Ոստիկանության աշխատակիցն ու քաղաքացին կալանավորվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ավագ ոստիկան Էդուարդ Ա.-ի և քաղաքացի Օնիկ Մ.-ի կողմից ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ա.-ն և քաղաքացի Օնիկ Մ.-ն իրենց ունեցած պարտքերը մարելու նպատակով նախնական համաձայնության են եկել և Երևանում բնակվող ԻԻՀ քաղաքացիներից կատարել տարբեր իրերի գողություն:

Այսպես՝ 2014թ. հուլիսի 12-ին` կեսգիշերն անց, Օնիկ Մ.-ն և Էդուարդ Ա.-ն նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք են գործել իրանցի Ռենա Մ.-ի բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել կենցաղային իրեր` վերջինիս պատճառելով զգալի չափերի` 200 հազ. ՀՀ դրամի նյութական վնաս:

Բացի այդ, Օնիկ Մ.-ն 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել մեկ այլ բնակարան և գաղտնի հափշտակել ԻԻՀ քաղաքացի Սաֆար Ջ.-ին պատկանող կենցաղային իրեր, հագուստ, ոսկյա մատանի` վերջինիս պատճառելով խոշոր չափերի` մոտ 600 հազ. ՀՀ դրամի նյութական վնաս:

Էդուարդ Ա.-ն և Օնիկ Մ.-ն 2014 թ.-ի ամռանը` տարբեր օրերի, գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք են գործել այլ իրանցիների բնակարաններ ևս, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցնել:

ՀՀ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ա.-ին և քաղաքացի Օնիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս