Այն, որ Հայաստանի շատ դպրոցներում կրթական գործընթացները կազմակերպվում են բազմաթիվ խախտումներով, գաղտնիք չէ: Սակայն դպրոցներ կան, որտեղ իրավիճակն ուղղակի տագնապեցնող է: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանը 2012թ. մարտին այդ կրթօջախի տնօրեն է ընտրվել օրենքի խախտումով, քանի որ այդ ժամանակ նա հանդիսանում էր Ոսկեպարի դպրոցի կառավարման խորհրդի նախագահը:
Չունենալով ռազմագիտական կրթություն՝ նա սահմանամերձ Ոսկեպարի դպրոցում դասավանդում է նախնական ռազմական պատրաստություն, նաեւ դպրոցի զինղեկն է: Նրա կինը՝ Նինա Ալավերդյանը, ով սարքաշինական կամ մեքենաշինական տեխնիկում է ավարտել, Ոսկեպարի դպրոցում ներկայումս դասավանդում է հայոց պատմություն, երգեցողություն եւ նկարչություն: Ոսկեպարից հայտնում են, որ ոչ մանկավարժ կնոջը ուսուցիչ հրամանագրելով՝ Հ. Ալավերդյանը լուծել է բուհում սովորող իր երկու զավակների ուսման վարձը զեղչով վճարելու հարցը:
Բացի նշվածից՝ Ոսկեպարի դպրոցի ուսուցիչների մի զգալի մասի մասնագիտությունը կապ չունի նրանց դասավանդած առարկաների հետ: Օրինակ՝ Ոսկեպարի բուժքույրը, ով ռուսական կրթություն ունի, դպրոցում հասարակագիտություն է դասավանդում: Ի դեպ, Հարություն Ալավերդյանը շուրջ 20 տարի աշխատեցնում է 2 փոքր ձեռնարկություն՝ հացահատիկի զտարան, աղաց եւ խառատագործական արհեստանոց, դրանցից շահույթներ է ստանում, սակայն այդ ձեռնարկություններն այդպես էլ հարկային գրանցում չեն ստացել:
Ալավերդյանն իր ոչ մանկավարժ կնոջը տարբեր, տնօրենի խոսքերով՝ «տեխնիկական» առարկաների դասաժամեր հատկացնելը պատճառաբանում է նրանով, որ բարձր լեռնային, սահմանամերձ դպրոցներում օրենքով թույլատրվում է մի քանի դասաժամի համար նոր աշխատող չընդունել, այլ բացը լրացնել «ներքին ռեսուրսներով»: Թե ինչու «ներքին ռեսուրս» ասելով՝ նա հենց իր կնոջն է նկատի ունեցել, արդեն նշել ենք:
Հ. Ալավերդյանն ընդունում է, որ սերմնազտիչ, աղաց ունի, սակայն համարում է, որ գյուղատնտեսական բնույթի աշխատանքները Հայաստանում օրենքով հարկման ենթակա չեն: Նկատենք, որ այդ դեպքում Հայաստանում գործող բոլոր աղացները հարկ չպիտի վճարեին:
Իսկ թե խառատագործական արհեստանոցն ինչո՞ւ հարկային տեսչությունում գրանցված չէ, եւ ստացված շահույթներից հարկ չի վճարում, դպրոցի տնօրենն այդ մասին գերադասում է չխոսել: Կարծում ենք, որ այդ հարցը պետք է պարզեն հարկային մարմինները: Իսկ Ոսկեպարի դպրոցում մանկավարժության հետ կապ չունեցող անձանց կողմից տարբեր առարկաների դասավանդումը պետք է առաջին հերթին մտահոգի կրթության ոլորտի պատասխանատուներին, նաեւ Ոսկեպարի բնակիչներին, ում երեխաների ստացած կրթության որակի մասին հարկ չկա խոսելու:
Ոսկան Սարգսյան
Տավուշ