ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ-ԿԳԲ-ԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ նախագահի ընտրությունների արդյունքները լուրջ ազդեցություն կունենան ոչ միայն այդ երկրի ներքաղաքական հարցերի, այեւ արցախյան հիմնախնդրի վրա: Նույնիսկ ՀՀ իշխանություններն են ժամանակ առ ժամանակ խոստովանում, որ ԼՂՀ-ն որոշ դեպքերում իր ժողովրդավարությամբ գերազանցում է ոչ միայն Ադրբեջանին, այլեւ անգամ Հայաստանին: Ուստի ժողովրդավարության նման մակարդակ ունեցող երկիրը չի կարող գտնվել այդ առումով ավելի ցածր մակարդակ ունեցող Ադրբեջանի կազմում:
Սակայն պարզվում է՝ ԼՂՀ իշխանությունների ժողովրդավարության մասին պնդումները երբեմն նույնիսկ միֆ են. նրանք այնքան են ժողովրդավարական, որքան ազատ ու թափանցիկ են անցնում ՀՀ ընտրությունները: Արտաքուստ ամեն ինչ հանգիստ է ու լավը: Բայց դա միայն արտաքուստ: Ղարաբաղցիները նախագահի ընտրությունների վերաբերյալ ուշագրավ փաստեր ներկայացրին մեր թղթակցին. իշխանությունները բանակը դարձրել են իրենց սեփականությունը, եւ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ զորամասերում սպաները գրանցված են որպես Արցախի քաղաքացի: Այս օրերին հրամանատարական կազմը ակտիվ քարոզարշավ է անում Բակո Սահակյանի օգտին: «Չնայած Վիտոն (Վիտալի Բալասանյանը) մեր մարտական ընկերն է, հերոս տղա, բայց մեր ձայնը պետք է տանք Բակո Սահակյանին»,-ասում են նրանք՝ հավելելով, որ Բակո Սահակյանը «տակից» ամեն ինչ անում է՝ վատաբանելու համար Վիտոյին, թե իբր նա «թույլ թեկնածու է», չի կարող մրցակից լինել:
ԼՂՀ-ն  նախկին «բանակ-պետությունից» վերածվել է «ԿԳԲ-պետության»: Իսկ ավելի կոնկրետ, տեղի բնակիչների պնդումներով՝ ԼՂՀ-ում ԱԱԾ նախկին պետ, ներկայիս նախագահ Բակո Սահակյանի շնորհիվ ամեն երրորդը ԱԱԾ գործակալ է՝ իհարկե բառի ոչ ուղիղ իմաստով: Մեր զրուցակից ղարաբաղցիները, որ հասկանալի պատճառով խնդրեցին իրենց անունները չհրապարակել, դժգոհում էին, որ Բակո Սահակյանն իրենց երկրի բնակիչներին դարձրել է սեփական բիզնեսների համար ծառայող սպառողների մի կույտ, իսկ այդ պայմաններում այնտեղ ներդրումներ կատարելը, ինքնուրույն բիզնեսով զբաղվելն անհնարին է: Բակո Սահակյանի բիզնեսի մեջ, թերեւս, մեծ դեր ունի հյուրանոցային բիզնեսը՝ հիմնականում Ստեփանակերտում:
ԼՂՀ-ում մեծ դժգոհություն է նաեւ ԼՂՀ վարչապետի քաղաքականության հանդեպ. քաղաքացիները պնդում էին, որ վարչապետի կողմից տարվող հարկային քաղաքականությունը «սպանում է» տեղական արտադրողին. հասարակ քաղաքացին, եթե ցանկանա զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, հարկային քաղաքականության արդյունքում ստիպված է դադարեցնել գործունեությունը: Փոխարենը վարչապետի եղբորն է տրված ԼՂՀ շինանյութ ներմուծելու իրավունքը: Իրենց հերթին հյուրանոց ունեն ԱԺ նախագահն ու փոխնախագահը: Արցախում ապրանքների գներն ավելի թանկ են, քան Հայաստանում, ներառյալ ծառայությունները՝ բջջային կապն ու ինտերնետը:
Սակայն շատ ավելի վտանգավոր են արտագաղթի այն մասշտաբները, որ կան ԼՂՀ-ում: Եթե զինադադարի կնքումից հետո ՀՀՇ իշխանությունները ծրագրավորված վերաբնակեցնում էին Ղարաբաղն ու ազատագրված տարածքները, ապա այսօր երկիրը դատարկվում է: «Ղուկասյանի ժամանակ էլի հույս կար, էն էլ շատ բան չէր անում, բայց մարդիկ ազատ էին, հիմա եկել է էս «ԿԳԲ-շնիկն» ու դարձրել է երկիրը մեծ գաղութ, երկու տղա ունեմ, երկուսն էլ արդեն երրորդ տարին է, ինչ կողքս չեն, թոռներիս տարիներով չեմ տեսնում,  էն ժամանակ ավելի ազատ էինք, երբ պատերազմ էր, քան թե հիմա»,-դժգոհեց մի տարեց բնակիչ:
Հ.Գ Սովորաբար մեզանում ընդունված է, որ Արցախի եւ հայոց բանակի մասին պետք է խոսել կա՛մ լավը, կա՛մ ոչինչ: Բայց ոչ միշտ է, որ լռությունը նպաստում է գոյություն ունեցող խնդրի կարգավորմանը: Եւ հենց այս ամենը հաշվի առնելով ու իմանալով, որ Երեւանից ժամանած լրագրողներ ենք, արցախցիներից շատերը խնդրում էին, որպեսզի Սերժ Սարգսյանին հասցնենք Արցախում տեղի ունեցող իրական վիճակի մասին տեղեկություններ: Մոտ ժամանակներս «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար կանդրադառնա արցախյան զարգացումներին. մեր թղթակիցներն արդեն մի քանի օր է՝ այնտեղ են:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս