Հուլիսի 16-ին Գյումրիում՝ Շիրակացի փողոցի տնակային թաղամասում, հերթական սարսափազդու դեպքն է տեղի ունեցել: 14-ամյա Հասմիկ Պիչոյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մոր՝ Ժաննա Հակոբյանի հետ, այնուհետեւ խոհանոցային դանակով հարվածել նրան: Բարեբախտաբար, կինը չի մահացել:
Ժաննա Հակոբյանը բուժօգնության է դիմել Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Բուժօգնությունը ստանալուց հետո անմիջապես դուրս է գրվել:
Ըստ պաշտոնական տեղեկության՝ ՀՀ ոստիկանություն դիմել է Ժաննա Գեւորգի Հակոբյանը՝ պատմելով իր անչափահաս դստեր կատարած հանցանքի մասին: Դեպքի առթիվ Գյումրու ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Կատարված նախնական ուսումնասիրությունները պարզել են, որ Ժ. Հակոբյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Նա գրանցված է Հոգեկան առողջության կենտրոնում եւ պարբերաբար բուժում է ստանում: Կինն ամուսնալուծված է, իսկ նրա միակ դուստրը Նանսենի անվան գիշերօթիկ դպրոցի սան է: Նրանք ապրում են սոցիալապես ծանր պայմաններում:
Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Կարեն Հովհաննիսյանը ներկայացրեց մինչ այժմ հայտնի որոշակի մանրամասներ. «Ասեմ ձեզ, որ դեպքը կատարվել է կենցաղային հողի վրա: Աղջիկը ցանկացել է պահածոյացնել հավաքած բալը: Վիճաբանությունը սկսվել է նրանից, թե ինչպես է շաքարավազ գնելու: Մյուսը թե՝ պարտքով, էն մեկն ասել է՝ մենք շատ պարտք ունենք, հացի փող չունենք, դու շաքարավա՞զ ես գնում եւ այլն: Արդյունքում տնակի դիմացի հատվածում խոհանոցային դանակով վնասվածք է հասցրել մոր թիկունքի ձախ հատվածին»:
Հավելենք, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պարզվելու է պատճառված վնասի ծանրության աստիճանը, եւ ըստ այդմ՝ օրենքով սահմանված կարգով կորոշվի 14-ամյա Հասմիկ Պիչոյանի ճակատագիրը:
Հ.Գ. Ինչքան ցավալի է, որ մեր երկրում 14-ամյա աղջիկն է շաքարավազ գնելու պատրաստակամություն հայտնում թեկուզ պարտք վերցնելու ճանապարհով: Իսկապես, ձախորդ օրեր են:
ԲԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ