Երեկ՝ հուլիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 12.45-ի սահմաններում “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով մի քաղաքացի է տեղափոխվել: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Նոր Նորք 1-ին զանգվածի Նանսենի փողոցի 5/2 շենքի բնակիչ 52-ամյա Ռուստամ Արաբյանն է, ով հրազենային վնասվածքն ստացել է ձախ ոտքի շրջանում: Գ. Շամշյանը հայտնում է, որ Ռ. Արաբյանը մասնագիտությամբ թիթեղագործ-ներկարար է և իր արհեստանոցն ունի Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցի վրա գտնվող նախկին բազալտի գործարանի հարակից տարածքում: Պարզվել է, որ կրակոցները հնչել են Ռ. Արաբյանի նշված արհեստանոցում, որտեղ օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել և առգրավել է 3 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և մեկ հատ 7.62 մմ տրամաչափի չկրակված փամփուշտ: Կրակոցներից մեկ ժամ առաջ, Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռ. Արաբյանի և մի քանի հոգու միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որից մեկ ժամ հետո վիճաբանողները վերադարձել և կրակոցներ են արձակել:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ տուժողը ենթարկվել է վիրահատման և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոցում հավաքված քաղաքացիներն իրեն հայտնել են, որ կրակոցներն արձակել են ՀՀ Գլխավոր դատախազության նախկին դատախազ Լեռնիկ Շահբազյանի որդիներն ու նրանց ընկերները և հուսով են, որ Ոստիկանությունը կարճ ժամանակահատվածում կհայտնաբերի նրանց, և մեղավորները, անկախ նախկին և ներկա պաշտոնից ու դիրքից, պատասխանատվության կենթարկվեն։