«Комсомольская Правда» թերթը հետաքննություն է անցկացրել և ներկայացրել 7 պատճառ, թե ինչու է ռուս զինվոր Վալերի Պերմյակովը սպանել Ավետիսյանների ընտանիքին:
Նպատակը, ինչպես նշում է կայքը, հասկանալն է, թե ինչը կարող էր դրդել Պերմյակովին կատարել այդ սարսափելի ոճրագործությունը: Ինչո՞ւ պետք է հասարակ ռուս զինվորը սպաներ Ավետիսյանների ընտանիքին, ո՞րն էր դրա պատճառը. կայքը մատնանշում է մի քանի վարկած.
Վարկած 1. Խելագա՞ր էր
Այն վայրը, որտեղ ապրում է Պերմյակովը, կարող է խելագար դարձնել յուրաքանչյուրին՝ առանց որևէ պատճառի: Տեսարաններ, որոնք հատուկ են կատաստրոֆիկ ժանրի ֆիլմերին: Թվում է՝ մարդիկ վաղուց լքել են այդ վայրերը:
Մենք այնտեղ հասանք երեկոյան: Փողոցը մութ էր, ոչ մի լույս… Դուռը բացում են Պերմյակովի ծնողները՝ Պավելը և Մարիան, սակայն ներս չեն թողնում: Իրենց տղայի մասին պատասխանում են առանց էմոցիաների: Պատասխանում են կարճ: Իսկ երբ Պերմյակովի հայրը փորձում է ծավալվել, մայրն ընդհատում է:
«Սովորական տղա էր, սովորում էր 4-երով, եղել են նաև 3-ներ»,- ասել է հայրը:
– Շրջապատ ունե՞ր:
– Դե, հա: Իր նման տղաներ էին, միասին էլ բանակ են գնացել:
– Թմրանյութերի նկատմամբ հակում ունե՞ր:
– Մենք մեր տղային նույնիսկ խմած չենք տեսել: Մինչև բանակ գնալը նույնիսկ չէր էլ ծխում, բանակում է սկսել ծխել:
– Գուցե առողջական խնդիրնե՞ր է ունեցել:
– Հոգեկան խնդիր ունեցողին ուրիշ երկիր չեն ուղարկում: Մենք հաճախ ենք հեռախոսով խոսել նրա հետ, նրա մոտ ամեն ինչ լավ էր: Ինքն է խնդրել, որպեսզի իրեն Հայաստան ուղարկեն: Ցանկանում էր ծառայել: Նա մի քանի անգամ Հայաստանից եկել է Չիտա՝ զորակոչիկներին էր ուղեկցում: Հոգեկան հիվանդին չէին ուղարկի:
Պերմյակովի հարազատներն ու նրան ճանաչողները միանշանակ պնդում են, որ տղան խելագար չէ:
Վարկած 2. Թմրամո՞լ էր
Այս վարկածը նույնպես Պերմյակովին ճանաչողները կտրուկ հերքում են: Կայքի թղթակիցները զրուցել են նաև Պերմյակովի ուսուցչի հետ. նա էլ է հերքում: Ստացվում է՝ նա ո՛չ խմել է, ո՛չ էլ թմրանյութ է օգտագործել. բարեհամբույր, աշխատասեր տղա է եղել, օգնել է հորը, որը տեխնիկական իրեր վերանորոգելու արհեստանոց է ունեցել:
Վարկած 3. Վատ ազդեցությո՞ւն:
Պերմյակովի հարևանուհին, ով նաև դպրոցի ուսմասվարն է, ասել է, որ Վալերին սովորել է իր դստեր հետ նույն դասարանում: «Եղել է, որ Յուլյան՝ աղջիկս, Վալերային խնդրել է իր համար ջուր բերել. նա բերել է: Նա ընդհանրապես չէր կարող որևէ մեկին նեղացնել: Այնքան բարի էր»,- ասել է նա:
Հարևանուհու խոսքով՝ Պերմյակովը նույնիսկ ճանճին չէր վնասի, նա կյանքում որևէ մեկի հետ չէր վիճել…
Վարկած 4. Եղբոր համար:
Վարկածը, թե Վ. Պերմյակովի եղբայրը գաղութում թղթախաղի պարտք է ունեցել, լրագրողներին պատմել են Չիտայի թղթակիցները: Այդ պատմությունը բանտային ֆոլկլորի է նման: Մեծ եղբայրը ապրում է՝ դուրս եկա, գողացա, խփեցի, դեպի բանտ սկզբունքով:
Շրջանառվում է այն վարկածը, թե եղբայրը գաղութում մեծ գումար է տանուլ տվել, որը պետք է վերադարձներ, հակառակ դեպքում՝ նրան լավ բան չէր սպասվում այնտեղ: Եվ այդպես՝ իբրև մեծ եղբայրը կրտսեր Պերմյակովին լուր է ուղարկում, թե՝ որպեսզի պարտքն իր վրայից հանեն, պետք է հեռավոր Գյումրիում ընտանիք ոչնչացնել: Փոքր Պերմյակովը ծառայում է բանակում և խնդրում է իր հրամանատարներին իրեն ուղարկել Գյումրի: Եվ այդպես սև գործն անում է, մեծ եղբայրն այլևս պարտք չէ, նա կարող է հանգիստ քնել բանտի խցում: Սակայն նշվում է, որ երբ Պերմյակովը ծնվել է, եղբայրն արդեն բանտում է եղել, ապա՝ պարբերաբար կրկին հայտնվել այնտեղ:
Վարկած 5. Վրեժ
Վարկածը, թե Պերմյակովը ճանաչել է Ավետիսյանների ընտանիքին ու վրեժ է լուծել նրանցից, շրջանառվել է համացանցում: Այս վարկածը հերքվելուց հետո սկսեցին լուրեր տարածվել, թե նա Չիտայում խնդիրներ է ունեցել ինչ-որ հայերի հետ: Սակայն դա էլ չհաստատվեց: Կայքը նշում է, թե տեղեկություններ տարածվեցին, որ Պերմյակովը վրեժ է լուծում 1963թ. Մոսկվայում տեղի ունեցած սպանության համար, որի մեղավորը հայ էր:
Վարկած 6. Աղանդավորական շարժմանը հետևորդ լինելը
Պերմյակովի ծնողներն աղանդավոր են: Նրա ընտանիքի անդամները, բացի բանտում գտնվող մեծ տղայից, բոլորը «Հավատ, հույս, սեր» աղանդավորական կառույցի անդամ են: Որոշները նրանց անվանում են 50-ականներ: «Մենք աղանդավորներ չենք, մենք Ավետարանչական ենք»,- ասում է Պերմյակովի մայրը` Մարիա Պերմյակովան:
Սակայն Բալեյ քաղաքի բնակիչները հաստատում են, որ նրանք այդ եկեղեցու հետևորդներն են:
Վարկած 7. Սադրանք:
Ծնողները չեն հավատում այն տարբերակին, թե Պերմյակովին օգտագործել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին վնաս հասցնելու համար: