Այլեւս ակնհայտ է՝ Հայաստանի տնտեսական ճգնաժամը գնալով կսաստկանա, եթե առաջիկա մեկ-երկու ամիսներին լրացուցիչ միջոցներ չձեռնարկվեն:
Բանն այն է, որ անցած տարվա 11 ամիսներին Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է մեկ միլիարդ 155 միլիոն 960 հազար դոլար, ինչը նախորդ` 2013 թվականից պակաս է 152 միլիոն 705 հազար դոլարով: Տրանսֆերտները հիմնականում նվազել են տարվա երկրորդ կեսին, երբ Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները գնալով խստացվեցին, իսկ նավթի միջազգային գներն էլ կտրուկ նվազեցին: Տրանսֆերտների զուտ ներհոսքի 73 միլիոն 434 հազար դոլարի նվազումը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին:
Տրանսֆերտները Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժն են, եթե դրանք չեն ստացվում, ապա համարժեք գումարների ներհոսքն այլ աղբյուրներից, ասենք՝ ներդրումների կամ վարկերի տեսքով, պարտադիր պետք է լինի: Հակառակ դեպքում Հայաստանի տնտեսությունը, մեղմ ասած, ծանր կացության մեջ կհայտնվի: Տարբեր հաշվարկների համաձայն՝ Հայաստանում սկսված տնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար անհրաժեշտ է մոտ մեկ միլիարդ դոլարի ներդրում: Իսկ որտեղից վերցնի այդ գումարը Հայաստանը:
Արեւմտյան, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի ընկերությունների եւ խոշոր ներդրողների համար Հայաստանն առանց այդ էլ գրավիչ երկիր չի եղել, իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո արեւմտյան ընկերությունների համար Հայաստանը դարձել է անցանկալի երկիր: Ճիշտ է՝ արեւմտյան ընկերությունները նախկինում էլ առանձնապես իրենց չէին կոտորում Հայաստանում ներդրումներ կատարելու համար, քանի որ այստեղ պետական կառավարման համակարգը վերից վար ամբողջությամբ կոռումպացված է: Իսկ այժմ Հայաստանում ներդրում կատարելը նրանց համար նույն է, թե իրենց փողերը քամուն տան:
Մնում են ԵՏՄ երկրները, բայց նրանք բոլորն էլ Հայաստանի պես ամբողջությամբ կոռումպացված երկրներ են, եւ մեկը լինի նրանց օգնի, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանին:
Ստացվում է՝ Հայաստանի միակ հույսը ներքին ռեսուրսներն են: Այսինքն՝ անհրաժեշտ է, որ Հայաստանի օլիգարխները սկսեն իրենց գումարները նաեւ Հայաստանում ներդնել:
Հայաստանի օլիգարխների մի մասը, ինպես հայտնի է, իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ` Սերժ Սարգսյանի վերահսկողութան ներքո է: Օլիգարխների մի խումբ էլ ներառված է իշխանական էլիտայի, այսպես կոչված, ոչ իշխանական մասում: Արդյո՞ք Սերժ Սարգսյանն ի վիճակի է իր վերահսկողության տակ գտնվող օլիգարխներից պահանջել ավելին, քան նրանք անում են, պահանջել, որ նրանք ավելի շատ գումարներ ներդնեն Հայաստանի տնտեսությունում, քան մինչ այս արել են: Արդյո՞ք մի շարք գործարարներից Սերժ Սարգսյանը կարող է պահանջել, որ ավելի շատ գումար ներդնեն Հայաստանի տնտեսության մեջ` միանշանակ ոչ, չի կարող: Նրանց գումարների զգալի մասը ներդրված է Հայաստանի տնտեսությունում: Այդ օլիգարխներից ամեն մեկին տրված է տնտեսության որոշակի մասի մենաշնորհը:
Մնում են ոչ իշխանական խոշոր գործարարները: Վերջիններիս կարելի է բնորոշել որպես Հայաստանի ֆինանսական հնարավորությունների` Ռոբերտ Քոչարյանի վերահսկողության տակ գտնվող մաս: Վերջիններս էլ իրենց կապիտալի զգալի մասը դրսում են ներդրել, քանի որ այնտեղ ավելի հեշտ ու անվտանգ է գումար աշխատելը: Նրանք միայն մի դեպքում թերեւս իրենց գումարները կներդնեն Հայաստանում, եթե Քոչարյանը վերադառնա՝ անձամբ իր գումարները Հայաստանում ներդնելով:
Հիշեցնենք, որ «Global Financial Integrity» կազմակերպության դեռեւս մեկ տարի առաջ հրապարակած զեկույցի համաձայն` «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2003-2012» 10 տարիների ընթացքում` 2003-ից 2012 թվական, Հայաստանից անօրինական գումարների արտահոսքը կազմել է շուրջ յոթ եւ կես միլիարդ դոլար:
Իսկ թե այս իրավիճակում ինչպե՞ս կարող են գործող իշխանության բարձրագույն ներկայացուցիչները համոզել, որ գործարարները ներդրումներ անեն Հայաստանում եւ հիմնական շեշտադրումն անեն արտադրության մեջ, դժվար է պատկերացնել: Սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսության ապագան, մեղմ ասած, մշուշոտ է:
Վահագն Հովակիմյան