«Գազպրոմ Արմենիա»-ի անցկացրած խողովակները վնասում են պատմական հուշարձանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունը 2014թ-ին արձանագրել է իրավախախտման 7 դեպք: Դրանցից 3-ը թույլ է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` համայնքների գազաֆիկացման ընթացում:

Ընկերության կողմից գազատարներ են անցկացվել հուշարձանների ճակատային մասով: Դրանք են Խնածախի Մելիք Հախնազարի ապարանքը, Վաղատուրի գյուղատեղի Հալաքին, որի մեջ հաշվառված է Հալաքի վանքը, Խոզնավարի 2-րդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանը:

«Այս 3 խախտումներն էլ կատարվել են արձանագրված եւ սահմանված պահպանական գոտիներում: Դրանց թույլտվությունները ստորագրված են եղել ներկա դրությամբ գործող համայնքների ղեկավարների կողմից»,-ասում է պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը` ընդգծելով, որ չնայած ծառայության ահազանգերին՝ խախտումներն ընկեուրթյան կողմից չեն վերացվել:

Մարզի տարբեր քաղաքներում քիչ չեն նաեւ այլ բնույթի խախտումները: Աստղիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցի ընթացքում դրանք մեկ առ մեկ մատնանշում է.«Սիսիանի Շահրիստան քաղաքատեղին գտնվում է բնակելի սեփական տների տարածքում, եւ անընդհատ բնակիչները գոմաղբ եւ կենցաղային աղբ են հավաքում քաղաքատեղիի տարածքում»,-նշում է կառույցի պատասխանատուն` ընդգծելով, որ այս դեպքում հաջողվել է համոզել բնակիչներին տարածքը մաքուր պահել:

Ինչ վերաբերում է հուշարձանների տարածքում կատարված պեղումներին՝ պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետի խոսքով՝ 5 տարբեր համայնքներում են դրանք իրականցվել: Տեղի Սբ.Գեւորգ եկեղեցու, Կապանի Բեխի Անապատի, Անգեղակոթի Ներքին Գոդեձոր, Աղտիու Ամրոցի եւ Ույծի Սանգեռ ամրոցի տարածքներում: Իսկ Անգեղակոթի Ուխտասարի ժայռապատկերի տարածքում արդեն երրորդ տարին է՝ ուսումնասիրություններ են կատարվում հայ-անգլիական արշավախմբերի կողմից:

Պեղումների արդյունքում հայտնաբերված ամրոցներն ու բնակատեղիները ընդհուպ մինչեւ քարեդարյան ժամանակաշրջանի մասին են վկայում եւ հասցնում մինչեւ հայ ժողովրդի ծագման բուն արմատները:

Աստղիկ Հակոբյանից տեղեկացանք նաեւ, որ վերականգնվել է Որոտնավանքի Սբ. Կարապետ եկեղեցու տանիքը, իսկ Կապանի Շիկահողի Սբ. Ստեփանոս նախավկայի եկեղեցու վերակառուցումն ընթացքի մեջ է, այն նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի:

Մարզի 2.900 հուշարձաններից 36-ն ընգրկված են առավել վտանգվածների ցանկում, իսկ 4-ը փլուզման եզրին են: Առայժմ նախատեսվում է վերականգնել դրանցից միայն մեկը` Մեղրու վանքը:

Ի դեպ, կառույցի ենթակայության տակ գտնվող հուշարաձանների ցանկն անցած տարի համալրվել է 26 նորահայտ հուշարձաններով:

Հերմինե Միքայելյան

Կապան




Լրահոս