Հունվարի 28-ին ԵԽԽՎ-ում ՌԴ-ի պատվիրակությանը ձայնից զրկելու քվեարկությանը Հայաստանի պատվիրակության դիրքորոշումը մինչ օրս անհասկանալի է մնում, քանի որ պարզ չէ, թե, ի վերջո, հայկական պատվիրակությունը ինչի՞ն է դեմ եւ ինչի՞ն է ձեռնպահ քվեարկել: Բանն այն, որ քվեարկության է դրվել մի բանաձեւ, որով դատապարտվել էր Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, ինչին հայկական պատվիրակությունը ձեռնպահ է քվեարկել, սակայն այդ փաստաթղթի մեջ ներառված է եղել նաեւ ՌԴ-ին ձայնից զրկելու որոշումը: Հայկական պատվիրակությունը պնդում է, որ իրենք դեմ են քվեարկել ՌԴ-ին ձայնից զրկելու որոշմանը, իսկ ձեռնպահ քվեարկությունը վերաբերում էր բացառապես Ղրիմի բռնակցմանը:
Եւ այսպես՝ «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ հայկական պատվիրակությանը ՀՀ-ից «հրահանգել» են «ձեռնպահ» քվեարկել այն փաթեթին, որը վերաբերում է ՌԴ-ին` այդ կերպ ազատվելով բոլոր «գլխացավանքներից»: Պատահական չէր նաեւ այն հանգամանքը, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության Ստրասբուրգ մեկնելուց մեկ օր առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդակցություն էր հրավիրել, որին անձամբ ներկա էր նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Պարզվում է՝ վերջիններս հավաքվել էին խելք խելքի տալու եւ հասկանալու համար, թե ինչպես կարող են «խուսափողական» քվեարկությամբ միանգամից երկու նապաստակ որսալ: Արդյունքում՝ Հայաստանի պատվիրակությունը կարողացավ նման արդյունք գրանցել:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի հետ՝ պարզելու համար, թե արդյո՞ք հայկական կողմին հաջողվել է այդ հարցում հաջողություն գրանցել:
-Պարո՛ն Սաֆարյան, ԵԽԽՎ հայկական պատվիրակության քվեարկությունը՝ ՌԴ-ին ձայնից զրկելու հետ կապված, քաղաքական դաշտում անհասկանալի է մնում: Դուք պարզել ե՞ք, թե, ի վերջո, ինչպե՞ս է հայկական պատվիրակությունը վարվել:
-Ինձ թվում է՝ ճնշումներ ունենք հյուսիսից, ու ակնհայտորեն նրանք ստիպված են հրապարակավ սրբագրել, խմբագրել իրենց պահվածքը, թերեւս այլ կերպ սա չես բացատրի: Անկեղծ ասած՝ սա արդյունք է այն քաղաքականության, որը որեւէ սկզբունք չի ճանաչում: Խնդիրը Հայաստանի ՌԴ-ից կախվածության մեջ չէ, այստեղ խնդիրը նրա մեջ է, որ Հայաստանում էլ չգիտենք, թե ինչպիսի արժեքային կողմնորոշիչներ ունի մեր արտաքին քաղաքականությունը եւ դրա մաս կազմող խորհրդարանական դիվանագիտությունը: Եթե կողմնորոշում ունենայինք, ապա կկարողանայինք հասկանալ, թե չէ այս կերպ տգեղ իրավիճակ է, եւ կարծում եմ, որ իրենք չպետք է թույլ տային, որ այս իրավիճակը ստեղծվի: Ես ինքս եմ այցելել կայք ու տեսել այն քվեարկությունը, որն իրականացրել են, ու կարծես, թե իրենք քվեարկել են ձեռնպահ, հետեւաբար այս անլուրջ պատմությունը, կարծում եմ, չպետք է լիներ:
-Նշեցիք, որ հայկական պատվիրակությունը ստիպված է խմբագրել իր արածները, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են նրանք այժմ արդարանում, կարծես թե այս անգամ հայկական պատվիրակությունը ճիշտ քվեարկություն է կատարել:
-Ընդհանրապես վեհաժողովներին մեր գորշ մասնակցությունը, ցավոք սրտի, թույլ չի տալիս ավելին ասելու, որովհետեւ այնպես չէ, որ իրենք ինչ-որ ելույթ են ունեցել, ու կարելի է դրանից եզրակացնել իրենց տեսակետը: Իրենք անգամ ելույթ չեն ունեցել՝ պարզաբանելու համար, թե ինչի՞ն են դեմ կամ ինչի՞ն են ձեռնահ, ես դա եմ ուզում հասկանալ: Հետեւաբար ինձ թվում է՝ փորձում են ՌԴ-ի առջեւ արդարանալ, գուցե բացատրություններ պահանջվեն: Մեղմ ասած՝ այս ամենն անլրջություն է, ես կոչ կանեի այդպես չանլրջացնել այդ մանդատը:
Ես կարծում եմ, որ նրանք ամենեւին պատահական չեն քվեարկել ձեռնպահ, այսինքն՝ Երեւանում կայացված է եղել այդ որոշումը, որը փոխանցվել է Ստրասբուրգ, կամ իրենք են իրենց հետ այդ որոշումը տարել Ստրասբուրգ: Բայց ակնհայտորեն ինչ-որ բան է տեղի ունեցել, ինչ-որ բացատրություններ են պահանջվել կամ կպահանջվեն եւ, հետեւաբար, փորձում են արդարանալ: Եվրոպայի խորհրդարանական վերաժողովը մի հարթակ է, որտեղ սովորեցնում են ժողովրդավարություն, եւ ոչ թե սովորում են միմյանցից, այլ սովորեցնում են ուրիշներին:
-Կարծես թե անհասկանալի քվեարկություն են իրականացրել նաեւ ԵԽԽՎ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակները: Եթե Թուրքիայի պատվիրակներից ոչ բոլորն են հանդես եկել ռուսամետ դիրքերից, ապա Ադրբեջանի պատվիրակությունը դեմ է քվեարկել, ավելին` պատվիրակության ղեկավարը հանդես է եկել բոցաշունչ ելույթով` դատապարտելով ՌԴ-ին ձայնից զրկելու որոշումը: Դա ինչո՞վ եք պայմավորում:
-Գերազանցապես դա եղել է Ռուսաստանի աջակցությամբ, դա միանգամայն սպասելի էր, քանի որ ռուս-թուրքական, ադրբեջանական մերձեցումը եւ հակաարեւմտյան դիրքորոշումը թերեւս նման ռեալ հետեւանքի համար բավարար էին:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ