«Լրագրողից Շուշան Պետրոսյանը ներողություն խնդրեց, սակայն պիտակը մնաց»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հանդես եկավ տարեկան զեկույցով` կապված 2014 թվականին լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների և տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումների դեպքերի հետ:

«Տարեգիր» թերթի նախկին գլխավոր խմբագիր, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Վասակ Դարբինյանը հանդիպման ժամանակ առանձնացրեց նախորդ տարի ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին վիրավորելու դեպքը:

Հիշեցնենք, որ Վերնիսաժ տոնավաճառում հնչեցված կրակոցների դեպքերի մասին «Ազատություն» ՌԿ լրագրող Ռուզաննա Ստեփանյանի հարցը լսելուց հետո ԱԺ հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանն ասել էր. «Դուք բոլորդ անբարոյականներ եք»:

Պատգամավորը պարզաբանող հարցին, թե ինչու եք վիրավորում, որևէ պատճառաբանություն չի ներկայացրել։ Այնուհետեւ պարզաբանման համար իրեն մոտեցած «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրողին Շուշան Պետրոսյանը կտրուկ ասել է. «Գնացիր ստեղից»։

Ներկայացնելով այս դեպքը, Վասակ Դարբինյանը հայտնեց, որ թեև ավելի ուշ անձնական զրույցի ժամանակ Շուշան Պետրոսյանը ներողություն էր խնդրել լրագրողից, այդուհանդերձ` այդ պիտակը մնացել է լրագրողների վրա:

«Ես չգիտեմ` էլ ինչեր կարելի է լսել  պատգամավորներից, որոնք անհաճո են իրենց պահվածքով: Շատ այլ պատգամավորներ ևս նույն պիտակավորումներով և փոքր ինչ այլ դրսևորումներով են լրագրողներին անվանում»,- նշեց բանախոսը:




Լրահոս