«Հակոբ Հակոբյանի ֆիլմը փորձ էր», բայց արդյոք հաջողվա՞ծ (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուիզա Ղամբարյանն այս տարի թե՛ թատրոնից, թե՛ կինոյից ունի նոր դերերի առաջարկներ, որոնց մասին հանդիսատեսն առաջիկայում առիթներ կունենա լսելու: Դերասանուհին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է իր մասնագիտական ծրագրերին, խոսել է Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հեղինակած եւ արդեն իսկ բուռն քննադատությունների արժանացած «Հիշողություն» ֆիլմի, դրանում կերտած իր դերի եւ ֆիլմի վերաբերյալ բացասական կարծիքների մասին:

Luiza_ts1323253314

-Լուիզա՛, դժվար չէ՞ անընդմեջ գեղեցիկ ու ցանկալի կնոջ կերպարում լինել:

-Օյ, ես նման միտում բացարձակ չունեմ, նամանավանդ, որ արդեն երկու տարի է՝ էկրաններին ներկայանում եմ մի կերպարով, որը կանացիության եւ ցանկալիության հետ այդքան էլ կապ չունի, եւ չեմ վախենում, որ կարող եմ տգեղ կամ ծիծաղելի երեւալ:

PlGpS8OGOTyQYlOxnEpv3iqsNM

-Ի դեպ, հանդիսատեսը երբեմն հարցնում է՝ ինչ գործ ունի թատրոնի սիրված դերասանուհին «Հարազատ թշնամի» սերիալում, «մի տեղ, որտեղ բոլորն անընդմեջ գոռգոռում են»:

-Լինելով դասական թատրոնի դերասանուհի՝ ինձ փորձում եմ նաեւ սերիալի ձեւաչափում, քանի որ դա նույնպես իմ աշխատանքն է: Իմանալով հանդերձ դրա բոլոր թերությունների մասին՝ այնուամենայնիվ, սիրում եմ իմ աշխատանքը:

-Օրերս համացանցում քննադատությունների տարափ տեղաց ՀՀԿ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ( Ճոյտ) «Հիշողություն» ֆիլմի վերաբերյալ: Սոցցանցերի օգտատերերը, ովքեր հասցրել էին դիտել Ձեր մասնակցությամբ ֆիլմը, նշում էին, որ հայերիս համար կարեւորագույն թեմայով՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող այս ֆիլմը խայտառակություն է, ամոթ է, որ այն ներկայացվի արտերկրում, սցենարը պարզամիտ է, բեմադրությունը՝ ոչ պրոֆեսիոնալ: Ինչպե՞ս եք վերաբերում այս քննադատություններին, եւ ո՞րն է ֆիլմի մասին Ձեր մասնագիտական կարծիքը:

-Շատ երկար ժամանակ էր՝ ինչ ցանկություն ունեի իմ փոքրիկ ասելիքն ունենալ, մասնագիտական վերաբերմունքը ցույց տալ Ցեղասպանության թեմայի շրջանակում: Ֆիլմի փակ դիտմանը ես ներկա չեմ եղել, այն չեմ դիտել: Անշուշտ, մասնակցել եմ նկարահանումներին եւ ֆիլմի մասին որոշակի պատկերացում կազմել եմ հենց նկարահանումների ժամանակ, սակայն այս պարագայում ահռելի նշանակություն ունի նաեւ մոնտաժը, ուստի չեմ շտապի կարծիք հայտնել:

1395321890_luiza-ghambaryan-11

Ինչ վերաբերում է վատ կարծիքներին կամ քննադատություններին, ապա ասեմ, որ տեղի է ունեցել փորձ՝ նկարահանելու ֆիլմ, եկեք չշտապենք ասել, թե արտերկրում դա ինչ արձագանք կունենա: Որոշ պատմաբաններ եւ գործի մասնագետներ, գուցե, ասեն, որ փաստեր են խեղաթյուրված, բայց ես այնտեղ մի փոքրիկ էպիզոդիկ կերպար եմ կերտել եւ փորձել եմ խաղալ նորմալ, այսքանը:

-Քննադատողները հիմնականում նշում էին, որ ամեն մարդ չպետք է մոտենա մեզ համար այդքան կարեւոր եւ խոցելի թեմային՝ Հայոց ցեղասպանությանը: Դրանով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները: Դուք ի՞նչ կասեք:

-Ես համաձայն եմ: Ուստի, եթե տվյալ ֆիլմում կան որոշակի բացթողումներ, լավ կլիներ, եթե այդ ամենը քննարկվեր եւ համակարգային մոտեցում ցուցաբերվեր: Նման թեմայի շուրջ պրոֆեսիոնալների մի աբողջ թիմ պետք է աշխատի, լուրջ նախապատրաստական աշխատանքներ են պետք: Ես դեմ չեմ այդ կարծիքին:

l1

-Որքանով որ մասնակցել եք ֆիլմի ստեղծման պրոցեսին, ինչպիսի՞ն են եղել Ձեր ընդհանուր տպավորությունները:

-Գիտեք՝ ես էմոցիոնալ եւ շատ հուզված եմ եղել: Ինքս նկարահանվել եմ գաղթի տեսարաններում, մի դերասանուհու եմ մարմնավորել, ազդեցիկ կերպարի: Ես, անկեղծ ասեմ, լսել եմ ֆիլմի մասին ավելի վատ եւ լավ կարծիքներ, իսկ իմ տպավորությունը եղել է հուզական:

-Մշտապես հանդես եք գալիս անապահովներին ու հիվանդներին օգնելու վերաբերյալ հասարակությանն ուղղված կոչերով: Որոշ հայտնիներ սա անում են զուտ փիարի համար, իսկ Դո՞ւք:

-Ես փորձում եմ անել ամեն բան, որպեսզի իմ դստերը մեծացնեմ որպես կարեկցող մարդ: Դա է իմ հիմնական նպատակը: Ի դեպ, աղջիկս եւս նկարահանվել է «Հիշողություն» ֆիլմի մի փոքրիկ էպիզոդում, եւ դա պատահական չէր: Ես ուզում էի, որ նա այդ թեմայի վերաբերյալ պատկերացում ունենա:

-2015-ին Ձեզ ի՞նչ նոր կերպարներում կտեսնենք բեմում եւ էկրանին:

-Դրամատիկական թատրոնում գարնանը հանդիսատեսի դատին կհանձնվի իմ եւ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ «Կալիֆորնիական մեղեդիներ» գործի հիման վրա ներկայացում՝ տրագիկոմեդիայի ժանրում: Շուտով կսկսվեն նաեւ իրանահայ ռեժիսորի գեղարվեստական նոր ֆիլմի նկարահանումները: Նրանից եւս մի հրաշալի դերի առաջարկ ունեմ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս