
Վրաստանի արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլին զգուշացրել է, որ Ռուսաստանի հաջորդ քայլը կարող է լինել Հարավային Օսիայի անեքսիան: Ղրիմի սցենարի հավանական կրկնության մասին է պատմել նախարարը Վաշինգտոնում Ազատություն ռադիոկայանին:
Բերուչաշվիլիի խոսքերով՝ Հարավային Օսիայում կարող է հանրաքվե կայանալ, ինչպես դա տեղի ունեցավ 2014 թ. մարտ ամսին Ղրիմում: Ռուսաստանը կարող է այն օգտագործել որպես Հարավային Օսիան իրեն միացնելու համար հիմք, որը 2008թ. Մոսկվան ճանաչել է որպես անկախ պետություն:
Արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Հարավային Օսիայում ու Վրաստանի մյուս անջատողական տարածաշրջանում՝ Աբխազիայում, այժմ շուրջ 11,500 ռուս զինվորական կա:
Հավելենք, որ ավելի վաղ չճանաչված Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովը հայտարարել էր, որ Հարավային Օսիան իր ապագան տեսնում է միայն Ռուսաստանի հետ: