Մեխիկոյի ծննդատներից մեկում գազով ավտոցիստերնի պայթյունի արդյունքում զոհվել է 3 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Շուրջ 20 տուժածի, այդ թվում՝ երեխաների վիճակը ծանր է: Հիվանդանոցի շենքը գրեթե փլուզված է: Միջադեպը գրանցվել է Մեքսիկայի մայրաքաղաքի արևմուտքում, որտեղ չկա գազատար:
Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերան հայտնել է, որ ողբերգության պատճառն է դարձել ծննդատան խոհանոցում գազի պահեստարանը վառելիքով լիցքավորելու ժամանակ խողովակից գրանցված արտահոսքը: Շենքի փլատակների տակ փրկարարներին հաջողվել է գտնել ողջ մնացած մի քանի նորածնի:
Դեպքի վայր է ժամանել Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն:
«Մենք ուրախ էինք երեխաներին ողջ ու առողջ տեսնելու համար: Որոշ մայրեր վիրավորվել են, սակայն նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում: Մենք այցելել ենք փոքրիկներին, որոնք, ցավոք, չափազանց ծանր վիճակում են եղել»:
Գազի արտահոսքի հետևանքները վերացնելու փորձի ժամանակ ևս մեկ պայթյուն է գրանցվել: Միջադեպի հետ կապ ունենալու մեղադրանքով՝ ձերբակալվել է 3 մարդ, որոնցից 2-ը հոսպիտալացվել են: