
Վրաստանի «Միացյալ ժողովրդավարական շարժման» ղեկավար Նինո Բուրջանաձեն մեղադրում է Վրաստանի ներկայիս իշխանություններին նախկին իշխանություններից տուժածներից շատերին խաբելու ու արդարության վերականգնման խոստումները չիրականացնելու մեջ: Վրացական օրաթերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ Բուրջանաձեն, պատասխանելով Յուրի Վազագաշվիլիի մահվան վարկածի մասին հարցին, նշել է, որ Ռուսաստանից «ահաբեկչության» կազմակերպման վարկածը, որը ներկայացնում է «Միասնական ազգային շարժումը», ծիծաղելի է ու ամոթալի:
Բուրջանաձեն նաև կանխատեսում է, որ Վրաստանում մոտ ապագայում հեղափոխություն կսկսվի:
«Աստված չտա, որ կանխատեսումներս արդարանան, սակայն 6 ամսից Վրաստանում չափազանց ծանր գործընթացներ կզարգանան»,- հայտնել է Բուրջանաձեն: Նա պարզաբանել է, որ ի նկատի ունի հեղափոխական գործընթացներն ու չափազանց ծանր հակամարտությունները:
Ստեղծված իրավիճակից միակ ելքը Բուրջանաձեն համարում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նա հույս է հայտնել, որ հանրությունը ճիշտ եզրակացություն ու ճիշտ ընտրություն կկատարի: