ԼՈՏՈՆ ԿՏՐԵՑ ՆՊԱՍՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արմավիրի մարզի համանուն համայնքի Եղոյան 52 տան բնակչուհի Սուսաննա Նավասարդյանի համար դրամական խոշոր շահումը դարձել է ոչ միայն ընտանեկան անախորժությունների, այլեւ սոցիալական ծանր կացության պատճառ:
Սուսաննա Նավասարդյանը 67 տարեկան է, կենսաթոշակառու: Ապրում է տղայի՝ Լենդրուշի ընտանիքի հետ: Մեր այցելության օրը տիկին Սուսաննան բարձր ճնշում ուներ, հազիվ էր կարողանում հաղորդակցվել: Հարսը՝ Արմինեն, լրացնելով սկեսուրին, ներկայացրեց իրենց ծանր սոցիալական վիճակը, որում ընտանիքը հայտնվել է շուրջ 11 մլն դրամ շահելուց հետո: 
“Հիմա կզարմանաք, սակայն տեսե՛ք, թե ինչ պայմաններում ենք ապրում: Ունեմ 5 անչափահաս երեխա, ավագը սովորում է պետական բուհի վճարովի բաժնում: Կրտսեր զավակս օրեր առաջ է կոմայից դուրս եկել: Ֆրանսիացի մասնագետները հազիվ կարողացան նրան կյանքի վերադարձնել: Երեկ են հիվանդանոցից դուրս գրել, 15 օր է՝ կյանքի ու մահվան կռիվ էինք տալիս,-արտասվելով պատմում է Արմինեն ու իրեն հավաքելով՝ շարունակում,-ա՛յ քուր ջան, քեզնից ի՞նչ թաքցնեմ: Սկեսուրիս շահած լոտոն պատիժ դարձավ մեր ընտանիքի համար: Նպաստներս կտրեցին: Ամուսինս էլ չի աշխատում:  Հիմա գազ չունենք, լույսի վարձը հազիվ ենք մուծել, 20 հազար դրամ ջրի վարձի պարտք ունեմ: Գազի ու ջրի չլինելու պատճառով բաղնիքս չեմ օգտագործում, 8 անձի լվացքը ձեռքով եմ անում: Հիմա կասեք` բա ուր գնաց ձեր 11 միլիոնը”:
Արմինեն չի շարունակում, սկեսուրը պատմում է, որ 2010թ. “Մեգա” լոտոյով շահել է 11 մլն 375 հազար դրամ. “Էրեխեքս պակաս-պռատ են ապրում, 5 մլն-ը բաժանեցի, 6 մլն-ն էլ պահեցի բնակարանիս ռեմոնտի համար: Դե քանի որ դեմը ձմեռ էր, տարա, գցեցի բանկ”: 
Կնոջ վկայությամբ՝ “լոտոյի բարի լուրը” հասնում է Արմավիրի սոցիալական ծառայության տարածքային գործակալության տեսուչ Ռուզան Գրիգորյանին, որը շտապում է իր մոտ կանչել տիկին Սուսաննային եւ ասել, որ օրենքով լրացուցիչ եկամուտներ ստանալու դեպքում դադարեցվում է տվյալ ընտանիքի նպաստը:
“Ժողովուրդ”-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից փորձեց ճշտել, թե այդ որ օրենքի անունից է տեսուչ Ռուզանը հանդես եկել, եւ ինչով է պայմանավորված Ս. Նավասարդյանի նպաստի դադարեցումը: Նախարարության սոցիալական  աջակցության վարչության  պետ  Աստղիկ Մինասյանը մեր հարցմանը գրավոր պատասխանեց` մասնավորապես նշելով, որ Ս. Նավասարդյանի ընտանիքն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում վերջին անգամ հաշվառվել է 25.01.2010թ., եւ անապահովության միավորը զրոյացվել է նպաստի կամ օգնություններ ստանալուց ընտանիքի կամավոր հրաժարվելու պատճառով:
“Ա՛յ բալա ջան, ես ինչի՞ պիտի հրաժարվեմ: Պատվովս եմ երդվում, չենք հասցնում, հլա մեր քանդված պատերին նայե՛ք, տունուտեղ չունենք, օրական 15 հաց եմ գնում, ուտելիքն էլ չեմ հասցնում առնել: Էրեխեքս թերսնվում են, դրա համար էլ սաղ օրը հիվանդանոցներում ենք: Ես ինչի՞ պիտի հրաժարվեի”,-ասում է տիկին Սուսաննան: Կինը լացակումած պատմում է, թե ինչպես  է “տեսուչ Ռուզանը լոտոյի խաբարը իմանալուց հետո իրեն “Փարոս” կանչելե եւ խաբելով օրենքից կեղծ մեջբերումներով` ապակողմնորոշել  եւ ստիպել սեւով սպիտակի վրա գրել եւ ստորագրել, որ ինքնակամ հրաժարվում է  նպաստից: 
Կինը, տեղեկանալով, որ իրեն խաբել են, դիմել է “ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ Ալլային, Արմավիրի մարզպետ Աշոտին, սոցիալական ծառայության Արմավիրի տարածքային գործակալության  պետ  Արտենյանինե, որոնք, խոսքները մեկ արած, կիսագրագետ կնոջը բացատրել են, որ ՀՀ օրենքը պահանջում է իր “նպաստը կտրել”:
“Ժողովուրդ”-ի միջամտությունից հետո սոցիալական ծառայության վարչության պետ Ա. Մինասյանը  կրկին  մեզ գրավոր պատասխանեց, որ Ս. Նավասարդյանն իրավունք ունի կրկին դիմելու գործակալության տարածքային բաժին, որից հետո՝ 25 օրվա ընթացքում, տեսուչը կկատարի տնայց, կորոշի ընտանիքի անապահովության սահմանային միավորը, եւ ըստ այդմ՝ կորոշվի ընտանեկան նպաստ  կամ հրատապ օգնություն  ստանալու իրավունքը:
Պատասխանը փոխանցել ենք Նավասարդյանին եւ կհետեւենք գործընթացին: 
“Բալա՛ ջան, սա ամենը չի, բանկից անհետացել է իմ պահ տված գումարը: 2 մլն հանեցի, տան կտուրը վերանորոգեցի ու 4 հատ եվրոպատուհան գցեցի: Իսկ մնացած չորս միլիոն դրամը ՎՏԲ բանկի Արմավիրի մասնաճյուղի կառավարիչ Մելիքսեթը յուրացրեց”: 
Ի դեպ, ըստ լուրերի՝ սա Մելիքսեթ Խաչատրյանի առաջին շորթումը չէ: Նրա անունը կապվում է նաեւ բնակարանների ապօրինի յուրացման հետ: “Ժողովուրդ”-ը դրան կանդրադառնա թերթի հաջորդ համարներից մեկում:
 ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս