Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն այսօր կրկին հավաքվել են Կառավարության շենքի դիմաց: Նրանք շարունակում են բողոքել «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների դեմ:
ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը և Վահան Բաբայանը քիչ առաջ հանդիպեցին առևտրականներին: Մ. Մելքումյանը հայտնեց, որ երկուշաբթի ԱԺ-ում եռյակի հետ արտահերթ խորհրդակցություն է հրավիրելու առևտրականների խնդիրը քննարկելու համար:
«Գագիկ Ծառուկյանը ձեր կողքին է: Ձեզ համար պայման պետք է ստեղծել, որ աշխատեք: Մենք ձեզ սիրում ենք: Ուզում ենք հասկանալ, եթե էս օրենքը ընդունվի, էս երկիրը բարգավաճելո՞ւա»,-ասաց պատգամավորը:
Առևտրականներն այդ խոսքից հետո սկսեցին վանկարկել «Բարգավաճ»:
Պատգամավորները հեռացան՝ խոստանալով հանդիպել ԱԺ-ում՝ հարցի քննարկմանը: Վահե Էնֆիաջյանը խոստացավ, որ եթե ԱԺ-ում հարցը լուծում չստանա, այն կքննարկվի ԲՀԿ-ի հրավիրած խորհրդաժողովում:
Ցույցի ընթացքին կարող եք հետևել այստեղ: