Շարունակելով ընթերցողի ուշադրությանը ներկայացնել ԱՄՆ դիվանագիտական արխիվի՝ Հայաստանին առնչվող փաստաթղթերը՝ այսօր կանդրադառնանք Երեւանի ավագանու 2009թ. ընտրություններին առնչվող մի հետաքրքիր զեկուցագրի: Այն հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը վերոհիշյալ քվեարկությանը նախորդող օրերին: Փաստաթուղթը հատկապես ուշագրավ է այն առումով, որ դեսպանը դիտարկում է նախընտրական դրությունը, համադրում իշխանության ճամբարից ստացված տեղեկությունները եւ ճշգրտորեն ներակայացնում ընտրություններում ակնկալվող պատկերը: Հատկանշական է, որ դիվանագետը նաեւ ընդգծում է իշխանությունների կողմից կեղծիքներ իրականացնելու հավանականությունը՝ դրանք համարելով ընտրությունների ինստիտուտը հիմնավորապես ոչնչացնող պրակտիկա:
Այսպես՝ հեղինակը նախ եւ առաջ փաստում է ընտրությունների կարեւորությունը՝ որպես քաղաքային առաջին ընտրություններ, որոնց հանդեպ, սակայն, քաղաքացիները խիստ անտարբեր կեցվածք են պահպանում: Դիվանագետն ի սկզբանե հռչակում է, որ քաղաքական այս խաղերին քաջատեղյակ շրջանակներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կիսելու են առաջին երկու տեղերը, իսկ ՀԱԿ-ը կլինի երրորդ հորիզոնականում: Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 31-ին կայացած քվեարկության արդյունքները հենց այս պատկերով հրապարակվեցին ԿԸՀ կողմից: Յովանովիչը հայտնում է, որ ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Բեգլարյանն էլ կդառնա քաղաքապետ, քանի որ «հայկական յուրաքանչյուր ընտրության մեջ մեծ դեր ունեն լայնամասշտաբ կեղծիքներն ու ստորին օղակներում ծավալվող բռնությունները քվեարկության վայրերում»:
Անդրադառնալով իշխանական կուսակցություններին՝ դեսպանը նկատում է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը չափազանց կարեւոր է, քանզի նա կառավարելու է հանրապետության 1/3 կամ նույնիսկ 1/2 բնակչությանը եւ ունենալու է ադմինիստրատիվ լուրջ լծակներ՝ զուգորդված ֆինանսական ու քաղաքական իշխանությամբ: Հեղինակը սա է համարում իրական պատճառը, որ «դեռ 1995թ., երբ Հայաստանն ընդունեց ՀՀ Սահմանադրությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրեց այդ պաշտոնը նշանակովի դարձնել եւ ոչ թե ընտրովի, քանզի, ինչպես ասվում է, երկիրը երկրորդ նախագահի կարիք չունի»: Ուշագրավ հանգամանք է, սակայն, որ քաղաքային իշխանության ընտրովիությունն այսօր իրականում ոչինչ էլ չի փոխել, եւ ընտրված քաղաքապետը նշանակվածից տարբերվում է լոկ նրանով, որ տեղի է ունենում պարզագույն եւ իմիտատիվ մի ընտրական միջոցառում, եւ ավելի շատ գումար է ծախսվում: Այս պարագայում, ըստ էության, գլխացավանքն է մի քիչ ավելի մեծ, իսկ արդյունքների առումով բացասականն ավելի շատ է, քանզի եւս մեկ քայլ է կատարվում ընտրական կեղտոտ ավանադույթների ամրապնդման հարցում:
Վերադառնալով ընտրական գործընթացին՝ Յովանովիչը շեշտում է, որ մնացած ուժերից ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը չեն կարող հաղթահարել 7 տոկոսանոց շեմը, ուստի եւ կզրկվեն ավագանու աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից: Նրա համոզմամբ՝ եթե ՀՅԴ-ն նորաթուխ ընդդիմադիր է ու դժվարություններ ունի հասարակությանը համոզելու գործում, ապա ՕԵԿ-ը երեւանցիների մոտ ընկալվում է որպես կեղծ ուժ՝ նկատի ունենալով 2008թ. նախագահական ընտրություններից հետո կուսակցության շրջադարձը: Յովանովիչը չի զլացել կրկին գնահատել Արթուր Բաղդասարյանի դերը քաղաքական կյանքում՝ նրան որակելով «հայկական քաղաքականության քամելեոն՝ պատրաստակամ վաճառելու իր կուսակցությունը ամենաբարձր գնով»:
Նախկին դեսպանը նկատում է, որ ՀՀԿ-ի գերխնդիրը Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ին մեծաթիվ ձայներից հեռու պահելն է: Դրան զուգահեռ՝ հարկավոր է ապահովել թիկունքը, քանզի ԲՀԿ-ն էլ ակնհայտորեն լուրջ է մոտեցել ընտրարշավին՝ հանձին Ծառուկյանի ընդգծված մասնակցության: Ի դեպ, Յովանովիչը հավելում է, որ երեւանյան շրջանակներում Ծառուկյանն ընկալվում է որպես գյուղացի մարդ, ով իր կողմն է գրավում ֆինանսական դժվարություններ ունեցող եւ աշխատանքը կորցրած բնակչությանը: Դիվանագետը պնդում է, որ «2008թ.-ին սկսված ֆինանսական ճգնաժամի ժամանակ Ծառուկյանի՝ մարդկանց աշխատանքը չկորցնելու հարցում ցուցաբերած օժանդակությունն ու քաղաքական նպատակներ ունեցող բարեգործությունը գրավում է մարդկանց»: ԲՀԿ-ին այս հարցում համեմատելով ՀՀԿ-ի հետ՝ դեսպանը եզրակացնում է, որ Բեգլարյանն առավելապես հայտնի չէ եւ «երկու անգամ ընտրվելով Կենտրոնի թաղապետ՝ հռչակված է կրիմինալ աշխարհի հետ կապերի ու կեղծիքներով լի արշավների համար»:
Եզրափակելով սպասվող ընտրությունների շուրջ իր գնահատականը՝ Յովանովիչը հատկանշում է, որ «Հայաստանի ընտրություններն ահավոր վատն են դառնում, երբ քաղաքական մշակույթում կիրառության մեջ են մտնում խախտումները: Ինչպես նախորդ ընտրություններում, մենք ակնկալում ենք ստանալ լայնամասշտաբ տեղեկություններ ընտրական ահաբեկումների, կեղծ քվեարկությունների եւ իշխանական կուսկացությունների` ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի կիրառած բռնությունների մասին: Քվեաթերթիկների ավելցուկը, կառուսելային քվեարկությունը, ընտրողներով լի ավտոբուսները, բազմակի քվեարկությունները, ձայների գնումը, ձայների հաշվարկի ժամանակ խախտումները կտեսնենք մայիսի 31-ին: Մենք կարծում ենք, որ ընդդիմությունն ու լրատվամիջոցները բռնությունների կենթարկվեն խախտումները փաստաթղթավորելու փորձերի ժամանակ»:
Դիվանագետը նշյալ ընտրությունների միակ նոր բաղադրիչը համարում է ՀՀԿ-ԲՀԿ հակադրությունը: Եվ իրավամբ, այդ ընտրություններով էլ սկիզբ դրվեց ՀՀԿ-ԲՀԿ պայքարին, որն այժմ փորձում է տեղավորվել «համաժողովրդական շարժման» ներքո: Ուշագրավ է, որ շատերը չեն հավատում նման պայքարի իսկությանը, ինչը, կարծում ենք, այս տարի վերջնականապես կհաստատվի: Կամ էլ կհերքվի՝ չդիմանալով ժամանակի փորձությանը:
Նժդեհ Հովսեփյան