Խաչիկ Խաչատրյանի և «Ժողովուրդ» օրաթերթի դատական վեճը բացառիկ է իր հանգուցալուծմամբ. իրավաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար Խաչիկ Խաչատրյանի և «Ժողովուրդ» օրաթերթի միջև դատական վեճի հանգուցալուծման նախադեպը բացառիկ է իր տեսակով: Այսպիսի կարծիք այսօր հայտնեց իրավաբան Օլգա Սաֆարյանը, ով լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց լրագրողների և լրատվամիջոցների կողմից ներկայացված դատական հայցերը և դրանց մասով քննության ընդհանուր ընթացքը:

Իրավաբանի խոսքով՝ այն, որ Առաջին ատյանի դատարանը մերժել է գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ օրաթերթի, մեր օրերում բացառիկ դեպք է:

Իրավաբանը հայտնեց, որ Առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը գործարարը բողոքարկել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան, որտեղ որոշում է կայացվել բեկանել վճիռը և ուղարկել այլ կազմով նոր քննության: Այստեղ էլ՝ Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել բավարարել գործարարի հայցը մասամբ: Այն է՝ 3 մլն դրամ փոխհատուցման պահանջը բավարարել դրա 50%ի չափով: Այսպիսով՝ դատարանը որոշել է, որ «Ժողովուրդ» օրաթերթ ՍՊԸ-ն պետք է Խաչիկ Խաչատրյանի գործարար համբավը գցելու դիմաց վճարի նրան 1 մլն 5 հարյուր հազար դրամ փոխհատուցման գումար:

Դատարանի այս որոշումը լրատվամիջոցը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան:

Հիշեցնենք, որ Երևանի Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավոր Կարինե Հակոբյանի նախագահությամբ, գործարար Խաչիկ Խաչատրյանի (Ձվերի Խաչիկ) բողոքը ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Սոնա Գրիգորյանի մասով վերաքննիչ բողոքը բեկանվել էր: Ըստ Խ. Խաչատրյանի՝ օրաթերթն արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Հիշեցնենք նաև, որ դեռեւս 2012թ. դեկտեմբերին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել է «X գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանին, քանի որ ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում եւ ինչ խնդիրներ է ունեցել ՊԵԿ-ի հետ:

Այս հարցերի շուրջ «ժողովուրդ» օրաթերթի թղթակից հայցվոր Սոնա Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Խաչիկ Խաչատրյանի հետ, որի ընթացքում վերջինս վիրավորել է լրագրողին՝ նրա հասցեին հնչեցնելով անպարկեշտ արտահայտություն: Լրագրողը եւ թերթի խմբագրությունը հայցադիմումով դիմել են Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ  Խաչիկ Խաչատրյանի` պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտության համար ներողություն խնդրելու պահանջի հիմքով:

Դատաքննության ընթացքում պատասխանողն ընդունել է լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցրած լինելու փաստը, սակայն դատարանից խնդրել է կարճել քաղաքացիական գործը, քանի որ վիճահարույց արտահայտությունը չի ասվել հրապարակայնորեն, այլ մասնավոր հեռախոսազրույցի ընթացքում, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որի հիմքով հայցվորները դիմել էին դատարան, տարածվում էր միայն հրապարակայնորեն հնչեցված խոսքի վրա: Հայցվորները, ի տարբերություն, գտնում էին, որ էական էր այն հանգամանքը, որ վիրավորական արտահայտությունը հնչեցնելու պահին պատասխանողը գիտակցում էր, որ հեռախոսով արտահայտած իր մտքերը հրապարակվելու էին, ինչպես նաեւ, որ ինքը ձգտում էր հրապարակայնություն հաղորդել իր մտքերին:

Նշված հանգամանքները, ըստ հայցվորների, հիմք էին երկկողմանի հեռախոսազրույցի ընթացքում հնչեցված խոսքը հրապարակային համարելու համար: 2013թ. ապրիլի 29-ին դատարանը մերժել է հայցն ամբողջությամբ՝ որոշելով, որ հնչած արտահայտությունը չի կատարվել հրապարակայնորեն, մինչդեռ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը կիրառելի է միայն հրապարակային արտահայտությունների նկատմամբ:




Լրահոս