստահ են, որ ինչ-որ կրոնական կառույցի մասին խոսք լինել չի կարող: Հորեղբոր աղջկա հետ էլ եմ խոսել, նրա համադասարանցին է, նա էլ չի հասկանում՝ ինչ կարող էր պատահած լինել, ինչը կարող էր էրեխուն դրդել նման բանի»,- ասաց Արթուր Մուրադյանը՝ հավելելով, որ աղջկա ընտանիքը բարեկարգ վիճակում է ապրում, սոցիալապես ապահովված է:
«Կիրթ, համեստ ընտանիք է: Ամբողջ գյուղը շոկի մեջ է: Չենք կարողանում հասկանալ՝ ինչ կարող է պատահած լիներ, ինչ բրդեց խելքին՝ էդպիսի քայլի գնաց»,- շարունակեց մեր զրուցակիցը:
Վերջինս հայտնեց, որ զրուցել է նաև դպրոցի տնօրենի հետ, ով ևս զարմացած է երեխայի՝ նման քայլի դիմելու հանգամանքից: Տնօրենը ևս նկատել է, որ վերջին շրջանում աղջիկն իրեն սովորականի պես չի պահել, ավելի քիչ է շփվել համադասարանցիների հետ:
Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը վստահեցրեց, որ գյուղում կրոնական որևէ կառույց չի գործում, իսկ եթե անգամ հաստատվի, որ աղջիկը նման հավաքների է մասնակցում, ապա, ամենայն հավանականության, միայն Երևան գալով կարող էր մասնակցել:
Տեղեկացնենք, որ տարածված լուրերի համաձայն՝ երեխայի կյանքը փրկել է հայտնի գործարար Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ):