Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ երեկոյան Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչներից մեկն առևանգել է համագյուղացու 15-ամյա որդուն ու հայտնել, որ տղային կվերադարձնի, եթե երեխայի հարազատներն իր պարտքերը վճարեն: Պարզվել է, որ երեխային ազգությամբ եզդի Մայիս Մստոյանը պահել է իր տանը:
Armlur.am-ի հետ զրույցում Մարմարաշենի գյուղապետ Էդվարդ Հակոբյանն արդարացրեց առևանգող համագյուղացու նման արարքը՝ ասելով, թե Մստոյանն այլ կերպ չէր կարող իր գումարները երեխայի ծնողներից վերցնել:
«Բա ի՞նչ աներ, 2000 դոլարի պարտք ուներ էդ երեխու ընտանիքը: Երեխուն տարել ա իրա տուն, տաք-տաք պահել ա, կերցրել, խմցրել: Դրանք էլ ոստիկանության հետ գնացել են ու էրեխուն տարել իրենց տուն: Բա դա անելու բան ա՞: Դա շանտաժություն ա, կլյաուզնիկություն»,- ասել էր մեր զրուցակիցը:
Մայիս Մստոյանը, ով շրջապատին առավել հայտնի է Պիտո անվամբ, վստահեցրեց, որ ինքը չէր առևանգի մեկին, ում հետ իր հացն է կիսել, ում իր տանը մնալու տեղ է տվել: Մստոյանի խոսքով՝ տեղի ունեցածն անչափահաս «զոհի» ծնողների երևակայության արդյունքն է:
«Մեր երեխան է: Մեր տանը տեղ ենք տվել: Այդ օրն էլ իրար հետ իջել էինք ֆերմա, հաց կերել, մեկ էլ տեսնենք՝ հայրն ու մայրը՝ ոստիկանների հետ, մտան ներս: Էրեխուն վերցրին, գնացին: Էդ ընտանիքը մեր հայաթի հարևանն է, իմ մոտ են աշխատում՝ կովերս են պահում»,- ասաց եզդի Մայիս Մստոյանը:
Մեր դիտարկմանը՝ եթե իրականում առևանգում չի եղել, ինչպե՞ս հասկանանք գյուղապետի խոսքերը, թե առևանգումն արդարացված է, քանի որ այլ կերպ հնարավոր չէր լինի պարտքը հետ վերցնել, Մ. Մստոյանը կցկտուր պատասխան տվեց. «Ա՜խր, առևանգողներն իրար հետ հա՞ց են ուտում: Երկու հազար դոլարի պարտք ու պահանջ չկա: Ախր, առևանգումը տան մեջ չի լինում: Ասում եմ՝ ինչի՞ ես ոստիկանություն դիմել, ասում է՝ բա փո՞ղը: Ամեն ինչ նորմալ ա, թյուրիմացություն ա եղել»:
Ինչևէ, փաստն այն է, որ անչափահաս երեխայի ծնողները փնտրել են նրան, մտածել են, որ իրենց հարևան պարտատերն է առևանգել, հաղորդում են տվել ոստիկանություն՝ իրենց վարկածն էլ բացատրելով այն հանգամանքով, որ հարևանն այլ կերպ չէր կարող իրենցից գումար վերցնել:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը պաշտոնապես հայտնել է, որ երեխայի առևանգման դեպք է գրանցվել. երեխան պահվել է առևանգման մեջ կասկածվողի տանը: