ՀՀ Սյունիքի մարզի Քաշունի համայնքում այս պահին ապրում է 6 մարդ: Իսկ գարնանը նրանց թիվը կավելանա 15-ով: Քաշունի համայնքի ղեկավար Գառնիկ Հակոբյանի պատմելով՝ գյուղում միայն ծեր թոշակառուներն են ապրում: Նրանց մեծ մասը ձմռան օրերին բնակվում են իրենց որդիների, դստեր կամ ազգականների տներում: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Քաշունիի համայնքապետ Գառնիկ Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, Քաշունի համայնքնում այս պահին վեց մա՞րդ է բնակվում:
-Սպասում ենք, որ մարդիկ գան գյուղ: Երեւանին մի նայեք, մեզ մոտ ձյուն է: Դրա համար էլ մեր գյուղի ծերերը գնացել են իրենց բարեկամների տուն: Գարնանը կգան: Պետք է գան, որ իրենց հողամասը մշակեն:
-Ինչո՞վ են մարդիկ ապրում: Եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:
– Մեր գյուղի վիճակն անտանելի է, բայց սաղ ենք: Թոշակի հաշվին են: Նպաստ ստացող չկա, իսկ ստացած թոշակն էլ ուղարկում են իրենց տղային կամ աղջկան եւ խնդրում են, որ դրանով վերմիշել, մակարոն գնեն ու գյուղ ուղարկեն: Կարող ես թերթի մի անկյունում գրել, որ գյուղն առաջիկայում չի լինելու: Գյուղում ծնունդ չկա, հարսանիք չկա, իսկ մեծն էլ մեծանում ու մեռնում է: Բա ի՞նչ անենք, ասեք՝ տեսնեմ:
-Իսկ երիտասարդ քաշունցիները որտե՞ղ են հիմա, ինչո՞ւ են գնացել:
-Աշխատանք չկա: Չեն կարողանում ցանք անել: Տարեցներ են ապրում Քաշունիում: Նրանք նույնիսկ անասուն չեն պահում, 70, 80-ամյա ծերեր են, ո՞վ անասուն պահի, գոմ մաքրի, կով կթի, չեն կարող: Հացահատիկ, գարի չեն ցանում, ընդամենը մի երկու կարտոֆիլ են ցանում, ուրիշ ոչ մի բան: Նույնիսկ մի հեկտար չեն կարողանում մշակեն: Հավես չկա, աշխատավոր չկա: Լավ-լավ դաշտեր, անտառ ունենք, եթե ֆերմեր լինի, կարող է հանգիստ իր անասուններին արածացնել:
-Որեւէ պաշտոնյա հետաքրքրվա՞ծ չէ գյուղով:
-Թե մեր մասին մտածող կա, դա միայն մեր մարզպետն է: 200 մետր խողովակ տվեց՝ ոռոգման համակարգը կառուցելու համար, ակումբի տանիքը հեչ էր եղել, վերանորոգեց, հետո մանր-մունր օգնել է: Թե ինչ անում է, էդ մարդն է անում: Ախր, գյուղում շարժ չկա, է: Իսկ համայնքների խոշորացման դեպքում մեր գյուղն ընդհանրապես կկորի: Հիմա դեռ գոնե գյուղի անունը մի տեղ կա գրված:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ